Կարմիր ձուն նաև մեր ժողովրդի հարության խորհրդանիշն է
copy image url

Կարմիր ձուն նաև մեր ժողովրդի հարության խորհրդանիշն է

Ներքին Միտք 7 ժամ առաջ - 09:00 20-04-2025
Քրիստոնյա ժողովուրդների ամենանվիրական տոներից է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության օրը։ Այս օրը միասնության խորհրդանիշ է, ցույց է տալիս, որ քաղաքացիությունը հաստատող անձնագրից զատ՝ մարդիկ ունեն նաև հոգևոր ընդհանրություն, հավատում են մեկ ընդհանուր բանի։

Մեր ժողովրդի պարագայում այս տոնն այսօր ունի ավելի մեծ նշանակություն։ Վերջին տարիների պարտությունները, նահանջները, մարդկային, տարածքային կորուստները որոշակի հուսահատություն են տարածել մեր հասարակությունում։ Բայց կա լավատեսություն, որ պետությունը կուղղի մեջքը, ժողովուրդը նորից իր մեջ ուժ կգտնի ապրելու, առաջ շարժվելու, ստեղծագործելու և լուսավոր մի օր վերստին ազատագրելու մեր հայրենիքի զավթված հատվածները։

Նման պարտության ու հուսահատության զգացում էր տիրում աշխարհում, երբ Հիսուս տառապեց ու մահացավ խաչի վրա, իսկ Նրա անշունչ մարմինը դրվեց գերեզմանում: Անկախ այն ամենից, ինչ Հիսուսը բազմիցս ասել էր Իր մահվան ու հարության մասին, միևնույնն է, ոչ ոք չէր հասկանում դրա իմաստը։ Սակայն Նրա Խաչելությանը հետևեց Հարության ուրախալից առավոտը:

Հիսուս Քրիստոսի Հարությունը քրիստոնեության հիմքն է: Այդ պահից գրեթե երկու հազար տարի Զատիկը տոնվում է որպես ազատագրում, մեղքերից ապաշխարություն և վերադարձ առ Աստված: Հիսուս Քրիստոսը խաչվեց մարդկությանը մեղքերից փրկելու համար, ապա հարություն առավ։

Նույնպիսի պայծառ առավոտ էլ սպասում է մեր ժողովրդին։ Հույս կա, որ մի օր կվերականգնվեն մեր ազգային իրավունքները։ Եվ այդ բաղձալի օրը մոտեցնելու համար անհրաժեշտ է հասարակության միավորումը արժեքների, ազգային իդեալի, քրիստոնեական մեր հավատի շուրջ, մերժելով պառակտող, ժողովրդին մասերի, տեսակների, գույների բաժանող ցանկացած խոսույթ։ Անհրաժեշտ է նաև ժողովրդին ավելի մերձեցնել քրիստոնեությանը, հնարավորինս նույնացնել քրիստոնեական և ազգային պատկերացումներն ու խորհրդանիշները։

Մեր պետությունն ու ժողովուրդը պատմության մեջ մի քանի անգամ մեռել ու հարություն են առել։ Որոշ քննադատներ կարծիք են հայտնում, թե հազարամյակների պատմություն ունեցող մեր ժողովրդի անմահությանը նպաստել է քրիստոնեական հավատը կամ մեր ժողովրդի անմահությունը բխում է քրիստոնեական հավատից։ Այսինքն՝ քրիստոնեությունը Հայաստանի հարատևության անհրաժեշտ պայմաններից մեկն է։

Որոշ քննադատներ էլ կարծում են, թե անկախ Հայաստանն Աստծո նվերն է մեզ՝ քաղաքացիներիս։ Եվ ժողովրդի պարտականությունն է՝ այն ազատ ու անկախ պահելը, հաջորդ սերունդներին ժառանգելը։ Եթե ընունենք, որ անկախ Հայաստանը Աստծո նվերն է մեզ, ապա Սուրբ Հարության օրը կարող է խորհրդանշել ոչ միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսի անմահությունն, այլև այն մեր քրիստոնյա ժողովրդի ու պետության անմահությունը։

Զատկի տոնին մարդիկ ձու են ներկում կարմիր գույնով: Քրիստոնեկան մեկնաբանմամբ՝ ձուն հարության և նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշն է, կարմիրը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար Արյունը, որ թափվեց մեր փրկության համար: Զուգահեռ տանելով և հանրայնացնելով, կարելի է ասել, որ կարմիր ձուն նաև քրիստոնյա ժողովրդի և Հայաստանի հարության խորհրդանիշն է։

Կարճ ասած՝ այսօր միմյանց բարևելիս, յուրաքանչյուր քրիստոնյա թող ասի՝ «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց», «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»։ Այս ավետիսը թող այսօր հնչի յուրաքանչյուրի հոգում և տանը՝ ավետելով նոր, մաքուր սկիզբը։ Եվ թող բացվի պայծառ առավոտը յուրաքանչյուրի մտքում ու հոգում, առաջնորդի ժողովրդին ու պետությունը դեպի ազգային և հոգևոր առաջընթաց։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված