«Մենք ունենք 7 տղա, ամռանը սպասում ենք 8-րդ տղայի լույս աշխարհ գալուն։ Մեծ տղաս 17 տարեկան է, փոքրը 2։ Մեծ տղաս՝ Սարիբեկ Մոսինյանը Հայաստանի անկախության պատմությունից ի վեր, առաջին հայ մանկահասակ համաշխարհային ռեկորդակիրն է՝ 3 մատերի հենում, ծալում վարժությունը 60 վայրկյանում, 3 անգամ անելով։ Մյուս տղաներս ևս տարբեր սպորտային խմբակների հաճախում են։ Մինչ վերջին վերանորոգումը, տան երեք պատերը նրանց պատվոգրերը և մեդալներն էին զարդարում»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Լոռու մարզի Վանաձոր քաղաքի 42-ամյա բնակիչ Արեն Մոսինյանը։
Նշենք, որ արդեն 2 տարի է՝ Արեն Մոսինյանի համար միջնորդություն է ներկայացվել «Ծնողական փառքի» մեդալի հավակնության համար, սակայն ոչ մի հստակ արձագանք չկա, իր նշմամբ՝ թեկուզ բացասական․
«Ծնողական փառքի մեդալի մասով գոյություն ունի օրենքի կետ, այսինքն՝ 2022 թվականի ապրիլի 28-֊ին N 521 որոշումը ստեղծված է հենց նրա համար, թե ովքեր պետք է արժանանան «Ծնողական փառքի» մեդալի։ Սոցապ նախարարությունը այդ օրենքի կետի համաձայն, այն մարդկանց ովքեր արժանացել են մեդալի, պարտավորվում է գումար վճարել։ Հիմա հենց խոսքը վերաբերում է այդ մեդալին։ Շատերի կարծիքով պատճառը սոցիալական է, բայց այն կառավարական պարգև է, որին արժանանանալու համար օրենքի համապատասխան կետ գոյություն ունի։ 6 և ավելի երեխա ունեցող ընտանիքները, որոնք բարենպաստ պայմաններով երեխաներին մեծացնում են, այդ ընտանիքները կարող են հավակնորդ համարվել։ Համարվելուց հետո տվյալ ըմտանիքը իրեն չի կարող անձամբ ներկայացնել համապատասխան մարմնին։ Այս դեպքում վարչապետի աշխատակազմը դիմում է միջնորդի օգնությանը։ Միջնորդը տարբեր կառույցի ներկայացուցիչ կարող է լինել սկսած համայնքապետից վերջացրած պատգամավորով»,- ասում է մեր զրուցակիցը։
Զրույցում 7 զավակների հայրը հավելեց, որ Հայաստանում նման 800 ընտանիք կա, և միայն 12-ն են արժանացել նշված մեդալին, և իր տեղեկություններով՝ միայն ինքը չէ, որ այս անորոշ վիճակում է․
«Այլ ելք չտեսնելով ես եմ զանգահարում վարչապետի աշխատակազմ։ Ինձ հետ շատ վատ են խոսում, ասում, թե ես ո՞վ եմ, որ ինձ պատասխանեն, թող իմ միջնորդը զանգահարի։ 2 տարի է ես այս ամեն ինչի մեջ եմ, ունեմ պատասխաններ, որոնք օրենքին չեն համապատասխքնում, որոնք անհեթեություն են։ Գրված է՝ կամայական անելիք է, դա վարչապետի կողմից կատարվում ու անժամկետ է, երբ իր կամքը կթամամի։ Արդնե կես տարի է մեր համարներին վարչապետի աշխատակազմից չեն պատասխանում»։
Քաղաքացու նշմամբ՝ ինքը չի հասկանում, թե խնդիրն ինչ է, և միայն ստանում է հետևյալ արձագանքը՝ «Երբ վարչապետը որոշի՝ մենք Ձեզ կտեղեկացնենք»։
«Հիմա ես՝ որպես քաղաքացի, ի՞նչ է՝ իրավունք չունե՞մ հստակ ժամանակ ունենալու, այն դեպքում, երբ միջնորդությունը ներկայացվում է վարչապետի աշխատակազմին, որոնք էլ իրենց հերթին վարչապետին, և 15 օրյա ժամնետում դա էլ՝ արդեն կանոնադրության հիմքով գրավոր դիմումին պետք է գրավոր պատասխանեն, եթե հավելյալ ուսումնասիրության կարիք չկա, որի դեպքում գործընթացը կարող է տևել մինչև 30 օր։ Հիմա ինձ ասում են, որ այդ օրենքը կասեցված է, որովհետև փոփոխություններ են սպասվում օրենքում»,- ասում է Արեն Մոսինյանը։
Նրա խոսքով՝ իրենց ընտանիքի համար՝ որպես միջնորդ հանդես է եկել Վանաձորի համայնքապետը։ Իսկ մարզի նախկին մարզպետ Արամ խաչատրյանին, որը այժմ վարչապետի խորհրդական է, նամակ է եկել վարչապետի աշխատակազմից, և նա ուղորդել է սպորտի բաժին, ասելով, որ մեդալ բառը կարդացինք, մտածեցինք՝ սպորտի հետ է կապված․
«Նախկին մարզպետը ինձ պաշտոնական պատասխան է տալիս, որ դա նախագահի գործառույթն է, նախագահի աշխատակազմից շատ հասկանալի պատասխան ենք ստանում, որից հետո նախկին մարզպետը ինձ առաջարկում է դիմել Սոցապ նախարարության միջնորդությունը։ Սակայն Սոցապ նախարարությունը պարզ բացատրում է բոլոր քայլերը։ Խնդիրները հայնարացնելուց հետո վարչապետի աշխատակազմից գրում են, որ «ծնողական փառքի» մեդալի միջնորդությունը վարչապետի անձնակազմը ներկայացրել է վարչապետին, վերջինս է որոշելու, երբ և ինչ ժամկետում է իրականացվելու նշյալ գրության հետագա ընթացք»։