Թուրքի և ադրբեջանցու հույսին մնացած իշխանությունը հասարակությանը վախի մեջ է պահում․ հոգեբան
copy image url

Թուրքի և ադրբեջանցու հույսին մնացած իշխանությունը հասարակությանը վախի մեջ է պահում․ հոգեբան

Ներքին 11 ժամ առաջ - 13:20 02-05-2025
Վերջին ամիսներին պաշտոնյաների հայտարարություններում և վարքագծում հաճախ նկատվում է հեգնանք, երբեմն՝ բացահայտ ագրեսիա։ Հասարակական մթնոլորտը թեժանում է։ Վիրավորում են, սպառնում, հարձակվում, և այդ ամենն ավարտվում է ծեծկռտուքով։ Իսկ պաշտոնյաները, որոնք պետք է հավասարակշռված լինեն և օրինակ ծառայեն, հաճախ իրենք են լարվածության կիզակետում հայտնվում։

Ինչու՞ են իշխանության ներկայացուցիչները լցված ագրեսիայով։ Սա պարզապես պահի արձագա՞նք է, թե՞ վախի դրսևորում, որ շուտով կարող են կորցնել իշխանությունը և իրենց տեղը զիջել ուրիշին։ Այս թեմայի շուրջ մեկնաբանություն ստանալու նպատակով Oragir.News-ը զրուցել է հոգեբան Կարինե Նալչաջյան հետ։

Ըստ նրա՝ պետք է հասկանալ և փորձել մտնել իշխանության դրության մեջ, քանի որ իրենց կյանքում շատ լուրջ փոփոխություն է տեղի ունենում։ Այս պահին Արևմտյան թիկունքը լրիվ «ջարդուփշուր» է եղել։

«Կարելի է նշել նաև գլոբալիստների պարտությունը ընտրություններում, օրինակ Թրամփի գալը։ Չնայած՝ ես հեռու եմ այն մտքից, որ ԱՄՆ-ը զարթնելու է և ապրելու Հայաստանի խնդիրներով, բայց բոլոր դեպքերում՝ այն սխեման, որով իրենք աշխատում էին, փշրվել է, և իշխանության թիկունքում մնացել են միայն թուրքն ու ադրբեջանցին։ Գլոբալիստները, կարծես՝ հետ են քաշվում։ Իսկ նրանք իշխանության համար լուրջ հենարան էին, որը թույլ էր տալիս ցինիզմի վերջին աստիճաններով իրականացնել իրենց ցանկությունները և վայելել իշխանության ընձեռած բոլոր հաճույքները անձնական մակարդակով։ Այժմ նրանք հայտնվել են դժվարին դրության մեջ»,- նշում է Նալչաջյանը։

Հոգեբանի խոսքով՝ այժմ ամեն ինչ փոխվում է, և իշխանությունը մնացել է թուրքի և ադրբեջանցու հույսին։ Իրենց վտանգված են զգում և գիտակցում են, որ հնարավոր են այնպիսի զարգացումներ, որոնց արդյունքում կկորցնեն իշխանությունը և կհայտնվեն դատապարտման արժանի հանցագործների կարգավիճակում։

«Այսքան աղետներից հետո՝ մարդկային կորուստներ, հայրենիքի կորուստ, հայկական ինքնության դեմ հարձակումներ, այսպիսով բոլոր այս աղետները, որ նրանք բերել են, դրանց պատճառով է, որ վախեցած են և գործի են դրել իրենց վերջին զենքերը։ Իսկ որո՞նք են այդ զենքերը. Հասարակությունը պահել ահի և սարսափի մեջ։ Վախի մթնոլորտ ստեղծելն է դարձել նրանց հիմնական մարտավարությունը, նույնիսկ՝ ֆիզիկական հաշվեհարդար տեսնելը։ Մենք հասկանում ենք, որ դա իրենց գործիքակազմի մի մասն է, որը պարբերաբար կիրառվում է»,- ասաց Կարինե Նալչաջյանը։

Հոգեբանը հավելեց նաև, որ ներկայիս իշխանությունները միաժամանակ շարունակում են խաբեության քաղաքականությունը։ Այսինքն՝ իրենց ներկայացրած խաղաղությունը որևէ առնչություն չունի իրական խաղաղության հետ։ Թշնամին «կռճտացնում է ատամները»։ Եվ այս ֆոնին խաղաղության մասին խոսելը մարդկանց խաբելու փորձ է։ «Խաղաղություն» բառն իր քաղցրությամբ կարող է որոշ մարդկանց մոլորության մեջ գցել։

«Հոգեբանության մեջ կա մի հասկացություն՝ ավտորիտար ագրեսիա, երբ բարձր կարգավիճակ կամ իշխանություն ունեցող մարդիկ մղում են մյուսներին ագրեսիվ գործողությունների՝ խոստանալով, որ նրանք չեն պատժվի։ Այս պայմաններում մարդու ներսում կարող են արթնանալ սարսափելի, ավերիչ, քայքայիչ ուժեր։ Դրա արդյունքում էլ հաճախ տեղի են ունենում զանգվածային հանցագործություններ։ Օրինակ՝ ցեղասպանությունները շատ դեպքերում հենց այս մեխանիզմով են իրականացվում։ Երբ իշխանությունն ուղղակի ասում է՝ «գնացեք, սպանեք, թալանեք, ոչ մի պատիժ ձեզ չի սպառնում», այդ պարագայում մարդը վերածվում է գազանի»,- իր խոսքը եզրափակեց հոգեբանը։

Ձեզ գուցե հետաքրքրի