Միտք Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 09:00 08-05-2025

Փաշինյանը սպառնո՞ւմ է ընդդիմադիրներին, թե՞ խոստանում չճնշել  

Քաղաքական մեծամասնության ու ընդդիմության միջև լարվածությունն աճում է։ Մայիսի 7-ին Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ կրքերը բորբոքվեցին։ Մի քանի րոպե շարունակ Նիկոլ Փաշինյանն ու ընդդիմադիր պատգամավորները առանց խոսափողների գոռգոռում էին միմյանց վրա։ Իրավիճակը լարվեց այն բանից հետո, երբ վարչապետը, պատասխանելով ընդդիմադիր պատգամավորի հարցին, անուղղակի անդրադաձավ մամուլի հրապարակումներին։

«Եթե մամուլի հրապարակումներով առաջնորդվեմ, սաղիդ պիտի լցնեմ ԱԱԾ-ի պադվալները։ Նստեք տեղներդ, ձեններդ կտրեք։ Վեր ընկի տեղդ, ներվերս չուտեք»,- ասաց վարչապետը։

Ի՞նչ է սա՝ սպառնալի՞ք մրցակիցների հասցեին, թե՞ խոստում, որ ճնշումներ չեն լինելու։

Խորհրդարանական ընդդիմադիրների նկատմամբ բռնաճնշումներ, բանտարկումներ եղել են։ Փաշինյանի քաղաքականության մեջ փոփոխություն չկա։ Նրա խոսույթը մնում է նախկինների դեմ սուր ճոճելը, բոլոր վատ բաների մեջ նախկիններին մեղադրելը, բոլոր պարտություններն ու ձախողումները նախկին իշխանություններով պայմանավորելը և այլն։ Հետևապես ընդդիմադիրների նկատմամբ հալածանքները հավանական են։

Մեծամասնության ներկայացուցիչները մի քանի անգամ ասել են, որ ներկայիս խորհրդարանական ընդդիմությունը նվեր է իրենց համար։ Տրամաբանորեն, ՔՊ-ն պիտի ջանք գործադրի, որ նվերն ուղեկցի իրեն նաև առաջիկա մրցապայքարում և հաջորդ խորհրդարանում։ Այլ կերպ ասած՝ ՔՊ-ն պիտի փակի ընդդիմության՝ խաղից անժամանակ դուրս գալու ուղիները, ստիպի նրանց շարունակել հակակշռել ՔՊ-ին։

Տեսակետ կա, թե ընդդիմադիրների նկատմամբ ճնշումներ էին կիրառվում, որ ավելի խթանեն վերջիններիս ակտիվությունը։ Այսինքն՝ դրդում էին իրական ընդդիմություն լինել, լուրջ պայքարել։ Այս առումով՝ մայիսի 7-ին ԱԺ-ում տեղի ունեցած լեզվակռիվը հավաստիացում էր այն բանի, որ ընդդիմադիրները ակտիվ պայքարելու են Փաշինյանի դեմ նաև առաջիկայում, թույլ տալով վերջինիս կրկին շահարկել նախկին-ներկա մանիպուլյացիան ու շահել այն ընտրողների քվեն, որոնք նախկիններին չեն սիրում։

Փաշինյանի մայիսի 7-ի հայտարարության մեջ նաև այլ ակնարկ կա։ Հիշեցնենք, որ մայիսի 6-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն է Ռոբերտ Քոչարյանին անվանել ռուսական շպիոն։ Սակայն ԱԺ իրավապահները բանի տեղ չեն դրել ԱԺ նախագահի ասածը։ ԱԺ նախագահի հայտարարությունը մամուլի հրապարակում չէ, բարձր ու պատասխանատու պաշտոնյայի հայտարարություն է, որը շատ տեղերում ընկալվում է որպես ՀՀ դիրքորոշում։ Փաշինյանն, այսպիսով՝ անուղղակի հրահանգեց իրավապահներին հաշվի չառնել ոչ միայն մամուլի հրապարակումներն, այլև Ալեն Սիմոնյանի ասածները։

Վերջին օրերին հանրության մի մասը քննադատում է Փաշինյանին Մոսկվա մեկնելու, մայիսի 9-ի շքերթին մասնակցելու Պուտինի կողքին կանգնելու որոշման համար։ Վարչապետն այս հարցում խորհրդարանական ռուսամետ ընդդիմության աջակցության կարիքն ունի։ Հետևաբար՝ Փաշինյանի հայտարարությունը, թե՝ «մամուլի հրապարակումներով առաջնորդվեմ, սաղիդ պիտի լցնեմ ԱԱԾ-ի պադվալները», կարելի է դիտել որպես խոստում ընդդիմադիրներին, որ նրանց նկատմամբ հալածանքներ չեն լինելու, իրավապահները խորհրդարանական ընդդիմադիր պատգամավորներին չեն մեղադրելու ռուսական շահերը սպասարկելու մեջ, պայմանով՝ եթե նրանք ռուսամետ ելույթներով սատարեն Փաշինյանի՝ Մոսկվա մեկնելն ու հայ-ռուսական օրակարգին հավատարիմ մնալը։

Կարճ ասած՝ Փաշինյանը մայիսի 7-ին կանաչ լույս վառեց խորհրդարանական ընդդիմության համար, դրդեց նրանց ավելի ակտիվ, անկաշկանդ ու հավասար վիճել, մրցել իր հետ։ Նա խոստացավ, որ հաշվի չի առնելու մամուլի հրապարակումները, և ընդդիմադիր գործընկերների նկատմամբ իրավական հետապնդումներ չեն լինելու։ Ու եթե ընդդիմադիրները չփոխեն ռուսամետ կուրսը, ապա հույս կա, որ մայիսի 9-ին Մոկսվա գնացող Փաշինյանը այսուհետ ևս կվայելի Արևմուտքի աջակցությունը։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

12:38 Գյումրիում սպանված 26-ամյա բժիշկը կինեզոթերապևտ էր․ մայրն ու քույրը նույնպես բժիշկ են․ նոր մանրամասներ
15:09 Սպանված բժշկի հայրը վերակենդանացման բաժանմունքում է, նրան վիրահատել են. նոր մանրամասներ
21:25 Ռոբերտ Քոչարյանը 200 մլն դոլար աշխատելու համար պետք է աշխատեր 20833 տարի
23:50 Նիկոլ Փաշինյանը «տգետ» տնօրենների է փնտրում, բայց Շիրակում նրանց իր իշխանությունն է նշանակել
10:00 Ամուսնացած է Անելիայի, գրանցված Մարիամի հետ
19:34 Ամեն ինչ պիտի անել, որ Վանաձորի նկատմամբ էդ խոշորացումը տեղի չունենա․ Մամիկոն Ասլանյան
09:31 Արփինե Սարգսյանի հրամաններով ոստիկանությունում «միլպետներ» են պաշտոնանկ եղել․ պաշտոնանկություններ են սպասվում նաև քրեական ոստիկանությունում
10:33 Նոր մանրամասներ Գյումրիում տեղի ունեցած վիճաբանություն, ծեծկռտուքից․ հայտնի է մասնակիցների, մահացածի և վիրավորների ինքնությունը
22:57 Ծառուկյանը կամ Սյունիքի մարզպետը ի՞նչ կապ ունեն կրթության հետ. հարցում
23:24 Հերացի փողոցի վերգետնյա անցումը անհասանելի է քաղաքացիների համար