Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է ապրիլի 1-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:
«Մեր քաղաքը» դաշինքը գլխավորող, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգավոր Մարտուն Գրիգորյանը շարունակում է ինտրիգը պահել՝ չարձագանքելով Գյումրիի քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանին, ով երեկ ֆեյսբուքյան գրառմամբ դիմել էր Գրիգորյանին և իրեն աջակցելու հարցում նրանից հստակություն ակնկալել։ «Որպեսզի Գյումրին ունենա ընդդիմադիր քաղաքապետ՝ Մարտուն Գրիգորյանը պետք է հետևի Ռուբեն Մխիթարյանի ու Կարեն Սիմոնյանի օրինակին և հստակ հայտարարի, որ կքվեարկի ամենաշատ ընդդիմադիր քվե ստացած թեկնածուին», - գրել էր Ղուկասյանը: Մարտուն Գրիգորյանն առայժմ լուռ է, նրա շտաբն այսօր էլ երեկվա նման փակ էր: Որոշ տեղեկությունների համաձայն՝ Գրիգորյանն այսօր պատրաստվում է հայտարարություն անել։ Նման ակնարկ երեկ արել էր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ նշելով, որ այսօր սպասելու Մարտուն Գրիգորյանին թիրախավորողների զղջացող գրառումներին։
Ընտրությունների գիշեր Գյումրիում տեղի ունեցած սկանդալային միջադեպից հետո ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, «Նավակ ճոճող» մականվամբ Վիլեն Գաբրիելյանն այսօր հայտնեց, որ վայր է դնում պատգամավորական մանդատը։Իշխանական պատգամավորը ֆեյսբուքյան գրառմամբ ներողություն է խնդրել իր անադեկվատ պահվածքի համար, ինչպես նաև տեղեկացրել, որ առաջիկայում ինքնաառաջադրվելու է որպես ՔՊ վարչության անդամի թեկնածու՝ ընդունելով, որ կառավարող քաղաքական ուժը կերպարանափոխման և առողջացման կարիք ունի։ Ընտրությունների գիշերը Վիլեն Գաբրիելյանը Գյումրիում հարբած վիճակում անադեկվատ պահված էր դրսևորել՝ հայհոյելով իրեն հարցեր տված լրագրողներին։ Մեկ այլ լրագրողնի հարցին, թե իր անադեկվատ պահվածքից հետո պատրաստվո՞ւմ է մանդատը վայր դնել՝ Գաբրիելյանը պատասխանել էր․ «Մեկ է` 2026-ին իշխանությունը փոխվելու ա, խի՞ եմ ես մանդատս հիմա վայր դնում»։ Ընդդիմությունը մինչդեռ պնդում է, որ Վիլեն Գաբրիելյանին չի ներվել իր խոսքը, որ 2026-ին իշխանությունը փոխվելու է։
Ադրբեջանի Միլի Մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սամադ Սեյիդովը մերժել է իր հայ գործընկեր Սարգիս Խանդանյանի հետ հանդիպելու առաջարկը, և վերջինիս պոպուլիստ անվանել։ Խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումից օրեր անց Խանդանյանը Սեյիդովին առաջարկել էր հանձնաժողովների համատեղ հանդիպում անցկացնել՝ կարծիքներ փոխանակելու խաղաղության համաձայնագրի նախագծի և դրա վավերացման գործընթացի շուրջ և ընդգծել, որ այսպիսի նախաձեռնությունը կարող է լրացնել Բաքվի և Երևանի կողմից ձեռնարկվող վստահության ամրապնդման միջոցառումները, նպաստել տարածաշրջանային կայունության ամրապնդմանը։ «Եթե խաղաղության քարոզչությունը պոպուլիզմ է, ապա ես հպարտորեն ընդունում եմ այդ պիտակը այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է»,- ադրբեջանցի գործընկերոջ մերժանն այսպես է արձագանքել Խանդանյանը։
Սամադ Սեյիդովի մերժմանն Oragir.News-ի հետ զրույցում անդրադարձավ հասարակական-քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով, որ ժամանակին հայկական պատվիրակությունը Սեյիդովին «տշում էր գետնին»,մինչդեռ այժմ վերջինս արհամարհում է Նիկոլ Փաշինյանի կադրերին։ «Սամադ Սեյիդովն ինձ հետ միասին եղել է նույն քաղաքական խմբում՝ 15 տարի շարունակ։ Մենք միասին Եվրոպայի պահպանողականների ու ռեֆորիստների խմբի անդամ էինք, և ես չեմ հիշում որևէ դեպք, երբ հայկական պատվիրակության անդամների, այդ թվում իմ խոսքի ժամանակ նա ծպտուն հանելու համարձակություն ունենար։ Սամադն իհարկե փորձում էր հակադարձել հայկական պատվիրակությանը, էտ նույն կուրկուռ Սամադը, կներեք էս բառի համար, տարիներ շարունակ աղերսում էր Եվրոպային խորհրդին՝ օգնել Ադրբեջանին՝ իր «օկուպացված» տարածքներն ազատագրելու համար, որովհետև Հայաստան պետությունը և հայկական սփյուռքը 30 տարի շարունակ իրենց ճնշում էր իրենց»,- նշել է Զոհրաբյանը։
Մանրամասները՝ տեսանյութում: