ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելույթը․
«Սիրելի հայրենակիցներ,
Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցն ենք քննարկում մի դահլիճում, ուր սուտը, հայհոյանքը, ատելության ու թշնամանքի խոսքը սովորական են, բռնությունն էլ՝ լեգիտիմ:
Սա այն ամբիոնն է, որտեղից քաղաքական մեծամասնությունը ոչ միայն քաջություն չունի խոստովանելու, թե իր թիմի սեփական զրոյական կետը պատմական ինչ ողբերգության հանգեցրեց, այլև մեղավորների նշանակման արշավում հասել է Խորենացուն։
Երեկ, քպ- վերնախավից մեկն այս ամբիոնից գոհունակություն հայտնեց, թե «լավ է, էլ ընդդիմությունը Արցախից չի խոսում»։ Եվ խնդիրը ոչ թե սուտ հաստատումն է, այլ այս դիվային նախադասությունը բարձրաձայնելու թեթևությունը՝ ասես վերջինիս կատարյալ երջանկությանը Արցախի Ցեղասպանությունն էր պակասում։
Եվ, բնականաբար, այս միտքը սերվել է Փաշինյանի «Երբեք այսքան սուվերեն չենք եղել» համոզումից»:
Այո, Պրն Կոնջորյան, մի՞թե ձեզ համար պարզ չէ, որ իրական ու պատմական Հայաստանի հակագիտական հակադրությունը, Հայոց Ցեղասպանությունը հարցականի տակ դնելը, ազգային ինքնութենական արժեքների թիրախավորումը, անպատժելիության և ամենաթողության մթնոլորտը խեղում են հայ հավաքականության քաղաքակրթական և մշակութային ընդհանրությունը։
Մի՞թե պարզից էլ պարզ չէ, որ կրթության նորաձևության արշավը նախընտրական քարոզարշավ լինելուց զատ, նաև ազգային տրանսֆորմացիային ծրագիր է։ Ձեր առաջնորդը չի էլ թաքցնում։
Եվ ես և ինձ նման հազարներ քաղաքակրթական ընդհանրություն չունենք այն վարչապետի հետ, ով օրերս այս դահլիճում տեսախցիկների առջև իր քաղաքական օպոնենտների հասցեին, որոնց թիկունքում 300 000 -ից ավելի ՀՀ քաղաքացիներ են, հինգ րոպե շարունակ հնչեցրեց՝ «Վեր ընկեք տեղներդ, համբալ, ձեններդ կտրեք, կկոխեմ ԱԱԾ պադվալներ և այլն»։
Ես և ինձ նման հազարներ քաղաքակրթական ընդհանրություն չունենք այն տեսակի հետ, ով դատավորներին վնգստացող է ասում, դատարանները շրջափակելու հրանգ տալիս կամ անարգում Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին։
Ես և ինձ նման հազարներ քաղաքակրթական ընդհանրություն չունենք այն տեսակի հետ, ով թքում է ՀՀ քաղաքացու երեսին, մնում անպատիժ, ու դեռ մի կին պատգամավորի հասցեին էլ հնչեցնում, թե քո վրա թքող չկա։
Ես և ինձ նման հազարներ քաղաքակրթական ընդհանրություն չունենք այն տեսակի հետ, որի շարասյան անիվների տակ հղի կին է տապալվում, ու մնում անպատիժ։
Ես և ինձ նման հազարներ քաղաքակրթական ընդհանրություն չունենք այն տեսակի հետ, որը շնագայլի ոհմակով, ոստիկան լինի, թե՝ թաղապետ, հարձակվում է ՀՀ քաղաքացու վրա ու մնում անպատիժ։
Ի վերջո, ես և ինձ նման հազարներ քաղաքակրթական ընդհանրություն չունենք այն տեսակի հետ, ով հարցականի տակ է դնում Երրորդ Հանրապետության ծննդականը՝ Անկախության հռչակագիրը։
Այս ցանկը կարելի է երկար շարունակել, և պիտի կույր լինել չտեսնելու օրեցօր խորացող ներազգային պառակտվածության վիհը։ Նաև կույր պիտի լինել՝ չտեսնելու, թե պառլամենտական երկրի հենց այս գլխավոր ամբիոնը ատելության, թշնամանքի, ոչ պրոֆեսիոնալիզի ու ապապետականության ինչ գեներատոր է։
Եվ ինչ արհամարհանք կա երկում ԱԺ ինստիտուտի նկատմամբ․․․
Անպատժելիությունն ու անարդարությունը կերել են երկիրը։
Անգամ միջազգային կառույցներն են արձանագրում գործադիրի ձեռքում իշխանության կենտրոնացումը, բռնությունները, դատական ոլորտի բարեփոխումների տապալումը, մարդու իրավունքի և հիմնարար ազատությունների ոտնահարումները:
Այն, որ իշխանությունների ուժի աղբյուրը ոստիկանապետությունն է, քաղաքական հակառակորդների դեմ հալածանքներն են ու դատաիրավական համակարգի կամայականությունները, հաստատվեց նաև Քննչական կոմիտեի նախագահի խոսքով։
Հանրահավաքներում ոստիկանականության անիրավաչափ գործողությունների, բռնությունների, ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ խոշտանգումների, արգելված լուսաձայնային նռնակների ապօրինի կիրառման դեպքերով որևէ
ոստիկանի նկատմամբ մեղադրանք չի հարուցվել, այն դեպքում, երբ վերջիններիս ոհմակային հարձակումները արձանագրված են: 200-ի հասնող կալանավորված ակտիվիստներին, որոնց խոշտանգումը նաև բաժիններում է շարունակվել, մեկն էլ իմ ներկայությամբ:
Այն, որ իրավապահ մարմինների բռնությունների դեմ բացակայում են արդյունավետ պատասխանատվության մեխանիզմներ, արձանագրել է նաև Human Watch-ի 2025-ի զեկույցը:
Շատ եմ անդրադարձել Կալանքի՝ որպես խափանման միջոցի ֆետիշացմանը: Հակառակ ՍԵՊԱ պարտավորությունների 2023-ի համեմատությամբ այն աճել է 12%-ով: Վերջինը օրերս Գյումրիում նվաստացված, գիշերազգեզտով կալանավորված կնոջ դեպքն է:
Պրն. Կոնջորյան, սրա հետ էլ չեմ կարող քաղաքակրթական ընդհանրություն ունենալ։ Իսկ դուք ՔՊ-ական կին պատգամավորներ՝ արդարանում եք, թե համբալը չեք լսել ու չեք տեսնում ոստիկանական ամենաթողությունը․․․
Եվ այս, նաև ընդհանրական համոզումի միջավայրում, որ Հայաստանում մարդը պաշտպանված չէ, քննում ենք ՄԻՊ տարեկան զեկույցը։
Տկն Մանասյան, հարց ունեմ.
ՄԻՊ-ինստիտուտի գոյությունը և ձեր 916 էջանոց տարեկան հաղորդումն ի՞նչ են փոխում մեր կյանքում: Պատասխանը գտնում եմ հենց այդտեղ՝ ձեր 365 առաջարկություններից ընդունվել են ընդամենը 45-ը։
Բնականաբար, անվտանգային ու բարոյական խորը ճգնաժամ ապրող երկրի խնդիրները ձեր վրա բարդելու կանխակալություն չունեմ:
Բայց այդ դուք եք հպարտորեն հայտարարել, որ ոլորտի լավագույն երիտասարդ մասնագետն եք, հետևաբար Ձեր ինքնագնահատականին և առաքելությանը համապատասխան գործունեություն է ակնկալվում։
Տկն Մանասյան, ձեր վստահություն աստիճանը պայմանավորված է քաղաքական ազդեցությունից ազատությամբ: Դուք ՀՌՀ որոշ անդամների պես խախտում եք քաղաքական չեզոքության սահմանը, հետո հայտարարում, թե թող համապատասխան մարմինը եզրակացնի շահերի բախում կա, թե՝ ոչ։
Հանուն արդարության ասեմ, որ ոստիկանական բաժիններում գրեթե միշտ ՄԻՊ ներկայացուցիչների եմ տեսել, բայց որպես կանոն՝ սոսկ արձանագրողի դերում և ցավոք՝ անհետևանք։
Մինչդեռ ՄԻՊ-ից ակնկալիքը այլ է: Դուք մշտադիտարկող կամ հայտարարություն տարածող ծառայություն չեք, ոչ էլ՝ ՀԿ։ Այլ կանխարգելման ազգային մեխանիզմ՝ երաշխավորված ՄԱԿ-ի կոնվենցիայով և ՀՀ Սահմանադրությամբ:
Հանրային կառավարման որևէ ինստիտուտի գործունեության գնահատման չափանիշը արդյունավետությունն է։ Մի քանի անդրադարձ․
Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից մարդու իրավունքների և ազատությունների տասնյակ ոտնահարումները մնում են անպատիժ: Վերջինը չկալանավորված թաղապետն է։
Ձեր զեկույցում չկա խորքային անդրադարձ Արցախահայության իրավունքների ոտնահարման վերաբերյալ, անդրադարձ չկա քաղաքական դրդապատճառներով ազատազրկվածներին։
Դե, Հովիկ Աղազարյանի դեպքով արդեն իսկ մասնավոր կյանքի իրավունքի պաշտպանվածության բարձր նշաձողն այստեղ է սահմանվել։
Ծանր իրավիճակ է քրեական արդարադատության ոլորտում՝ բանտերում խոշտանգումներ, բժշկական օգնության անբավարար մակարդակ, ինքնավնասում կատարած անձանց և ինքնասպանությունների աճ և սրանք չեն դառնում պատշաճ քննության առարկա:
Լուծարվել է երեխաների, տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց հիմնարկների անկախ դիտորդական խումբը, բնականաբար վատթարացնելով վերջիններիս հաշվետվողականությունը:
Բազմաթիվ են խնդիրները խոսքի ազատության ոլորտում. լրագրողների դեմ հարձակումներ, ապատեղեկատվության ու ատելության խոսքի բարձր մակարդակ, լրագրողների թիրախավորումը: Այս ամենի, նաև երկրում ահագնացող ատելության խոսքի հանրային վտանգավորության աստիճանը պատշաճ չի գնահատվում որևէ ինստիտուտի կողմից:
Քրեական օրենսգրքի դրույթները գործնականում կիրառվում են՝ ընտրովի մոտեցմամբ՝ պաշտպանելով պաշտոնյաներին:
Բնականաբար, հակառակ ժողովրդավարության բաստիոնի պոպուլիստական և սին հայտարարությունների, Հայաստանը շարունակում է մնալ որպես կիսաազատ երկիր։
Իսկ Դուք, Տկն Մանասյան, բնականաբար այս իրականության մեջ որոշիչ փոփոխություններ բերելու, երկրում տիրող արժեքային ճգնաժամն ու անպատժելիության մթնոլորտը մեղմելու անձնական ներդրումը կարող էիք ունենալ:
Բայց գերադասում եք լռությունն ու իշխող ուժի ալիքի վրա հարմարավետությունն ու նրա շահերի սպասարկումը:
Ձեր գործունեության նկատմամբ անվստահությունը կառուցում եմ ինչպես արդյունքերի վրա, այնպես էլ իշխանությունների նկատմամբ հավատարմության մի շարք դրվագներով, որոնք խորը հիմքեր են տալիս հարցականի տակ դնելու ձեր քաղաքական չեզոքությունը»: