Ուղիղ եթեր
Ներքին Միտք 1 տարի առաջ - 09:00 22-03-2025

Անդրանիկ Քոչարյանը վախենո՞ւմ է Հռիփսիմե Ջեբեջյանից 

ՔՊ պատգամավորի մասնակցությամբ հերթական սկանդալն է տեղի ունեցել մարտի 20-ին։ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պատգամավորին անվայել բաներ է ասել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին, ակնհայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել, առանց ներկայացնելու հիմնավոր պատճառ։

«Մի քիչ էն կողմ, էլի, Դուք էն կողմ կանգնեք»,- լրագրողների հետ ճեպազրույցում թիրախավորելով լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին, ասել է Անդրանիկ Քոչարյանը։ Լրագրողի հարցին՝ ինչո՞ւ, պատգամավորը պատասխանել է․ «Էդպես եմ ուզում։ Մի խանգարեք Ձեր գործընկերներին»։ Հռիփսիմե Ջեբեջյանը հարցրել է. «Ես ե՞րբ եմ խանգարել»։ Անդրանիկ Քոչարյանն ի պատասխան ասել է․ «Դուք միշտ ինձ խանգարում եք, այնտեղ կանգնեք։ Եթե չէ, ես կգնամ, չեմ պատասխանի ձեր գործընկերներին»։ Լրագրողը հարցրել է՝ «Պարոն Քոչարյան, էս ի՞նչ բան է»։ Անդրանիկ Քոչարյանն ասել է․ «Ես առաջնորդվում եմ հոգևորականի այն առաջարկով, որ Ձեզ արեց՝ մաքրեք ձեր շրթունքները»։ Անդրանիկ Քոչարյանն ասել է նաև, որ ներողություն չի խնդրելու։

Ինչո՞ւ է պետական, քաղաքական պաշտոն զբաղեցնող, բազմափորձ ՔՊ-ականը անհարգալից, խտրական վերաբերմունք ցուցաբերել կին լրագրողի նկատմամբ, հրապարակավ վիրավորել նրան։

Գազանանոցի աշխատողներն ասում են, որ կենդանիները մարդու վրա հարձակվում են երկու դեպքում։ Առաջինը՝ երբ մարդուն դիտում են որպես սնունդ։ Երկրորդ պատճառը վախն է։ Այսինքն՝ եթե կենդանին մարդուց չի վախենում, ապա նրա վրա չի հարձակվում։

Քաղաքացիական, ժողովրդավարական հասարակության համար խայտառակ սկանդալ է Անդրանիկ Քոչարյանի հարձակումը լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի վրա։ Քաղաքական բարձրաստիճան գործիչը խտրություն է դրել լրագրողների միջև, վիրավորել կնոջ ինքնասիրությունը, իսկ վերջում խրոխտ հայտարարել, որ ներողություն չի խնդրելու։ Այսինքն՝ նախապես գիտակցել է, որ այնպիսի վատ բան է արել, որ պետք է ներողություն խնդրի, սակայն հրաժարվել է, ցույց տալով, որ գիտակցաբար է տգեղ արարք գործել։ Այսպիսով՝ կարելի է ասել, որ գիտակցաբար տգեղ արարք են գործում ու հետո հրաժարվում ներողություն խնդրել ոչ միայն բարոյական նորմերն արհամարհող խոիլիգաններն, այլև Անդրանիկ Քոչարյանը։

Հանրությանը հաշվետու լինելու ժողովրդավարական սկզբունքը պարտադրում է քաղաքական գործչին պատասխանել հանրությանը հուզող հարցերին, որոնք տրվում են լրագրողի միջոցով։ Անպատասխանատու, հանրային կարծիքն ու բարոյական նորմերն արհամարհողը կարող է Անդրանիկ Քոչարյանի պես վարվել։ Ի վերջո՝ քաղաքական գործիչը լրագրողի միջոցով է իր դիրքորոշումը, գաղափարները, ծրագրերը հայտնում հանրությանը։ Հետևապես՝ լրագրողին վերաբերվում են ընկերաբար, եղբայրաբար, հարգանքով, առանց վիրավորելու, առավել ևս՝ հրապարակավ նվաստացնելու։ Այսինքն՝ լրագրողին վիրավորելու, նրա հարցերին պատասխանելուց հրաժարվելն անատասխանատվության ցուցիչ են, որը բնորոշ է ոչ միայն Անդրանիկ Քոչարյանին, այլև ամբողջ թիմին։ Ու եթե նա հայտարարում է, որ ներողություն չի խնդրելու, ապա ենթադրելի է, որ Անդրանիկ Քոչարյանի վարքը համաձայնեցված կամ թելադրված է, ՔՊ-ի վերաբերմունքն է լրագրողների նկատմամբ։

Նկատենք, որ այս դեպքում պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը նախահարձակ էր։ Լրագրողը հանգիստ կանգնած էր մյուս լրագրողների կողքին, պատգամավորից պատշաճ հեռավորության վրա, ոչ մի հարց դեռ չէր տվել։ Այս պարագայում պատգամավորի նախահարձակ լինելը վկայում է այն մասին, որ ՔՊ-ում վախենում են լրագրողներից, մասնավորապես՝ Հռիփսիմե Ջեբեջյանից։ Այսպիսի վախի ենթադրյալ պատճառն այն է, որ նրանք հակաժողովրդական, ապապետական, հակաժողովրդավարական քաղաքականություն են վարում, հետևապես՝ վախենում են, որ փորձառու լրագրողներն այս մասին կպարզեն հարցերի միջոցով, ու հանրությունը կիմանա ՔՊ-ի իրական դիրքորոշումն ու նկրտումները։ Դրանից հետո ՔՊ-ն կարող է վարկանիշ կորցնել ու չընտրվել առաջիկա ընտրություններում։ Եթե այսպիսի վախեր չկան, և ՔՊ-ն ազնիվ, ազգանվեր նպատակներ է հետապնդում, ազգանպաստ օրակարգ է սպասարկում, ապա ՔՊ-ական պատգամավորը չէր վախենա լրագրողից, տվյալ դեպքում՝ Հռիփսիմե Ջեբեջյանից։ Իսկ հաշվի առնելով, որ լրագրողի առաքելությունը ժողովրդին իրազեկելն է, ապա ենթադրելի է, որ ՔՊ-ն վախենում է ժողովրդից, դրա համար էլ հարձակվում է ժողովրդին իրազեկող փորձառու լրագրողի վրա։

Կարճ ասած՝ լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի դեմ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հարձակումը խայտառակ արեց ՔՊ-ին, ապացուցելով, որ ՔՊ-ականը վախենում է ժողովրդից, անպատասխանատու է, ներդաշնակ չէ հասարակության հետ, արհամարհում է բարոյական նորմերը, առանց պատճառի՝ ոտնահարում մարդու արժանապատվությունը, աղավաղում քաղաքական գործչի կերպարը, փախչում քաղաքական այրի առաքելությունից, ուրանում ժողովրդավարական հասարակության բարձրագույն ու հիմնարար արժեքները՝ ազատությունը, հավասարությունը, եղբայրությունը։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

13:27 Գագիկ Ծառուկյանը կխնդրի, ստոյկա կտա, որ իրեն գործարք առաջարկեմ. ծնկաչոք ընդառաջ կգար էդ գործարքին. Փաշինյան
20:00 Փողը հաղթեց խնամիությանը. FreeNews-ը «Ուժեղ Հայաստան»-ին 4 մլն-ի գովա՞զդ է արել
16:47 Ընդդիմությունը ցանկացած որոշման դեպքում վճարելու է բավականին բարձր քաղաքական գին. Արփինե Հովհաննիսյան
14:28 Բարի լույս Ամստերդամից. Անահիտ Կիրակոսյանը որդիների հետ մեկնել է ճամփորդության
22:00 Ադրբեջանը գերիների հարցը քաղաքական և բանակցային ճնշման գործիք․ Սիրանուշ Սահակյան
18:00 Կասկածելի թռիչքներ պետական միջոցներով․ Սինգապուրի «անհետացած» հաշվետվությունը
22:43 ԿԸՀ-ն ընտրությունների վերաբերյալ կարևոր որոշում է կայացրել
12:32 Հորդառատ անձրևից հետո Գյումրիի փողոցները դարձել են դժվարանցանելի
18:49 Նիկոլի մեղքն Արցախ հանձնելն է, հերիք է «երրորդ ժամկետ»-ի թեմայից անիմաստ խոսեք․ Շարմազանով
17:54 Վաղը դիմելու ենք ԿԸՀ՝ ընտրության արդյունքները չեղարկելու ու ՔՊ-ի արդյունքները վերանայելու համար. Նարեկ Կարապետյան