Հայ Առաքելական եկեղեցին և նրա սպասավորները վերջին օրերին հայտնվել են Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքացիական կնոջ՝ Աննա Հակոբյանի թիրախում։ Վերջիններս սկզբում անհասցե, իսկ ավելի ուշ արդեն անվանական սպառնալիքներ, զգուշացումներ էին ուղղում հոգևորականներին, սեռական բնույթի բառապաշարով մեղադրում նրանց կուսակրոնության ուխը խախտելու մեջ, ինչը ամբողջ երկրում մեծ աժիոտաժ ու դժգոհություն է առաջացրել։ Ավելի ուշ այս «խրախճանքին» միացան նաև ՔՊ-ականները ձգտելով ամեն կերպ հաճոյանալ սեփական առաջնորդին և վերջինիս կողակցին։
Մինչ հայ հանրությունն ու փորձագիտական դաշտը վերջին օրերին շոկ մեջ ընկած փորձում են փորձում են հասկանալ այդ թիրախավորումների շարժառիթները,
Oragir.News-ը առանձնացրել է Նիկոլ Փաշինյանի իշխանության հակաեկեղեցական քայլերն, ինչպես նաև վերջինիս կողմից նման երևույթները խրախուսելու միտումները․
Իշխանափոխությունից բառացիորեն օրեր անց ստեղծվեց տխրահռչակ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնությունը, որի անդամները 2018-ի հուլիսի 14-ին Գնդեվանքում շրջափակել էին Վեհափառի մեքենան, թույլ չէին տվել, որ նա անցնի, ավելի ուշ՝ նույն թվականի հոկտեմբերի 31-ին փորձել էին ներխուժել վեհարան և միայն ոստիկանության միջամտության շնորհիվ էր դա կանխվել։ Թեպետ ՔՊ-ականներն ամենաբարձր մակարդակով հերքեցին իրենց մասնակցությունն այս միջադեպերին, սակայն այդ հերքումները հանրությանն առանձնապես հավատ չներշնչեցին, քանի որ Փաշինյանի գլխավորած կառավարությունը հրաժարվեց Վեհափառին պետական պահպանություն տրամադրել։ Բացի այդ, շարժման ամենաակտիվ անդամներից մեկը՝ Կարեն Պետրոսյանը, նշանակվեց ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրենի ԺՊ և առ այսօր շարունակում է պաշտոնավարել։
2018-ի հոկտեմբերից հետո իրավիճակը որոշ չափով հանդարտվեց, ու հաջորդող 2019-2020 թվականներին Հայ Առաքելական եկեղեցին հիմնականում զերծ մնաց թիրախավորումներից, թեպետ իշխանության ներկայացուցիչներն իրենց հրապարակային խոսքում եկեղեցականներին կսմթելուց զերծ չէին մնում։ Այս տարիներին քաղաքական իշխանություններն ու հոգևոր վերնախավը միասին տարբեր միջոցառումների էին մասնակցում, ժամանակ առ ժամանակ հանդիպումներ ունենում, ու տպավորություն էր, թե վերջիններիս հաղթահարել են առկա լարվածությունը։
Հայ Առաքելական եկեղեցին կրկին հայտնվեց իշխանությունների թիրախում 2020 թվականի 44-օրյա աղետալի պատերազմից հետո, երբ հոգևոր վերնախավը՝ Վեհափառ հայրապետի գլխավորությամբ պահանջեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ 2020-ի նոյեմբերից հետո աշխարհիկ ու հոգևոր իշխանություններն այլևս միմյանց հետ միջոցառումների չմասնակցեցին, իսկ հոգևոր վերնախավը տարբեր առիթներով, այդ թվում 2021-ի ընտրություններում Փաշինյանի վերընտրությունից հետո ժամանակ առ ժամանակ վերահաստատում էր այդ կոչը։ Այս շրջանում եկեղեցուն ու բարձրաստիճան հոգևորականներին հիմանականում ՔՊ-ի իրական ու ֆեյք աջակիցներն էին թիրախավորում, սակայն երբեմն նաև մանր ու միջին ՔՊ-ականներն էլ իրենց այդ գայթակղությունից չէին զրկում՝ եկեղեցուն ու եկեղեցականներին զանազան մերկապարանոց մեղադրանքներ վերագրելով։
Այս լարվածությունը նոր փուլ թևակոխեց 2023-ի վերջին՝ Արցախի բռնազավթումից հետո, երբ ի տարբերություն քաղաքական իշխանությունների՝ հոգևոր վերնախավը դատապարտում էր Ադրբեջանի գործողությունները և առարկայական գնահատական տալիս դրանց։ Եկեղեցու հանդեպ իշխանությունների անհանդուրժող վերաբերմունքին հանրությունն ականատես եղավ տարեմուտի գիշերը, երբ Հանրային հեռուստաընկերությունը կեսգիշերից առաջ չհեռարձակեց Վեհափառի ամանորյա ուղերձը։ Անկախությունից ի վեր՝ բոլոր հեռուստաընկերությունները, այդ թվում Հ1-ը Վեհափառի ուղերձը հեռարձակում էր պետության ղեկավարների ուղերձից անմիջապես առաջ, սակայն 2023-ին հանրության հարկերից սնվող այս լրատվամիջոցն առաջարկեց դա անել Լուրերի գլխավոր թողարկման ընթացքում (մեկնարկում է ժամը 21։00-ին), ինչը Մայր Աթոռն անընդունելի էր համարել։
Իշխանությունների կողմից Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ առավել անհանդուրժող կեցվածքի ականատես եղանք նախորդ տարի, երբ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը դեմ դուրս եկավ համանուն մարզի 4 ոչ անկլավային գյուղերն Ադրբեջանին հանձնելու որոշմանը և նախաձեռնեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը։ Այդ օրերին իշխանականներն ամենաբարձ մակարդակով սկսեցին թիրախավորել եկեղեցուն ու ամենատարբեր մեղադրանքները հնչեցնել․ ՔՊ-ականները պնդում էին, թե Բագրատ Սրբազանը «մտադիր է Հայաստանը կրոնապետության վերածել», «եկեղեցին հարկեր չի վճարում» և այլն՝ զերծ չմնալով նաև անվայելուչ բառապաշար գործածելուց։ Բացի այդ, շարժման ընթացքում՝ 2024-ի մայիսի 28-ին, ամոթալի միջադեպ տեղի ունեցավ․ Նիկոլ Փաշինյանի ժամանելուց առաջ սև բերետավոր ոստիկանները խոչընդոտել են Գարեգին 2-րդ Ամենայն Հայոց կաթողիկոսի և սրբազան հայրերի մուտքը Սարդարապատի հուշահամալիր:
Այսպիսով՝ համադրելով հիշյալ իրողությունները՝ գալիս ենք այն եզրակացության, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ի սկզբանե եղել է հակաեկեղեցական։ Փաշինյանի իշխանության հակաեկեղեցականությունը տարբեր դրսևորումներ է ունեցել, այն առավել կոշտ ու անհանդուրժող բնույթ է ստացել հատկապես այն ժամանակ, երբ Հայ Առաքելական եկեղեցին հստակ դատապարտել է իր վարած քաղաքականությունը, ուշադրություն հրավիրել այն սպառնալիքներին ու մարտահրավերներին, որոնց բախվելու է հայ ժողովուրդը՝ հիշյալ որոշումների իրագործման հետևանքով։