Մերձավոր Արևելքում փոթորիկ է հասունանում․ Իրանի հրթիռները պատրաստ են
copy image url

Մերձավոր Արևելքում փոթորիկ է հասունանում․ Իրանի հրթիռները պատրաստ են

Արտաքին Խոսք 1 օր առաջ - 18:51 31-03-2025
Իրանի զինված ուժերը մարտական պատրաստության են բերել հրթիռները, որոնք կարող են հարված հասցնել ԱՄՆ-ի հետ կապ ունեցող դիրքերին։ Tehran Times-ի հաղորդմամբ՝ հրթիռները տեղակայված են ստորգետնյա օբյեկտներում և նախատեսված են պաշտպանվելու օդային հարվածներից։

Մարտի 31-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ եթե Թեհրանը չկնքի նոր միջուկային համաձայնագիր, Վաշինգտոնը կարող է դիմել ռազմական գործողությունների և խստացնել տնտեսական պատժամիջոցները։

Ի պատասխան՝ Իրանի իշխանությունները հայտարարել են, որ չեն բանակցի ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը շարունակում է գործադրել տնտեսական, քաղաքական և ռազմական ճնշումներ Թեհրանի նկատմամբ։

Թեմայի շուրջ Oragir.News-ը զրուցել է քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի հետ։

«Եթե պատկերավոր ասենք, ԱՄՆ-ն՝ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ, հայտարարում է, որ պատրաստ է հարվածել Իրանին այնպես, որ Թեհրանում նույնիսկ չեն էլ պատկերացնում։ Թեհրանն էլ, բնականաբար, պետք է պատասխան քայլեր ձեռնարկեր, այդ թվում՝ տեղեկատվական դաշտում։ Վերջերս Հեղափոխության պահապանների կորպուսի շտաբի պետը այցելեց ստորգետնյա ռազմական օբյեկտներ, որտեղ տեղակայված են հրթիռներ և այլ զինատեսակներ։ Հիմա էլ այսպիսի հայտարարություններ են արվում։ Սրանք սովորաբար նախորդում են խոշոր բանակցություններին։ Այսինքն՝ կողմերը նախ ցուցադրում են իրենց հնարավորությունները, որ բանակցությունների սեղանի շուրջը ավելի ուժեղ դիրքերից հանդես գան»,- ասում է քաղաքագետը։

Մաթևոսյանի կարծիքով՝ Թեհրանը չի պատրաստվում ուղիղ բանակցել ԱՄՆ-ի հետ՝ առանց միջնորդների։

«Իրանի ղեկավարությունը հստակ նշել է, որ առանց միջնորդի ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն վարի։ Եվ, ամենայն հավանականությամբ, միջնորդի դերում կտեսնենք Ռուսաստանին, քանի որ այս խնդիրը միայն Մոսկվան կարող է լուծել»,- նշում է նա։

«ԱՄՆ-ն ատոմային տերություն է, իսկ Իրանը չի կարող հավասարվել նրան ռազմական հզորությամբ։ Բայց Իրանը աշխարհի ամենահարուստ պետություններից է բնական պաշարներով։ Այս առումով Թեհրանը պնդում է, որ առանց միջնորդի բանակցություններ չի վարի։ Իսկ մենք, օրինակ, առանց միջնորդի ուղիղ բանակցում ենք Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»,- ընդգծում է Մաթևոսյանը։

Մերձավոր Արևելքում պատերազմի վտանգն աճում է, եթե կողմերը չհասնեն համաձայնության, ապա Մաթևոսյանը չի բացառում լայնածավալ ռազմական գործողությունների սկիզբը այդ տարածաշրջանում։

«Պենտագոնի ղեկավարությունը նշել է, որ իրենց հիմնական նպատակը Չինաստանի զսպումն է, և այդ նպատակով ԱՄՆ-ն ընդլայնում է իր ռազմական ներկայությունը Ճապոնիայում։ Շատ փորձագետներ կարծում են, որ ԱՄՆ-ն պատրաստվում է նվազեցնել իր ռազմական, տնտեսական և քաղաքական ներգրավվածությունը Եվրոպայում և Մերձավոր Արևելքում՝ կենտրոնանալով Չինաստանի վրա։ Սակայն նախքան տարածաշրջանից հեռանալը Վաշինգտոնը ցանկանում է ապահովել Իսրայելի անվտանգությունը, որպեսզի համոզված լինի, որ Իրանը սպառնալիք չի ներկայացնի իր համար»,- ասում է քաղաքագետը։

Ըստ Մաթևոսյանի՝ Թրամփի կոշտ դիրքորոշումն Իրանի նկատմամբ պայմանավորված է հենց այս ռազմավարությամբ․ Վաշինգտոնը փորձում է Իսրայելի անվտանգության համար «բարձիկներ» ստեղծել, նախքան կնվազեցնի իր ներկայությունը Մերձավոր Արևելքում։

Ամենից շատ դիտված

10:00 Մարտուն Գրիգորյանը կքվեարկի, որ Վարդան Ղուկասյանը դառնա քաղաքապետ
11:05 «Նավակ ճոճող»-ի մանդատը կհասնի Փաշինյանին հավատացողին. ով է ՔՊ-ի հաջորդ պատգամավորը
17:08 Շորերս, մեռնեմ ձեզ, թողեք էթամ․ ինչպես են ոստիկանները Երևանում թմրադեղ վաճառողի բռնում
12:44 Վերնիսաժում աշխատող տղամարդուն առանձնակի դաժանությամբ սպանած 4 անձինք ձերբակալվել են. նոր մանրամասներ. shamshyan.com
14:02 ԱԺ նախագահի հայտարարությունը՝ Վիլեն Գաբրիելյանի հրաժարականի դիմումի մասին
14:35 Երկրաշարժ՝ Հայաստանում․ այն զգացել են մի քանի մարզերում
12:10 44-օրյա պատերազմում որդուն կորցրած հայրը ջրհորում խեղդվել է. ողբերգական դեպք Արարատում
20:44 Թե՛ Մարտուն Գրիգորյանը, թե՛ Վարդան Ղուկասյանը պետք է պատրաստ լինեն ռեպրեսիաների. քաղաքագետ
11:30 Նախկինում անձամբ ճանաչելով Վիլենին՝ կարող եմ հավատալ, որ ինքնուրույն որոշում է․ Արսեն Բաբայան
08:38 Դատախազը կգնա Տիգրան Ավինյանի հետևից. ԱՆԻՖ հիմնադրամի 25 մլրդ թալանի «անունները»․ Ժողովուրդ