Վերջին ժամանակներում Հայաստանում տեղի ունեցող ամենադրական գործընթացներից մեկը զանազան փառատոններն են։ Էլ գինու, էլ գարեջրի, էլ ոչխարներ խուզելու։ Սա շատ գեղեցիկ ավանդույթ է․ ինչպես ենք ինքներս մեզ ընկալում, ինչպես ենք ներկայանում աշխարհին, ինչպես ենք մոռանում մեր ներկա ու շատ տխուր վիճակը։ Դա նույնիսկ ինքնազարմանք ու ինքնահիացում է աառաջացնում․ պատերազմական իրավիճակում խմել ու ցնծալ Սարյան փողոցում՝ ցույց տալով, որ կարևորը վայելքն է։ Բայց կարծես եղած, գրացված փառատոններին ավելացավ ևս մեկը։ Ընդ որում՝ առանց Կառավարության ու ԿԳՄՍ աջակցության, կամ համենայն դեպս այդ աջակցությունը հանրությունը չտեսավ։ Անցած շաբաթ Հայաստանում կարծես նշվեց Ծեծի փառատոնը։ Սա մի ինքնաբուխ ժողովրդական ակցիա էր, որը կարելի է դարձնել բարի ավանդույթ։
Շաբաթվա ընթացքում սկզբում բժշկի ծեծեցին, ապա պարեկների, ապա Ծեծի փառատոնը եզրափակվեց պաշտոնական մասով՝ Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարը՝ մի հայրենասեր, ինքնիշխան ու եվրոպամետ անձնավորություն, իր օգնականների, աշխատակիցների և երևի թե պարզապես լավ ախպերների հետ ուղիղ եթերում ծեծեց ռսահպատակ մի ակտիվիստի։ Իհարկե, չար լեզուները կասեն, թե ինչպես կարող էր նման արտաքին ու պատկերացումներ ունեցող գործիչը հայտնվել այդ պաշտոնում, բայց մի հավատացեք չար լեզուներին․ Հայաստանն այնպիսի արտաքինով գործիչներ է ունեցել, որ Նոր Նորքի թաղապետը բնավ ամենավատը չէ։
Բայց նորմալ մարդու մոտ կարող է հարց առաջանալ, թե ինչու եղավ նման ծեծ։ Պաշտոնական–կուսակցական բացատրությունն այն էր, որ այդ ծեծը հանուն ինքնիշխանության էր․ պուտինենք չէին կարողացել մարսել հերոս Տիգրան Տեր–Մարգարյանի այցը ուկրաինական Բուչա և հայկական արմատներ ունեցող մի փոքրիկ անօդաչու սարք էին ուղարկել ընդդեմ պանծալի հերոսի։ Բայց պատճառներն այդքան էլ պարզ չեն։ Գիտնականների մի խումբ պնդում է, որ Նոր Նորքի վարչական շրջանում մեծ թափով ծաղկում ու զարգանում է «Կրթելը նորաձև է» շարժումը և Արթուր Չախոյանի հանդեպ տեղի ունեցած ակցիան բռնություն չէր, այլ կրթական հատուկ ծրագիր։
Մեկ այլ վարկածի համաձայն՝ իրականում, Արթուր Չախոյանին շատ են սիրում ու գնահատում Նոր Նորքի թաղապետարանում, իսկ ծեծը, ինչպես գիտեք, սիրո նշան է։ Ինչքան բուռն է սերը, այնքան ավելի կրքոտ է ստացվում ծեծը։ Մի կիսապաշտոնական վարկած էլ կա, որ այդ ծեծով արագացավ Հայաստանի եվրաինտեգրացիան, այսինքն՝ դրանից հետո եվրոպական ներդրումները մեծ ծավալով կաճեն, վիզաները ավելի հեշտ կտան հայերիս, մանավանդ Նոր Նորքի թաղապետի դեմք ունեցողները մշտական վիզա կստանան՝ շառից–փորձանքից հեռու լինելու համար։
Բայց այս ծեծը միայն արտաքին գործոններով բացատրելը ճիշտ չէ, որովհետև այդպես մեր նորահայտ փառատոնը կտրվում է իր հայրենի հողից․ ծեծի ամենակարևոր պատճառներից մեկն այն է, որ դա Մասիվի հինավուրց ու գեղեցիկ ավանդույթներից մեկն է, որը թաղապետը պարզապես չի կարող խախտել։ Ավելին՝ նույնիսկ արդեն առաջարկ կա, որ Մասիվի թաղապետարանում անցկացվող Հանրային լսումները պաշտոնապես կարելի է անվանափոխել Հանրային տփումների։ Համաձայնեք, որ այդպես շատ ավելի ազնիվ կլինի․ սովորական քաղաքացիները թաղապետարանում կազմակերպվող քննարկումներին մենակ չեն գնա, հետները կվերցնեն լավ ախպերների, որպես հավելյալ անվտանգային երաշխիք՝ կարելի է վերցնել նաև երկաթե ձող, մի մեծ դանակ կամ ինքնաշեն հրազեն․ պատկերացրեք, թե ինչքան արդյունավետ կդառնան դրանից հետո հանրային շահի պաշտպանության քննարկումները։
Մեկ այլ վարկածի համաձայն՝ Նոր Նորքի թաղապետն այդպես է արել՝ Հայաստանի ազգային շահից ելնելով։ Դրանով նա ցույց է տվել Հայաստանի թշնամիներին, թե ինչ կարող է լինել իրենց հետ, եթե նրանք համարձակվեն հարձակվել մեր հինավուրց երկրի վրա․ եթե մենք այդպես ենք վարվում սեփական քաղաքացիների հետ, ապա ինչ կանենք թշնամիների հետ։ Չար լեզուներն ասում են, որ երկրի վարչապետը չի կիսում այս մոտեցումը, բայց մի հավատացեք ստոր հերյուրանքներին։
Վերջապես մի բացատրություն էլ կա․ Նոր Նորքի թաղապետը փորձում է իր անձի օրինակով ցույց տալ, թե ինչպես կարող է վերածնվել հայոց փառապանծ այրուձին, որը դարեր շարունակ կռվի ամենաթեժ պահին ներխուժում էր թշնամական զորքի շարքերի մեջ և կոտորած էր իրականացնում։ Իհարկե, վարկածները շատ են, բայց միանշանակ է, որ ծեծի հինավուրց ավանդույթը պետք է փայփայել ու փառատոնից բացի՝ հիմնել նաև Ծեծի և ինքնիշխանության պետական թանգարան, որովհետև ազգային բառը վարչապետի դուրը չի գա։ Այնպես որ ինչպես ասում էր Վարդան Մամիկոնյանը, օն անդր հայոց այրուձիուկ։
Գևորգ Էմին–Տերյան
Օրագիր նյուզ