Սոթքի կրակոցներով ինչ էր ստուգում Ադրբեջանը. չկրակելու հրամանի հետքերով
copy image url

Սոթքի կրակոցներով ինչ էր ստուգում Ադրբեջանը. չկրակելու հրամանի հետքերով

Ներքին Միտք 2 ամիս առաջ - 18:15 24-03-2025

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Մարտի 13-ին պարզ դարձավ, որ Հայաստանն ու Ադրբեջանն ավարտել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները։ Թեպետ այս կապակցությամբ հայկական կողմը ոգևորված էր և առաջարկում էր օր առաջ ստորագրել փաստթուղթը, Բաքուն չէր շտապում կիսել այս ոգևորությունը, ավելին՝ շարունակաբար հիշեցնում էր նախապայմանների, մասնավորապես՝ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջի մասին՝ պնդելով, որ առանց դրա պայմանագիրը չի ստորագրվի։

Բանակցությունների ավարտից բառացիորեն ժամեր անց Ադրբեջանը սկսեց սրել իրավիճակը։ Հարևան երկրի պաշտպանական գերատեսչությունը հաջորդող օրերին՝ օրը մի քանի անգամ, ապատեղեկատվություն էր՝ Հայաստանին մեղադրելով հրադադարի ռեժիմը խախտելու մեջ։ Թեպետ Հայաստանի պաշտպանության նախարարությունը շտապում էր հերքել այս հայտարարությունները, սակայն հանրության շրջանում գերակշռում էին այն տրամադրությունները, որ Ադրբեջանը նոր հարձակման է պատրաստվում, իսկ նմանտիպ գրառումներով փորձում է դրա համար լեգիտիմ հիմքեր ստեղծել։

Այս իրավիճակում, երբ հայ հանրությունը գրեթե սարսափի մեջ էր ու սրտատրոփ հետևում էր հայ-ադրբեջանական սահմանից ստացվող տեղեկություններին՝ Նիկոլ Փաշինյանը բանակին հրամայեց հրադադարի ռեժիմի և ոչ մի խախտում չանել, հիշեցրեց՝ Հայաստանը գնում է խաղաղության։ «Հայաստանի և Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման։ Իմ հանձնարարականը ՀՀ ՊՆ-ին հստակ է։ Հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել։ Հայաստանը գնում է խաղաղության և ոչ թե պատերազմի»,- մարտի 19-ին գրել է Փաշինյանը, որն ընթերցելիս հայ-ադրբեջանական հակամարտության մանրամասներին չտիրապետող օտարերկրացու մոտ կարող էտպավորություն ստեղծվել, որ հայկական բանակը ևս խախտում էր հրադադարը։

Փաշինյանի այս գրառումից 2 օր անց՝ մարտի 21-ին, հայտնի դարձավ, որ ադրբեջանական զինուժը Գեղարքունիքի և Սոթքի ուղղությամբ ինտենսիվ կրակ է բացել և գնդակոծել հայկական դիրքերը։ Թեպետ Հայաստանի պաշտպանության նախարարությունը շտապեց հերքել այս տեղեկությունները և դրանք ապատեղեկատվություն որակել, այնուամենայնիվ տեղի բնակիչները հակառակն են պնդում, իսկ օրինակ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն իշխանությանը հրավիրեց միասին գնա Սոթք՝ պայմանով, եթե ինքն ապացուցի կրակոցների փաստը, ապա վերջիններս պետք է հրաժարական տան։ Առաքելյանի այս առաջարկն իշխանությունն անպատասխան է թողել։

Ընթերցողին հաստատապես հետաքրքրում է, թե ինչո՞ւ է Ադրբեջանը սրում իրավիճակը և կրակում հայկական դիրքերի ու բնակավայրերի ուղղությամբ, երբ առանց դրա էլ հայկական կողմն անվերապահորեն բավարարել է իր բոլոր պահանջները, իսկ որոնք էլ չի կատարել, առնվազն կատարելու պատրաստակամություն է հայտնել՝ դիտորդների դուրսբերում, միջազգային հայցերից հրաժարում, Սահմանադրության փոփոխություն և այլն։

Հաշվի առնելով այն իրողությունը, որ Սոթքում կրակոցները հնչեցին Նիկոլ Փաշինյանի հայտնի չկրակելու հրամանից հետո՝ ապա ողջամիտ կասկած է առաջանում, որ այս կերպ Բաքվում ստուգում էին, թե հայկական բանակը որքանո՞վ է տեղյակ չկրակելու հրամանից։ Չենք բացառում նաև, որ ադրբեջանական կողմին հետաքրքրում էր, թե Հայաստանի կառավարական կաբինետներում նստած անձանց և իրենց խոսափողներին որքան արագ է հաջողվում լռեցնել հրադադրի խախտման մասին տեղեկությունները և շեղել հանրության ուշադրությունը։ Դատելով պաշտպանության նախարարության հերքումը և դրանում առկա էնտուզիազմը՝ այս թեզն առավել քան համոզիչ է թվում։

Այսպիսով՝ հերթական անգամ համոզվում ենք, որ Ադրբեջանի պահանջների կատարումը ոչ միայն չի նպաստում խաղաղության հաստատմանը, այլև հանգնեցնում է նոր պահանջների առաջ քաշմանը և ավելի է մոտեցնում սպասվող պատերազմը։ Փաստենք, որ թվացյալ խաղաղության դարաշրջան տանող ճանապարհը շարունակում է մշուշոտ մնալ, իսկ Ադրբեջանին շարունակաբար կատարվող զիջումները չեն ցրում այդ մշուշը։

Հայաստանի և Ադրբեջանի միջև իրական խաղաղություն կարող է հաստատվել բացառապես երկու երկրների միջև ուժային բալանսի վերականգնումից հետո, երբ Ադրբեջանը կհամոզվի, որ ուժի և ուժի սպառնալիքի կիրառմամբ ոչ միայն չի կարող հասնել իր պահանջների բավարարմանը, այլև կարող է լրջագույն կորուստներ ունենալ։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

19:54 Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել
12:06 Ալեն, քեզ էլ կհիշեն որպես «գավնասերիալներում խաղացող մարմնավաճառ», մարդկանց վրա թքող, Արցախը թուրքին հանձնող հակահայ
11:04 Նիկո՛լ Փաշինյան, 12300-ից միայն 300-ն է քո կողմնակիցը, այն էլ քեզ հետ եկած, մնացածը թքած ունեն
19:00 Արտակարգ դեպք՝ Երևանում հայտնի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում. կասկածյալներն օտարերկրացիներ են
20:20 Փաշինյանի խոսնակը՝ ավտոշարասյան կողմից քաղաքացու վրաերթի ենթարկելու մասին
16:25 Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան
20:15 Նիկոլական քարոզիչները ակտիվ կերպով փորձելու են սա ներկայացնել որպես «դժբախտ պատահար»
12:19 Վարորդները չեն իմացել, որ բեռնատարներում ԱԹՍ-ներ են. Զելենսկին՝ ՌԴ-ի վրա հարձակման մասին
12:32 Լևոն Տեր-Պետրոսյանը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս. ոչ միայն նա, այլև պատմությունն արձանագրելու են՝ Փաշինյանը ազգակործան պատուհաս է
14:18 Թրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2000 զինվոր