Թուրքիայի կործանման միջազգային օրակարգ կա՞
copy image url

Թուրքիայի կործանման միջազգային օրակարգ կա՞

Ներքին 6 ժամ առաջ - 13:30 24-04-2025
Հայոց ցեղասպանության հարցում մեծ տեղաշարժ եղավ 2001-ի հունվարին, երբ Ֆրանսիան ընդունեց օրենք Հայոց ցեղասպանության մասին։ Այսպիսով՝ ապացուցվեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը միջազգային հետաքրքրության առարկա է, միայն հայ ժողովրդին չի առնչվում, միջազգային օրակարգի հարց է։ Հետևապես՝ ՀՀ երկրորդ ու երրորդ նախագահները ոչ թե ինքնագլուխ էին առաջին պլան բերել թեման, այլ ընդառաջ էին գնացել այդ միջազգային օրակարգին։

Ինչո՞ւ է միջազգային հանրությունը հետաքրքրված Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման հարցում։

Սառը պատերազմի տարիներին է կառուցվել Հայոց ցեղասպանության հուշարձանն ու այդ տարիներին են առաջին երկրները ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը։ 1965-ին են Երևանում կազմակերպվել մեծ ցույցեր, որոնց մասնակիցները վանկարկում էին՝ «հողե՜րը, հողե՜րը»։ Սակայն Սառը պատերազմի ավարտից և Խորհրդային միության կործանումից հետո այն շարունակվել է։ Մի քանի տարի առաջ ԱՄՆ սենատն ու կոնգրեսն են բանաձև ընդունել։ Ուստի՝ կարելի է ասել, որ թեման ուղղակի կաղապարված չէր Սառը պատերազմով և ունի ավելի կարևոր, սկզբունքային նշանակություն, ցույց է տալիս աշխարհի մարդասիրությունը, խիղճը, հավատարմությունը արդարությանն ու ժողովրդավարական սկզբունքներին, զսպում է Թուրքիայի հակամարդկային, հակաքաղաքակրթական քայլերը։ Սակայն Ֆրանսիայի ընդունած օրենքներից և ամերիկյան բանաձևերից հետո Թուրքիայում մեծ վախ կա, որ միջազգային օրակարգում Թուրքիայի մասնատման, ավելին՝ կործանման խնդիր կա։

Այս վախն ունի պատմական արմատներ։ Ասում են, թե Ֆրանսիայի հզոր ու ռազմատենչ թագավոր Ֆրանցիսկ 1-ինը (1494-1547թթ) մահվանից առաջ գրած կտակում պատվիրել է սերունդներին կործանել Օտոմանյան կայսրությունն, ազատագրել նվաճված երկրներն, ազատություն պարգևել գերված ժողովուրդներին։ Այս կայսրության կործանման խնդիրն իրականում կար 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին, և այն մեծ մասամբ իրագործվել է։ Ներկայիս Թուրքիան նախկին կայսրության մի մասն է զբաղեցնում, հանրապետություն է, ՆԱՏՕ-ի, Եվրամիության մաքսային միության անդամ, միջազգային բազմաթիվ առևտրային նախագծերի մաս է կազմում, միանում է ժողովրդավարական մի շարք բանաձևերի։ Իսկ Ֆրանսիայի 2001-ի օրենքի ընդունումից հետո սերտացել են ռուս-թուրքական եղբայրական հարաբերությունները, և Թուրքիան Ռուսաստանի կարևոր, որոշ առումով՝ թիվ մեկ գործընկերն է դարձել, ունեն միլիարդավոր դոլարների բազմաթիվ առևտրային պայմանագրեր, այդ թվում՝ սպառազինության մատակարարման։ Եթե 2020-ից հետո ՌԴ-ն Հայաստանին զենք չի մատակարարել, մատակարարածն էլ թափելու բաներ էին, ապա Թուրքիային սպառազինության մատակարարումները երբեք չեն ընդհատվել։ Մինչև 2001-ը Թուրքիան պահանջում էր, որ ՌԴ-ն դուրս բերի զորքերը հայ-թուրքական սահմանից։ Իսկ 2001-ից հետո այդպիսի պահանջ չի բարձրացնում, քանի որ հայ-թուրքական սահմանին կանգնած ռուսական զորքերը 2001-ից պաշտպանում են Թուրքիան ենթադրյալ միջազգային սպառնալիքներից, այդ թվում՝ Հայաստանից։

Եթե Հայոց ցեղասպանության ճանաչման թեման Թուրքիայի կործանման խնդիր իրականում չի հետապնդում, ապա ինչո՞ւ է ՔՊ-ական իշխանությունը ճանաչման հարցը ՀՀ արտաքին քաղաքական օրակարգից դուրս մղելու քայլեր անում։ Դրանք հիմնավորում ու արդարացում ունե՞ն։

ՔՊ-ական իշխանության հետընթացը ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում, պարունակում է ակնարկ, որ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ Թուրքիայի կործանման և դրա տեղում քաղաքակիրթ, ժողովրդավար, արդար Թուրքիայի ստեղծման հարցն, այնուամենայնիվ՝ հնարավոր է առաջիկայում մտնի միջազգային օրակարգ։ Ու եթե այդպիսի բան լինի, ապա ՀՀ-ն այդ հարցն առաջ մղելու, առաջին գծում կռվելու գործում ձեռնպահ է մնալու։

Այսպիսով՝ աշխարհում մի քանի երկրներ կան, որոնք ունեն հիմնավոր վախեր Թուրքիայի մոտալուտ կործանման հետ կապված։ Առաջինը՝ Թուրքիան է, որն այդ նարատիվն օգտագործում է իր ժողովրդին արտաքին ենթադրյալ թշնամիների դեմ միավորելու և ներքին համերաշխություն ապահովելու համար։ Երկրորդը՝ Ռուսաստանն է, որը վախենում է զրկվել կենսական նշանակություն ունեցող կարևոր գործընկերոջից ի դեմս Թուրքիայի։ Երրորդը՝ Հայաստանն է, ի դեմս՝ Նիկոլ Փաշինյանի, որը ցուցադրական անհամաձայնություն է դրսևորում միջազգային այդ ենթադրյալ օրակարգի հետ, ակնարկելով, որ Թուրքիային վերաբերվում է որպես պոտենցիալ դաշնակցի։

Եթե սա ուրացում չէ, ապա թուրքական նարատիվներին տուրք տալու վառ դրսևորում է։ Հարկ է հաշվի առնել, որ հայ ժողովրդի մի մասը որևէ կերպ առնչվում է 1915-ի Հայոց ցեղասպանությանը։ ՔՊ-ական պաշտոնյաների շարքում ևս բազմաթիվ մարդիկ կան, որոնք ցեղասպանության զոհերի ժառանգներ են, մի մասի հարազատները հալածվել են խորհրդային բռնազավթման տարիներին Հայոց ցեղասպանության մասին խոսելու համար։ Տասնամյակներ շարունակ մարդիկ սպասել են, թե երբ է գալու արդարության, միջազգային ճանաչման ու համարժեք հատուցման ժամը։ Այս առումով՝ ՔՊ-ական նահանջը ցեղասպանության հարցից, ոչ միայն թուրքական ներքին շահերը սպասարկելու համար է, այլև ուղղված է այդ հույսի դեմ, արդար հատուցման ժողովրդական ակնկալիքի և միջազգային օրակարգի դեմ, որով առաջնորդվելով՝ Ֆրանսիան, ԱՄՆ-ն ու բազմաթիվ երկրներ ճանաչել ու դատապարտել են Հայոց ցեղասպանությունը։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված