Գումար ունես՝ չես ծառայում, չունես՝ գնում ես սահման. Հայկ Նահապետյան
copy image url

Գումար ունես՝ չես ծառայում, չունես՝ գնում ես սահման. Հայկ Նահապետյան

Ներքին 3 ժամ առաջ - 18:24 15-05-2025
«Մենք պատերազմի մեջ ենք, որովհետև այսպես կոչված՝ խաղաղության պայմանագիր կամ համաձայնագիր չի կնքվել։ Եվ պատերազմի մեջ գտնվող երկրի քաղաքացին իր սահմանադրական և հայրենասիրական պարտքը կարող է չկատարել՝ գումարով ազատվելով։ Չեք կարծո՞ւմ, որ դա սոցիալական լուրջ ներքին ընդվզում կարող է առաջացնել։ 2-րդը՝ երկրի քաղաքացիները, հատկապես՝ տարիքով ավագները, չեն ցանկանա, որ իրենց զավակները ծառայեն բանակում»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը, մեկնաբանելով ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանի առաջ քաշած օրինագիը, որով ժամկետային զինծառայողները կարող են ընտրել հետևյալ երեք տարբերակներից որևէ մեկը․ ծառայել 24 ամիս և ստանալ բարձր դրամական ապահովություն պետության կողմից, ծառայել 6 ամիս և պետբյուջե վճարել 15 միլիոն դրամ, ծառայել 1 ամիս և պետբյուջե վճարել 20 միլիոն դրամ։

Փորձագետի կարծիքով ՝Հայաստանում գործարաններ չկան, բայց տեսականորեն պատրաստում են բանվորա-գյուղացիական բանակ, և նրա համոզմամբ՝ նրանք, ովքեր ունեն գումար, իրենց զավաններին ծառայությունից ազատում են։ Իսկ Հայաստանում փոխանակ ուժեղ բանակ ստեղծելուն, ոստիկանական ուժերի քանակն են ընդլայնում և նրանց աշխատավարձերը բարձացնում, պարգևավճարներ տալիս։

«Ժամկետային զինծառայության տարիքը՝ 27-ից 37 են տանում։ Ինչի՞ համար. Որովհետև անձնակազմը չի բավարարում կատարելու այն մարտական խնդիրը, որը երկրի ռազմական ղեկավարությունն առաջադրում է զինված ուժերի առջև։ Պետք է ոչ թե տարիքային շեմը բարձրացնել, ոչ թե գումարով ազատվել, այլ նախ ստեղծել առավելագույն սոցիալական նպաստավոր պայմաններ զինծառայողների համար, մոտիվացիոն դաշտ։

Այսինքն՝ իրականում պատերազմներում բախվում են տեխնիկաները, բայց հաղթում է մարդը։ Սոցիալական ասելով՝ նկատի ունեմ, դրամական բավարարումը, ընտանիքի անդամների համար լուրջ սոցիալական փաթեթը, բնակարանով ապահովումը, առողջապահական, կրթական խնդիրների լուծումը, ընտանիքի անդամների աշխատանքով ապահովելն, իհարկե, շատ էական են։ Այսինքն՝ իրականում պետք է բարձրացնել զինծառայողի մոտիվացիան։ Բացի հայրենասիրական պարտքը կատարելուց, պետք է սոցիալական լուրջ փաթեթ ներդնել։ Օրինակ՝ հիմա սոցիալական լուրջ փաթեթ իշխանությունները ներդրում են ոստիկանության համար։ Ինչո՞ւ․ Որովհետև ոստիկանությունն իր ձեռքի մահակն է սեփական ժողովրդի գլխին»։

Հայկ Նահապետյանի խոսքով՝ հիմա ուղղակի, ինչպես ասում են՝ կոռուպցիան օրինականացրել են։ Նրա կարծիքով՝ սա ոչ այլ ինչ է, քան բանակի կազմաքանդման հիմք, որն առաջին հերթին մեր ոչ բարեկամ երկրներին՝ Ադրբեջանին և Թուրքիային է ձեռնտու։

«Ես սկզբունքորեն չեմ բացառում, որ սա կանխամտածված գործունեություն է, ոչ թե իրենց դիլետանտության արդյուք։ Գումար ունես՝ վճարի, մի գնա բանակ; Բայց սոցիալական արդարությունը՝ պատերազմող երկրում, շատ կարևոր գործոն է։ Եթե սոցիալական արդարությունը վերանում է, եթե երկրի քաղաքացին տեսնում է, որ ունևորի զավակը չի ծառայում, վայելում է կյանքը, իսկ չունևորինը գնում է, սահման է պահում, վտանգում է կյանքը, ապա առավելագույնն, ի՞նչ կարող է անել այդ երկրի քաղաքացին, պարզ է՝ Հայաստանի Հանրապետության տարածքը լքել։ Էդ որոշումն իրականում ժողովրդագրական լրջագույն վտանգ է մեր երկրի, մեր պետականության համար»,- եզրափակեց ռազմական փորձագետը։

Ձեզ գուցե հետաքրքրի