«Կրիպտոարժույթների տարածումն ու զարգացումը պայմանավորված է նրանով, որ փորձ է արվում ապակենտրոն ֆինանսական փոխանցումների համակարգ ստեղծվել, և 2009 թվականից այդ համակարգը լայն տարածում է գտել։ Պետական համակարգերը դրանց նկատմամբ վերահսկողություն չունեն, ինչը դրանք դարձնում են ռիսկային, ինչպես նաև այդ կրիպտոարժույթների միջոցով տարբեր մարդիկ, բիզնեսմենները կարողանում են խուսափել հարկերից, տարբեր սահմանափակումներից, ինչպես նաև փոխանցումների համար գումարներ չվճարել»,-
Oragir.News-ի հետ զրույցում այս մասին նշեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ անդրադառնալով կրիպտոարժույթների ոլորտը կարգավորող նախագծին, որին կառավարությունն արդեն հավանություն է տվել։
Հայաստանի կառավարությունը նախատեսում է կրիպտոարժույթի առուվաճառքի ոլորտը վերցնել վերահսկողության տակ։ Այս նպատակով կառավարությունն արդեն համապատասխան նախագծին հավանություն է տվել, որի արդյունքում մի շարք կարգավորումներ այսուհետ կգտնվեն Կենտրոնական բանկի անմիջական վերահսկողության տակ։Պարսյանը շեշտում է՝ երբ մարդիկ ցանկանում իրար, կամ կազմակերպությունների ներսում գումարներ փոխանցել, ապա ստիպված են լինում միջնորդավճարներ վճարել, իսկ կրիպտոարժույթները թույլ են տալիս խուսափել դրանից։ Ըստ նրա՝ կրիպտոակտիվների պարագայում կան դրական, սակայն միևնույն ժամանակ ռիսկային էլեմենտներ, որոնք պետք է ուսումնասիրվեն և ցանկացած պետություն փորձի իր կարագավորումները տալ․
«Ժամանակակից աշխարհում տարբեր մոտեցումներ կան․ երկրներ կան, որոնք ամբողջությամբ ազատականացրել են, երկրներ կան, որոնք բերել են կարգավորման դաշտ, երկրներ էլ կան՝ ընդհանրապես չեն կարգավորում, այսինքն՝ դա իրենց համար խնդիր չեն համարում։ Կարծում եմ՝ Հայաստանը դրական քայլ է կատարել դեպի կարգավորման դաշտ, քանի որ եթե այս դաշտն առհասարակ չի վերահսկվում, ոչ մի կարգավորում չունի, ապա այն հղի է նոր ռիսկերով ու սպառնալիքներով։ Այս դեպքում մարդը կարող է մի քանի հարյուր հազար դոլար կանխիկ գումարով մտնել կրիպտոչենջեր և իր գումարն ուղարկել արտասահման, իսկ փոխանակման կետի տերերն այդ գումարի ծագումը չեն էլ ֆիքսում։ Սրանք կարող են սև փողեր լինել՝ հանցավոր եղանակով ծագած և այլն։
Այս կարգավորումը՝ օրենքի նախագիծը, որը Կենտրոնական բանկը մշակել է, առաջին հերթին փորձում է կարգավորել այդ չենջերի գործունեությունը՝ կրիպտոակտիվների փոխանցումներով կամ առքուվաճառքով զբաղվող։ Այս կարգավորումները բավականին մոտ են սովորական չենջերի գործունեության կարգավորումներին․ անհրաժեշտ է որոշակի կանոնադրական կապիտալ ունենալ, հաշվետվություններ ներկայացնել, պետությունը կարող է վերահսկել գործառույթները և փոխանցումները։ Կարծում եմ՝ որպես դրական երևույթ՝ դա կարող է դաշտն ավելի կարգավորել, ռիսկերը նվազեցնել, բայց միևնույն ժամանակ ռիսկ կա, որ կարող են դրա արդյունքում փոքր չենջերն առհասարակ փակվել»։
Սուրեն Պարսյանը շեշտում է՝ որպեսզի գործընթացն անցնցում լինի, Կենտրոնական բանկը պետք է փորձի խստացումներն ու կարգավորումներն աստիճանաբար կյանքի կոչել՝ հնարավորություն տալով փոխանակման փոքր կետերին ներդրումներ ներգրավել և օրենսդրական դաշտին տիրապետել։ «Փոքրների դեպքում դա կարող է ժամանակ պահաջել, իսկ մեր խնդիրն այն չպետք է լինի, որ դաշտը մի քանի հոգու ձեռքում կենտրոնանա։ Եթե կրիպտոչենջերի գործունեության խիստ կարգավորումներ ու պահանջներ լինեն, ապա դաշտը կարող է կենտրոնացվել, ինչից, կտուժեն բոլորը»,- ասաց նա։
Oragir.News-ի հարցին՝ առաջարկվող կարգավորումներով նման ռիսկեր կարո՞ղ են առաջանալ՝ Սուրեն Պարսյանը պատասխանեց, որ գործող կարգավորումները շատ մոտ են արտարժույթի փոխանակման կետերի համար սահմանված կարգավորումներին, որոնք բավականին խիստ են՝ միջից բարձր։ «Որպեսզի այդ խիստ պահանջներին բավարարեն, ապա փոքրերին պետք է ժամանակ տան, որ նրանք էլ կարողանան այդ օրենսդրությունը հասկանալ, ներդրումներ բերել, որ կարողնան պահանջներին բավարարեն, այլ ոչ թե միանգամից նման կտրուկ քայլեր կատարել։ Սա կարևոր կարգավորում է, ու վստահ եմ՝ վերջինը չի լինելու․ Կենտրոնական բանկը, կառավարությունը պարբերաբար այս հարցին վերադառնալու են»,- եզրափակեց նա։
Դավիթ Գույումջյան