Ուղիղ եթեր
Օրենքը փոխենք, որ մսխենք․ «1000 դրամների» հիմնադրամից տարեկան ավելի քան 600 մլն դրամ է վատնվում
copy image url

Օրենքը փոխենք, որ մսխենք․ «1000 դրամների» հիմնադրամից տարեկան ավելի քան 600 մլն դրամ է վատնվում

Ներքին 1 շաբաթ առաջ - 18:30 11-04-2025

Դավիթ Գույումջյան

Լրագրող

«Նախկինում՝ մեր ժամանակ, Հոգաբարձուների խորհրդի ծախսը եղել է 0 դրամ, մենք երդում ունեինք, որ չի կարելի զոհվածների ընտանիքների գումարի թեկուզ 1 դրամին կպնել։

Այսինքն՝ ի սկզբանե առաջին խորհուրդը՝ ի դեմս Վիգեն Սարգսյանի, որոշում է կայացրել, որ այդ հիմնադրամի միջոցները բացի զոհվածների ընտանիքներին օգնելուց, ուրիշ ոչ մի ուղղությամբ չպետք է ծախսվի, բայց, երբ Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ իրավիճակը փոխվեց»,- Oragir.News-ի հետ զրույցում այս մասին նշեց Երևանի ավագանում «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը, ով 2017-2019 թվականներին եղել է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ։



Մեսրոպ Մանուկյան

Մանուկյանը շեշտում է՝ ՔՊ-ականների իշխանության գալուց հետո վերջիններս որոշեցին փոխել հիմնադրամի այն անդամներին՝ հանձինս իրեն, ովքեր բարձրաձայնում էին, որ հիմնադրամի գումարները կորում են։ Նա ուշադրություն է հրավիրում այն բանին, որ իշխանությունները հայտարարում էին, որ Հայաստանում 700 հազար աշխատող կա, սակայն հիմնադրամ 700 մլն դրամ մուտք չէր կատարվում (նախկինում յուրաքանչյուր գրանցված աշխատող իր աշխատավարձից 1000 դրամ պարտադիր դրոշմանիշային վճար էր կատարում այս հիմնադրամին, իսկ արդեն 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո այս վճարը մի քանի անգամ բարձրացվեց՝ ըստ աշխտավարձի չափի-խմբ․)։

«Երբ եկան էս ՔՊ-ականները, իրենք որոշեցին, որ հիմնադրամի էն անդամները՝ հանձինս ինձ, ովքեր ասում էին, որ հիմնադրամի փողերը կորում են, որոշեցին փոխել։ Իրենք հայտարարում էին, որ 700 հազար աշխատող կա, բայց որ բազմապատկում էի 1000 դրամով 700 մլն դրամ փող մուտք չէր լինում հիմնադրամ։ Տենց կորում էր էլի։ Իրենք որոշեցին փոխել ու օրենքի մեջ փոփոխություն կատարեցին, որով տարեկան հավաքագրումների 2-3 տոկոսը կարող են ուղղել վարչական ծախսերին։ Դա կազմում էր տարեկան մինչև 600 մլն դրամ, հիմա կարող է այն ավելի շատացած լինել, որովհետև վերջին տարիներին մուտքերը կտրուկ ավելացել են»,- ասաց նա՝ հոգաբարձուների խորհրդի ծախսերը գնահատելով որպես վատնում։

Oragir.News-ի հարցին՝ հիշյալ միջոցներից հոգաբարձուների խորհրդի անդամներին միայն աշխատավա՞րձ են տրամադրում, թե՞ այլ ծախսեր էլ են կատարվում՝ Մեսրոպ Մանուկյանը պատասխանեց, որ այդ միջոցներն ինչպես աշխատավարձի վճարմանն է հատկացվում, այնպես էլ զանազան անհասկանալի նպատակների՝ գովազդերի և այլն։ Նա նաև նկատեց, որ հիմնադրամի աշխատակազմն արհեստականորեն ուռճացվել է, և իշխանականներն իրենց ծանոթ-բարեկամներից շատերին այս հիմնադրամում աշխատանքի են տեղավորել։

«Ես մի անգամ սարկազմով ասում էի, որ երբ Նաիրի կոնյակն այդ հիմնադրամից կխմեք, հիշեք, որ այդ կոնյակը խմում եք զոհվածների ընտանիքներին հասանելի գումարներներից։ Կարող եք այդ հիմնադրամին դիմել, իրենց ծախսերը թող տրամադրեն, կտեսնեք»,- նշեց նա։

Մեսրոպ Մանուկյանը հավելեց՝ ՔՊ-ականներն օրենքը փոխել են, որպեսզի հնարավորություն ունենան հոգաբարձուների խորհրդի կարիքների համար նման գումարներ ծախսել։ Ըստ նրա՝ խնդիրը ոչ թե իրավական տիրույթում է, այլ բարոյական։

Oragir.News-ի թեմայի վերաբերյալ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամից փորձեց պարզաբանում ստանալ, սակայն մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին։ Եթե հրապարակումից հետո հիմնադրամի ներկայացուցիչները ցանկանան իրենց պարզաբանում ներկայացնեն, Oragir.News-ը պատրաստ է այն հրապարակել։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված