Անկեղծ չեն․ ինչո՞ւ ընդունեցին երրորդ ուժեր չտեղակայելու պայմանը 
copy image url

Անկեղծ չեն․ ինչո՞ւ ընդունեցին երրորդ ուժեր չտեղակայելու պայմանը 

Միտք Ներքին 1 ամիս առաջ - 13:00 25-03-2025
Անգլիացիների կարծիքով՝ արդար կառավարումն ու անկեղծությունը ազգային առաջընթացի փլիսոփայական քարն է։ Օրինակ՝ Մեծ Բրիտանիայում բարոյական նորմ է սահմանված, որ պետական պաշտոնյան պետք է ճիշտ խոսի։ Նույնիսկ գաղութաբնակի հետ խոսելիս՝ բրիտանացի քաղաքական գործիչը սկզբունքորեն չի ստում։ Անգլիական արդարամտությամբ է բացատրվում բրիտանական կայսրության համաշխարհային ազդեցությունը։ Հայաստանի պարագայում դժվար է պնդել, որ պետական գործիչներն անկեղծ են։ Ավելին, երբեմն իրենք իրենց հետ անկեղծ չեն ու իրենք իրենց գցում են շփոթության մեջ։

Այդպիսի մի թեմա է խաղաղության համաձայնագրում ներառված երրորդ ուժերի չտեղակայման մասին կետը։ Մարտի 24-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԳ փոխնախարարն, անդրադառնալով խնդրին, նշեց, որ դա վերաբերում է ռազմական ներկայությանը, իսկ ԵՄ դիտորդները ռազմական ուժ չեն։ Հարցին, թե Ադրբեջանը կարո՞ղ է պահանջել ԵՄ առաքելության ամբողջական դուրսբերումը, օգտագործելով համաձայնագրում «երրորդ ուժերի դուրսբերման» մասին կետը, ԱԳՆ փոխնախարարը նշեց. «ԵՄ առաքելությունը դիտորդական առաքելություն է։ Հետևաբար, տրամաբանությունը թելադրում է, որ նման պահանջներ չպետք է լինեն»։

Այս դեպքում հարցեր են ծագում։ Եթե սահմանին երրորդ ուժեր չտեղակայելը ԵՄ դիտորդներին չի վերաբերում, ապա ո՞ւմ է վերաբերում, ենթադրյալ ի՞նչ ուժեր կարող էին տեղակայվել հայ-ադրբեջանական սահմանին, և ՀՀ-ն ինչո՞ւ երկար ժամանակ չէր համաձայնվում այդ պայմանին։

Հանրային խոսույթում քննարկվում է 2 վարկած։ Վերլուծաբանների մի մասը ենթադրում է, որ խոսքը վերաբերում է ռուսական ռազմական ներկայությանը։ Որոշ քաղաքագետներ կարծում են, որ Արևմուտքի՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, ԵՄ հնարավոր ռազմական ներկայության մասին է։

Հայ-ադրբեջանական սահմանին 2020-ի պատերազմից հետո Փաշինյանի խնդրանքով՝ ռուսական զորքեր կանգնեցին։ Իսկ հետագայում ՔՊ-ական բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ հայտարարեցին կամ ակնարկեցին են, որ ռուս զինվորներն օգնել են, որ Ադրբեջանը զավթի ՀՀ ինքնիշխան տարածքի 200 կմը, աջակցել Ադրբեջանի սադրանքներին, տրամադրել հետախուզական տվյալներ և այլն։ Այս տնտունջները լուծում ստացան 2024-ի մայիսի 8-ին։ Մոսկվայում Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ ձեռք բերվեց պայմանավորվածություն ռուսական զորքերը հայ-ադրբեջանական սահմանից դուրս բերելու մասին։ Նշենք նաև, որ ընդդիմադիր պատգամավորների և որոշ քաղաքական այրերի կարծիքով՝ ռուսական զորքերը սահմանից դուրս են հրավիրվել Ադրբեջանի պահանջով։

Ռուսական վտանգի վարկածը կարող էր շրջանառել Բաքուն, ցույց տալով, որ ՀՀ-ում իշխանությունն անկեղծ չէ և խաղաղության կնքումից հետո կրկին կարող է ռուսներին կանգնեցնել սահմանին, ապակայունացնելով իրավիճակը տարածաշրջանում։ Այս դեպքում Փաշինյանի՝ ամիսներով, տարիներով մտածելը կասկածելի է, անուղղակի ապացուցում է Բաքվի այս նարատիվը։

Երկրորդ վարկածը առաջ էին մղում ՀՀ որոշ պաշտոնյաներ, իշխանամերձ քաղաքագետներ։ Նրանք էլ ուզում էին աշխարհին ցույց տալ, թե Ալիևն անկեղծ չէ, ռուսասեր է, չարիքի գործընկեր, դեմ է ԵՄ դիտորդական առաքելության ներկայությանը։ Այս մեղադրանքներից այն կողմ այլ ենթադրություն էլ կա։ Ասում են, թե Ալիևը սարսափում է հայկական ենթադրյալ ռևանշից, որը կարող է տեղի ունենալ երրորդ ուժերի աջակցությամբ։ Եթե թուրք-ադրբեջանիցները ռուսների հետ եղբայրաբար պայմանավորվել են միմյանց դեմ չգործել, ապա Արևմուտքի պարագայում միանշանակ վստահություն չկա։ Հիմնավոր վախ կա Ֆրանսիայից, ԱՄՆ-ից։ Այսինքն՝ ադրբեջանցիները վախենում են, որ ՀՀ-ն Արևմուտքի աջակցությամբ կարող է վերականգնել ՀՀ տարածքային ամբողջականությունը, ազատագրել Արցախը, ապահովելով արցախցիների վերադարձը։ Ենթադրաբար՝ այս է սահմանին երրորդ ուժեր չտեղակայելու մասին պայմանի տրամաբանությունը։ Բայց եթե Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ ռևանշի չի ձգտում, խաղաղության ջատագով է, ապա ամիսներ, տարիներ շարունակ ո՞ւմ կամ ինչո՞ւ էր սպասում, Ալիևի վախն էր չափո՞ւմ, թե՞ Արևմուտքի դիրքորոշմանն էր սպասում ՀՀ օկուպացված տարածքներն ազատագրելու, Արցախի ազատագրման, արցախցիների վերադարձի վերաբերյալ։

Պարզ ասած՝ երրորդ ուժեր չտեղակայելու հարցում նահանջելուց հետո պարզ չէ, թե Փաշինյանը տարիներ շարունակ ինչո՞ւ կամ ո՞ւմ էր սպասում, ի՞նչ փոխվեց, որ զիջեցին ու ընդունեցին չբարեկամի այդ պայմանը, արցախցիների վերադարձի հարցի լուծման այլ՝ ՀՀ դաշնակիցների ռազմական աջակությունը բացառող տարբերակ է քննարկվո՞ւմ, թե՞ Փաշինյանը պարզապես հանձնվեց։ Այս կարևոր հարցում անկեղծ չեն, նույնիսկ իրենք են խճճվում իրենց անտրամաբանական նարատիվներում։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

17:03 Այս պահին հիվանդանոցներ տեղափոխվել է 8 անձ․ մանրամասներ՝ Երևանում ավտոբուսի վթարից
19:22 Մի տխմար իմ մասին խոսելիս ասում է՝ «փնթի էգ», մյուսը՝ «տգետ հարճ». Աննա Հակոբյանը՝ իրեն քննադատողների մասին
23:28 «Փնթի էգը» ձեր շրջապատի լեքսիկոնն ա. մեր շրջապատում ուրիշ ձև են արտահայտվում. Տիգրան Վարդանյան
18:08 Մխչյանի դպրոցի տնօրենն աշխատանքի չի բարեհաճում, ուսուցիչներն էլ հերքում են, որ թմրանյութ է բաժանվել
18:49 Դրամահավաքի մասին բարձրաձայնելուց հետո տնօրենը հրահանգել է նվաստացնել երեխայիս
10:03 Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից
22:07 Ամբողջ գյուղը խոսում է, որ թմրանյութ են բաժանել․ տեղներս չենք գտնում․ ինչ են պատմում Մխչյանում
20:00 5 տարեկան Արեգիս ասել եմ՝ Պարգևը հրեշտակ է դարձել, թռել երկինք․ 22-ամյա Պարգևի սպանության հետքերով
15:15 Մեծ ձեռքբերում է, որ նստած է, այլ ոչ թե չոքած․ Էդգար Ղազարյան
17:12 Մերձավանի դեպքը ծաղկեփունջ էր. Արմավիրի դպրոցներում ավելի խայտառակ իրավիճակ է. ահազանգ