Oragir.News-ի հետ զրույցում «Արտաշատ»բժշկական կենտրոնի փոխտնօրեն Աղասի Մահտեսյանը հայտարարել է, որ կենտրոնի կողմից սխալ դեղորայք չի կիրառվել, և հիվանդին տրամադրվել է անհրաժեշտ բուժօգնությունը։
«Քարտը նայել ենք, ամեն ինչ նորմալ է եղել, ես ևս անձամբ ծանոթացել եմ։ Հիվանդը բաժանմունքում մնացել է 2 ժամ, և ամբողջ անհրաժեշտ բուժօգնությունը տրամադրվել է»,- նշել է Մահթեսյանը։
Հիշեցնենք, որ Արարատի մարզի բնակիչ Լևոն Գևորգյանը մեղադրել է «Արտաշատ» բժշկական կենտրոնի բժիշկներին՝ հայտարարելով, որ իր 25-ամյա քրոջ՝ Սիլվա Գևորգյանի մահը, որը տեղի է ունեցել մարտի 31-ին «Արմենիա» բժշկական կենտրոնում, պայմանավորված է եղել «Արտաշատ» ԲԿ-ի կողմից սխալ դեղորայք ներարկելու հետևանքով։
Փոխտնօրենը, սակայն, հերքում է այս մեղադրանքները՝ նշելով, որ հիվանդի եղբայրը բժիշկ չէ և կարող է սխալ պատկերացում ունենալ իրավիճակի մասին:
«Ինչ հնարավոր էր, արվել է բժիշկների կողմից։ Ես նրա եղբորը չեմ ճանաչում, ինչպես դուք եք լսել լրատվամիջոցներից, այնպես էլ մենք։ Հակացուցված ոչինչ չի եղել։ Ցավոք, էմոցիաների ազդեցության տակ այս անհիմն տեղեկատվությունը անմիջապես հրապարակվել է։ Բոլոր փաստաթղթերը առկա են, կարող են գալ և ստուգել»,- ընդգծել է Մահթեսյանը։