Ուղիղ եթեր
 Ոչ մի օր՝ առանց Արցախի. տարածված խաղերը
copy image url

 Ոչ մի օր՝ առանց Արցախի. տարածված խաղերը

Ներքին 1 շաբաթ առաջ - 22:00 10-04-2025
Արցախում նույնպես երեխաների մանկությունը զարդարված է եղել տարատեսակ խաղերով։

Դրանց ամբողջական պատկերն ու թվարկումը, իհարկե, հնարավոր չէ տալ, քանզի շատ բնակավայրեր ունեցել են միայն այդ տարածաշրջանին հատուկ խաղեր, որոնցից շատերը, ցավոք, ժամանակի հետ մոռացության են մատնվել։ Այնուամենայնիվ, պատվարժան ստեփանակերտցի Աշոտ Սարգսյանի օգնությամբ մեզ հաջողվեց նկարագրել արցախցի երեխաների մեջ առավել տարածում ունեցած խաղերի մեծ մասը։ Եվ այսպես․

Ջջլախտի



Խաղում էին պատանի, երիտասարդ կամ միջին տարիքի տղամարդիկ` 7-12 հոգով։ Խաղացողները բաժանվում են երկու խմբի՝ հավասար ուժերով։ Նախօրոք գծում էին մի կլոր շրջան, որի մեջ, վիճակահանությամբ, մտնում է մի խումբը՝ յուրաքանչյուրն իր լախտով։ Նրանք շարվում են կենտրոնից դեպի շրջագիծը։ Կենտրոնում գտնվողների խնդիրն է՝ թույլ չտալ շրջանից դուրս գտնվողներին փախցնել իրենց լախտերը։ Շրջագծից դուրս գտնվողները շրջապատում են շրջանը և ձգտում տիրանալ լախտերին։ Նրանք շրջանից ներս անցնելու, իսկ ներսում գտնվողները՝ շրջանից դուրս գալու իրավունք չունեին։ Ըստ պայմանի՝ բոլոր հարվածները հասցվում էին միայն գոտկատեղից ներքև։ Ներսինները գետնին դրված իրենց լախտերը պաշտպանում են՝ մի ոտքը վրան դնելով, իսկ մյուսով ձգտում են հարվածել հակառակորդին։ Ներսում յուրաքանչյուր լախտի գրավում նշանակում էր լախտի տիրոջ՝ խաղից դուրս գալը։ Դրսինների հաղթանակը բոլոր լախտերը փախցնելն ու նրանց տերերին գերի վերցնելն էր, իսկ ներսինները հարձակվող խմբի անդամներին խաղից դուրս էին հանում նրանց ոտքի թաթը տրորելու միջոցով։ Միաժամանակ, ներսինները փորձում էին շրջանի ներսը քաշել հարձակվող խմբի անդամներից մեկին, և հաջողության դեպքում խմբերի դերերը փոխվում էին։ Իսկ եթե դրսիններին հաջողվում էր փախցնել լախտը, ապա լախտով սկսում էին հարվածել ներսիններին։

Հարձակվող խմբի բոլոր անդամներին չեզոքացնելուց հետո պաշտպանվող խումբը վերածվում էր հարձակվողի, իսկ վերջինս՝ պաշտպանվողի։

Վէքի (կոճի)

Վէքին Արցախում տարածված հնագույն խաղերից մեկն էր։ Գոյություն ուներ մի քանի տարբերակ: Խաղում էին միայն տղաները։ Որպես խաղաքար՝ օգտագործվում էր ոչխարի հետին ծնկահոդի ոսկորը՝ վէքը (ճանը)։


Ստեփանակերտցիները հիմնականում խաղում էին ոչ թե ավանդական ձևով՝ ընկույզ կամ ճաներ շահելու համար, այլ կինոժապավեններ: Ի դեպ, եթե կինոժապավենի վրա մարդու գլուխն ամբողջական էր հաշվվում էր 2 հատ:

Խաղի կանոնները շատ պարզ էին: Խաղացողներից մեկն իր ճանը նետում էր հեռու, մյուսն էլ իր ճանը նետում էր հակառակորդի ճանի ուղղությամբ, եթե չէր հասնում, ապա հերթը հասնում էր մյուսին: Եթե նրա նետած ճանը դիպչում էր հակառակորդի ճանին կամ ընկնում էր մի թիզաչափ մոտ, ապա ստանում էր մեկ կինոժապավեն:
Եթե առաջին նետողի ճանը օջի (հարմար դիրքով) էր կանգնում, բայց չէր հասնում հակառակորդի ճանին, նորից էր նետում: Եթե նետելուց հետո մեկ թիզաչափ մոտ էր ընկնում և օջի էր կանգնում, մեկ կինոժապավեն էր շահում և նորից էր նետում՝ շահելով էլի մեկը:

Քըսկառենքի

Քըսկառէնքը եռոտանին է: Խաղացողները բաժանվում էին երկու հավասար խմբի, յուրաքանչուրում՝ 5 կամ 7 հոգի:

Վիճակ հանելուց հետո, մի խումբը քըսկառէնքի տեսք էր ընդունում, այսինքն՝ իրար ուս-ուսի տված, դեպի առաջ թեքված, գլուխները իրար մոտ, շրջան էին կազմում: Նրանցից մեկը հերթապահում էր, որ հակառակորդ թիմի անդամները չցատկեն և ընկնեն քըսկառէնքի վրա: Հերթապահողը ձգտում էր «թռչող» հակառակորդի ոտքին հարվածել, հաջողության դեպքում տեղերը փոխվում էին: Նույնն էր կատարվում և այն դեպքում, երբ հերթապահողը քըսկառէնքի վրա գտնվողներից մեկի ոտքի ծայրին կպչում էր իր ոտնաթաթով՝ գետնին հպած:
Շատ հաճախ էր պատահում, որ խաղը վերջին չէր հասնում՝ մեկը մի «խինջոթուն» (դաղալություն) էր անում։

Յոթ քարանի



Խաղում էին հիմնականում փոքրերը՝ տղաներն ու աղջիկները։ Խաղի համար անհրաժեշտ էր գնդակ, յոթ տափակ քար:

Խաղում էին երկու թիմով՝ իրար դեմ։ Նախ՝ գծում էին շրջան, որի մեջ յոթ քարերը շարում էին իրար վրա։ Ապա՝ վիճակահանությամբ ընտրված առաջին թիմի խաղացողները որոշ հեռավորությունից հերթով գնդակով խփում էին քարե բուրգին։ Երբ բուրգը քանդվում էր, խաղացողը փռում է քարերը և վազում գնդակի ետևից։ Գնդակը հայտնվում էր երկրորդ թիմի ձեռքում։ Առաջին թիմի խնդիրն էր քարերը դասավորել նախնական դիրքով։ Երկրորդ թիմի խաղացողները պետք է խանգարեին նրանց՝ «կրակելով», այսինքն՝ գնդակով խփելով առաջին թիմի խաղացողներին։ Եթե խաղացողը բռնում էր գնդակն օդում, կարող էր այն հեռու նետել և դուրս չգալ խաղից։ Կարող էր լինել նաև «ինքնազոհություն»՝ խաղացողը, ում կպչում էր գնդակը, կարող էր այնպես անել, որ գնդակն անդրադառնալով իրենից՝ հեռու թռչի, իսկ ինքը՝ դուրս գա խաղից։

Քարերը լրիվ դասավորելուց հետո, առաջին թիմից մեկը պետք է ձեռքը դներ քարին և հաշվեր մինչև տասը։ Եթե հաշվարկը կիսատ է մնում, այսինքն՝ հասցնում էին նրան գնդակով խփելով հանել խաղից, ապա մյուս թիմակիցն էր շարունակում հաշվել։ Եթե նրանց հաջողվում էր հաշվելն ավարտին հասցնել, ապա առաջին թիմը ճանաչվում էր հաղթող, իսկ եթե երկրորդ թիմին հաջողվում էր հեռացնել հակառակորդի բոլոր խաղացողներին, ապա խաղի արդյունքում նա էր հաղթող ճանաչվում։

Կյուղուլկանի (պահմտոցի)

Խաղացողների թիվն անսահմանափակ էր։

Խաղալու ժամանակը երեկոյան ժամերն էին, բայց կարելի էր խաղալ ցանկացած ժամանակ:
Խաղացողներից մեկը ձեռքերով փակում էր աչքերը, մյուսները թաքնվում են (կյողուլ էին կենում) շրջակայքում:
Աչքերը փակողը բարձրաձայն հաշվում է մինչև 50-ը։ Այդ ընթացքում բոլորը պետք է հասցնեին թաքնվել, որից հետո բացում էր աչքերը և սկսում փնտրել խաղընկերներին։

Խաղահրապարակի տեսանելի մասում դնում էին որևէ խոշոր քար կամ էլ ընտրում էին մի պատ, էլեկտրասյուն։ Որևէ մեկին նկատելու դեպքում փնտրողը վազելով մոտենում էր նշանակետին և հայտարարում, ասենք` «Թո՛ւ ,Գագո»։ Գագոն համարվում է գտնված և դուրս էր գալիս խաղից։ Եթե աչքերը փակողը բավական հեռացել էր կենտրոնից, թաքնված խաղացողները կարող են մոտենալ նշանակետին և ասել` «Թո՛ւ, ես»: Եթե փնտրողը գտնում էր մեկին, բայց գտնվողը ավելի շուտ էր հասնում նշանակետին, գտնողը նորից հաշվում էր մինչեւ 50-ը, գտնվողը գնում էր նորից թաքնվում մյուսների հետ և խաղը նորից էր սկսվում: Իսկ եթե ոչ, ապա արդեն հաշվում է «գտնվածը»։

Չըրչըրմանքի (քարկտիկին է)

Խաղացողը հինգ՝ պնդուկի չափ քարերն ափի միջից թափում է գետնին։ Հետո պատահական ընտրված մեկը նետվում էր վեր: Ու մինչ նա հետ կգար, պետք էր հասցնել հավաքել մնացած չորսը, ինչից հետո բռնել նաև այն մեկը:

Հետո բթամատով և ցուցամատով կամար էր ստեղծվում, որը հարմարեցվում էր գետնին: Քարերից մեկը նորից նետվում է վեր և մինչև այն ցած կիջնի, անհրաժեշտ էր գետնին փռված քարերց մեկն անցկացնել կամար-դարպասով, այնուհետև՝ մնացած քարերը ևս նույն կերպ:

Բոբսիկի

Ոչխարի մորթու փոքր կտորի մեջտեղին հագցվում էր արճիճի (ղուրղուշում) կտոր և դրանով ոտնաթաթի ներսի մասով անընդհատ՝ ինչքան կկարողանայիր՝ հարվածելով ու օդ նետելով, հավաքում էիր միավորներ։ Խաղում էին մի քանի հոգով, խփում էին վիճակահանությամբ։ Խաղը տևում էր մինչև մի որոշակի՝ խաղացողների կողմից սահմանված թիվ, ասենք՝ մինչև 21-ը, 51-ը կամ 101-ը, որին հասնում էին՝ խփելով հաջորդաբար և գումարելով նախորդ «ձեռքբերումները»։

Երբ մեկը հաղթում էր, պարտվողը պետք է բոբսիկը հարմար կերպով նետեր նրա կողմը, իսկ նա հարվածում էր ուզած ուղղությամբ։ Եթե պարտվածը կարողանում էր բռնել օդում, նրա չարչարանքներն ավարտվում էին, եթե ոչ՝ շարունակում էր նորից մատուցել։

Կարեն Միրզոյան

Շարունակելի


Ամենից շատ դիտված

23:44 Վարդան Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել 40 դրվագով
19:15 Առաջին անգամ էր, որ տնից դուրս էր եկել ու չէր վերադարձել. 3 օր անհետ կորած, 68-ամյա պապիկը գտնվել է մահացած
14:17 Դուք միջին որակի վարչապետ եք ու «Զապոռոժեց» վարող, ձեր դիմացը չեք նայում․ Սեյրան Օհանյան
21:52 Իրականում 595.000 ստացող ուսուցիչը նույն 400.000 ստացող ուսուցիչն է. կրթության փորձագետ
18:38 Կրասարցիների մոտ վախի մթնոլորտ են ստեղծել, որ կոծկեն իրենց անգործությունը. շիրակցի ֆերմեր
14:50 Փոքրոգի, ապապետական բոյկոտ ու սպառնալիք Գյումրիում
14:13 Ասացի՝ շատ տաղանդավոր կին է, պետք է մտցնել ՔՊ ցուցակ․ չեմ փոշմանում. Ռուբեն Ռուբինյանն՝ Աննա Գրիգորյանին
13:32 Տվեք ինձ ձեր ավել 450 հազար դրամը, ես ձեր ընտանիքին ապոհովեմ մակարոնով, կետչուպ էլ կտամ․ ՔՊ-ական
22:45   Ոչ մի օր՝ առանց Արցախի. Իշխան Ավետիսյան․ Շարժման սևագործ բանվորն ու հայրենանվեր քաղաքացին
19:45 Դավաճանության խոստովանություն. եթե Արարատ Միրզոյանի նմանները չպատժվեն, ՀՀ-ի փլուզումն անխուսափելի է