Ուղիղ եթեր
Միտք Ներքին 1 տարի առաջ - 14:25 23-05-2025

Արցախցիների վերադարձի հարցը կարագացնի խաղաղության կնքումը

Արցախցիների վերադարձի թեման առաջիկայում, հնարավոր է՝ կմտնի միջազգային օրակարգ։ Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում օրեր անց, մայիսի 26-ին աշխատանքներն է սկսելու «Շվեյցարիայի խաղաղության նախաձեռնությանն» աջակցող 19 պատգամավորներից կազմված միջկուսակցական հանձնախումբն՝ օժանդակելու արցախահայության վերադարձի իրավունքի իրացման համար միջազգային անհրաժեշտ մեխանիզմներ կենսագործելու մասին՝ Շվեյցարիայի խորհրդարանի վերին պալատի մարտի 18-ի որոշմանը, ինչը երկրի գործադիր իշխանության համար ունի իրավակիրառ պարտադիր նշանակություն:

Այս նախաձեռնությունը հույս է ներշնչում, որ արցախցիների վերադարձի հարցն առաջիկայում միջազգային հանրության ուշադրության կենտրոնում կարող է հայտնվել և համապատասխան մեխանիզմներ կարող են ստեղծվել, որոնք թույլ կտան բռնի տեղահանված արցախցիներին վերադառնալ Արցախ։

Հարկ է հիշել նաև, որ դեռևս 2024-ի օգոստոսի 5-ին Հարավային Կովկասում ԵՄ նախկին հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն էր անդրադարձել խնդրին, ակնկալելով, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո Բաքվի և արցախահայերի միջև ուղիղ բանակցություններ տեղի կունենան իրենց անվտանգ և արժանապատիվ վերադարձի շուրջ։

Ներկայում խաղաղության պայմանգրի տեքստը համաձայնեցված է։ Փորձագիտական վարկած կա, թե Ադրբեջանը չի ուզում ստորագրել, ոչ թե այն պատճառով, որ ՀՀ սահմանադրության նախաբանում Արցախի մասին տող կա, ոչ էլ այն պատճառով, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը խորհրդանշում է խնդրի գոյության մասին, այլ ադրբեջանիցները վախենում են արցախցիների վերադարձից, որն օրակարգ է գալու պայմանագրի ստորագրումից հետո։ Այսինքն՝ ադրբեջանիցները ձգձում են ստորագրելը, որ հայերը մոռանան Արցախ վերադառնալու մասին։

Այս տրամաբանությամբ՝ ՔՊ-ակաները կարծում են, թե արցախցիների վերադարձի թեման օրակարգ բերելը կարող է խոչընդոտել պայմանագրի ստորագրումը, ձգձգել այն։ Սակայն Շվեյցարիայի խորհրդարանականների նախաձեռնությունը վկայում է, որ նույնիսկ եթե հայերը մոռանան թեման կամ փորձեն անուշադրության մատնել, ապա միջազգային հանրությունը հետամուտ է լինելու։

Արևմուտքը բազմիցս ապացուցել է, որ շահագրգիռ է տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ։ Հետևապես՝ շվեյցարիացիների նախաձեռնությունը հիմք է պնդելու, որ արցախահայերի վերադարձի թեման միջազգային հանրության քննարկման առարկա դարձնելն այսօր ոչ թե կխոչընդոտի խաղաղությանն, ինչպես կարծում են ՔՊ-ականները, այլ էապես կարագացնի պայմանագրի ստորագրումը։ Այսինքն՝ Բաքվի կողմից պայմանագրի ստորագրումը ձգձգելը կդառնա անիմաստ, երբ վերջինս տեսնի, որ հարցի շուրջ միջազգային քննարկումներ են տեղի ունենում, միջազգային նոր կառույցներ են ձևավորվում, կոնկրետ քայլեր են արվում։

Ինչպես և ակնկալվում էր, արցախցիները համարժեք արձագանքում են միջազգային ազդակներին։ Մայիսի 21-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովը արտահերթ նիստ է գումարել և ԱԺ նախագահ է ընտրվել «Ազատ Հայրենիք» խմբակցության պատգամավոր Աշոտ Դանիելյանը: Սպասվում է, որ առաջիկա օրերին կընտրվի նաև Արցախի նոր նախագահ։ Այնուհետև արցախցիները պատվիրակված կամ ուղղակի ստորագրություններով կօժտեն Արցախի ԱԺ նորընտիր նախագահին, Արցախի հաջորդ նախագահին ժողովրդի անունից հանդես գալու, անհրաժեշտության պարագայում՝ բանակցելու լիազորություններով։ Վերջիններս էլ միջազգային կառույցներում, ատյաններում կկարողանան բարձրացնել արցախցիների վերադարձի, նրանց իրավունքների վերակագնման և ազատությունների հարցը։

Կարճ ասած՝ ողջամիտ լավատեսություն կա, որ առաջիկայում հնարավոր է էական առաջընթաց կլինի ոչ միայն խաղաղության պայմանագրի ստորագրման, այլև արցախահայերի վերադարձի հարցի լուրջ քննարկման առումով։ Եվ եթե Արցախի նոր լեգիտիմ ներկայացուցիչները չկրկնեն իրենց նախորդների աղետալի սխալները, ապա միջազգային հանրության օժանդակությամբ գուցե հնարավոր կլինի կազմակերպել նրանց արժանապատիվ վերադարձը, վերականգնելով նրանց գույքային իրավունքները, ազատություններն ու անվտանգությունը միջազգային մանդատի ներքո։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

22:32 Սոֆի Դևոյանը ցույց է տվել, թե ինչպես են տոնել Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ ծննդյան օրը
22:59 Թող ազատեն քաղաքապետին, որ նա Գյումրին կսկսի շենացնել. Ավետիս Առաքելյանի արձագանքը` Փաշինյանին
13:27 Գագիկ Ծառուկյանը կխնդրի, ստոյկա կտա, որ իրեն գործարք առաջարկեմ. ծնկաչոք ընդառաջ կգար էդ գործարքին. Փաշինյան
09:32 Ռուս զինվորականները Նռնաձորի ճանապարհին կանգնեցնում են ՀՀ քաղաքացիների մեքենան՝ արգելափակելով նրանց մուտքը՝ Նռնաձոր. Ժիրայր Ոսկանյան
19:28 Հունիսի 2-ին մահացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել. ԶԼՄ
22:52 Ադրբեջանը հայտարարել է իր վերահսկողության տակ գտնվող Սոթքի հանքավայրի հատվածում մեկ միլիոն ունցիա պաշարների մասին
17:44 Լսել են ոսկորիս խրթոցը, շուրջբոլորն արյուն էր. Լուսինե Հայրապետյանը Բալիում վիրահատվել է
20:48 Ռուբեն Վարդանյանի կինը շնորհակալություն է հայտնել աջակցության համար
09:00 Ո՞ւմ ատամն են սարքել պետության հաշվին․ Փաշինյանի աշխատակազմը սև ցուցակում հայտնված ՍՊԸ-ի հետ պայմանագիր է կնքել
23:32 Արթուր Օսիպյանն ազատ արձակվելուց հետո հայտարարել է Նիկոլ Փաշինյանի դեմ դատական հայցի մասին