Ներքին Արտաքին Խոսք 1 տարի առաջ - 22:19 30-04-2025

Վրաստանի նախագահի այցը Հայաստան կարևոր ուղերձ է

Երևանում կայացած հանդիպման ընթացքում նախագահները կարևորել են խաղաղության հաստատումը Հարավային Կովկասում և քննարկել հարաբերությունների խորացման հնարավորությունները։

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ապրիլի 29-ին նախագահական նստավայրում ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին։ Սա Վրաստանի նոր ղեկավարի՝ ընտրվելուց հետո առաջին այցն է Հայաստան, ինչը, խորհրդանշական մեկնարկ է հայ-վրացական նոր փուլ մտած հարաբերությունների համար։

Հանդիպման ընթացքում երկու երկրների նախագահները բարձր են գնահատել տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղության հաստատման հրամայականը՝ շեշտելով խաղաղասիրական օրակարգի առաջմղման անհրաժեշտությունը որպես Հարավային Կովկասի զարգացման առանցքային պայման։

Քննարկվել են նաև Հայաստանի և Վրաստանի քաղաքացիների միմյանց երկրներ այցելելու ընթացակարգերի դյուրացման հնարավորությունները՝ ներառյալ բաց սահմանների սկզբունքով փոխայցելությունների ապահովման հեռանկարը։

Նախագահները անդրադարձել են նաև հայ և վրաց ժողովուրդների միջև ձևավորված պատմական և մշակութային հարուստ ժառանգությանը՝ նշելով, որ այն շարունակում է մնալ երկուստեք վստահության, բարեկամության և երկարաժամկետ գործընկերության ամուր հիմք։ Հանդիպման ավարտին Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին պաշտոնական հրավեր է հղել նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ այցելելու Վրաստան։

Oragir.News-ի հետ զրույցում վրացագետ Ջոնի Մելիքյանn ընդգծել է, որ այցն առանձնանում է ինչպես իր խորհրդանշական, այնպես էլ քաղաքական նշանակությամբ։

«Սա Վրաստանի նոր նախագահի՝ ընտրվելուց հետո առաջին այցն է Հայաստան, ինչը կարևոր ուղերձ է՝ հայ-վրացական հարաբերությունների բարձր մակարդակի մասին։ Ուշագրավ է նաև, որ երկու երկրներն էլ պառլամենտական կառավարման համակարգ ունեն, ուստի նման բարձրաստիճան այցերն ավելի շատ խորհրդանշում են փոխհարաբերությունների խորությունը, քան գործադիր որոշումների ակնկալիքը»,- նշել է Մելիքյանը։

Նրա խոսքով՝ այցը նաև հարթակ էր Վրաստանի՝ որպես միջնորդ կողմի հնարավոր դերի ներկայացման համար Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում։ «Վրաստանը բազմիցս նշել է, որ պատրաստ է հարթակ հանդիսանալ։ Սակայն պետք չէ գերագնահատել այդ հայտարարությունները. պետք է սպասել կողմերի կոնկրետ արձագանքներին և գործողություններին։ Վրաստանն ունի չեզոք և զգուշավոր մոտեցում, և միայն կողմերի իրական պատրաստակամության դեպքում կարող է ակտիվ դեր ստանձնել»,- նշել է նա։

Մելիքյանը հիշեցրել է, որ մոտ մեկ տարի առաջ Հայաստանը և Վրաստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության հռչակագիր, ինչն արդեն հարաբերությունների նոր մակարդակ է սահմանում։ Նրա խոսքով՝ նման այցերը, ինչպես նաև առաջիկայում նախատեսվող բիզնես հանդիպումները, վկայում են երկկողմ հարաբերությունների խորացման և ակտիվացման միտումների մասին։

Ամենից շատ դիտված

01:00 ԱԺ ընտրությունների նախնական արդյունքները
04:51 Ամփոփվել են 2005 տեղամասերից 1029-ի արդյունքները․ որ ուժերն են անցնում ԱԺ․ ԹԱՐՄԱՑՎՈՂ
12:44 Ընդդիմությո՛ւն, մի՛ վերցրեք Ձեր մանդատները. եթե վերցնում եք մանդատները, նշանակում է՝ լեգիտիմացնում եք Նիկոլի կեղծած ընտրությունը. Ռուբեն Մխիթարյան
09:10 ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 տեղամասերի արդյունքները
02:58 Սամվել Կարապետյանը քիչ անց հայտարարությամբ հանդես կգա
16:35 Ամեն ինչ այնքան վատ չէ, որքան թվում է. Խաչատուր Հունանյանի վերջին գրառումը
02:02 Որ տեղամասերում է ընդդիմությունն առաջատար․ Նարեկ Կարապետյանը տվյալներ է հրապարակել
00:43 ՔՊ՝ 56.04%, Ուժեղ Հայաստան՝ 21․87%, Հայաստան դաշինք՝ 8․69%․ 131 տեղամասի արդյունքները
12:17 ՔՊ-ն չի ունենա Սահմանադրության փոփոխությունների համար անհրաժեշտ սահմանադրական մեծամասնությունը
20:18 Ընդդիմությունն ունի մեկ ճիշտ քայլ՝ չվերցնել մանդատներն ու չգնալ ԱԺ՝ ՔՊ-ին զրկելով փաստացի լեգիտիմությունից