«Հայկական կողմը պաշտոնապես հայտարարել է, որ զորավարժությունները պայմանական ահաբեկչական խմբավորումների դեմ են, իրանական կողմը դրա մասին ոչինչ չի ասել, բայց 2 կողմն էլ հայտնել են, որ զորավարժությունները դիվերսիոն-հետախուզական ստորաբաժանումների դեմ են, այսինքն՝ այնտեղ չի կիրառվում ո՛չ զրահատեխնիկա, ո՛չ օդուժ, ո՛չ հրետանի»,-
Oragir.News-ի հետ զրույցում այս մասին նշեց այս մասին նշեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանն՝ անդրադառնալով հայ-իրանական համատեղ զորավարժությունների անցկացմանը։
Նշենք, որ ապրիլի 9-10-ը Հայաստանի և Իրանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները համատեղ զորավարժություն են անցկացրել։ Պաշտպանական գերատեսչությունն այս կապակցությամբ հայտնել էր, որ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը զորավարժությունն անցկացնելու է Հայաստանի տարածքում, ԻԻՀ ԶՈՒ ստորաբաժանումը՝ Իրանի տարածքում:Նահապետյանը շեշտում է՝ ըստ իրանական կողմը զորավարժությունը եղել է պլանավորված, բայց սովորաբար պլանավորված զորավարժությունների դեպքում միջազգային կառույցներն իրազեկվում են՝ անցկացման օրերի, տևողության, ներգրավված անձնակազմի, զինտեխնիկայի և մարտական խնդիրների մասին։ Նրա խոսքով՝ նման տեղեկատվություն առ այսօր չի հրապարակվել․
«Այստեղից ես կարող եմ ենթադրել, որ զորավարժությունները չպլանավորված են եղել, իսկ Հայաստանի և Իրանի տարածքում դիվերսիոն հետախուզական խմբերի դեմ զորավարժություններն ամենայն հավանականությամբ ոչ թե պայմանական ահաբեկչական խմբավորումների դեմ են, այլ Ադրբեջանի դիվերսիոն հետախուզական խմբերի։ Յուրաքանչյուր պետություն իր տարածքում է անցկացնում զորավարժությունը, ինչը նշանակում է, որ սա ամենայն հավանականությամբ փոխգործակցության զորավարժություն է, երբ 2 երկրներից 1-ի տարածքում կամ 2-ում միառժամանակ Ադրբեջանի զինուժի համապատասխան ստորաբաժանումները ներթափանցում են անում և կոնկրետ մարտական խնդիր իրականացնում։ Այսինքն՝ Հայաստանն ու Իրանը փոխգործակցության ժամանակ իրազեկման և ընդհանուր ուժերով հակառակորդին ոչնչացնելու խնդիր են դրել։
Հաշվի առնելով, որ օրեր առաջ ադրբեջանական կողմը հայտարարություն էր տարածել առ այն, որ իրենց կողմից կան ականի վրա պայթածներ, ընդ որում այդ պայթածների թիվը պարբերաբար մեծանում էր, բացի այդ նշվում էր, որ այնտեղ քաղաքացիական անձինք էին, իսկ այդ տարածքում քաղաքացիական անձինք չէին կարող լինել՝ կարող ենք ենթադրել, որ գուցե այդ տարածք դիվերսիոն-հետախուզական խումբ ներթափանցած լինի՝ ինչ-որ գործողություն իրականանցնելու համար։ Ամենայն հավանականությամբ այդ խումբը կամ խմբերը ինչ-որ ականապատված դաշտում են հայտնվել, կորուստներ են ունեցել՝ ականների պայթյունից վիրավորներ և հետ են քաշվել։ Բնականաբար թե՛ հայկական, թե՛ իրանական կողմն այդ ամենը տեսել ու հասկացել է և հրատապ զորավարժություն են անցկացնում, որպեսզի հաջորդ փորձի ժամանակ ոչ թե սահմանապահ ուժերով այլ կոնկրետ զինված ուժերի ստորաբաժանումներով փորձեն դա կանխարգելել»։
Ռազմական փորձագետը նկատում է՝ իրանական կողմը այս ամենին բավականին լուրջ է վերաբերվում, ինչի մասին վկայում է այն փաստը, որ իրանական կողմի զորավարժությունների պատասխանատուն Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամատարն է։ Նրա խոսքով՝ Իրանի ռազմական ներկայությունը սահմանին բարձրաձայնում է այն կարմիր գծերի առկայության մասին, որով իրենք թույլ չեն տա Հայաստանի տարածքային ամբողջականությունը երրորդ երկրների կողմից խախտվի։
Նահապետյանը հավելեց՝ Իրանը այս զորավարժությունների միջոցով Ադրբեջանին հերթական ուղերձն է փոխանցում, որ Հայաստանի տարածքային ամբողջականության հնարավոր խախտումը չի հանդուրժելու։ «Ընդ որում, եթե նման ներթափանցումներ լինեն, ապա Հայաստանի հետ միասին, Հայաստանի զինված ուժերի միասին, փոխգործակցությամբ հակառակորդի ներթափանցումը պետք է չեզոքացվի»,- եզրափակեց նա։
Դավիթ Գույումջյան