Արդեն երկու օր է՝ չեն դադարում ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի պաշտոնանկության շուրջ հակասական քննարկումները։ Թեպետ մամուլը գրում է, որ նրա հեռացման պատճառը միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելու պահանջն է, որը նրա առաջ դրել է անձամբ Փաշինյանը, սակայն կարծիքներ կան, որ իշխանությունը փլուզվում է ու վերջինս պարզապես լքում է խորտակվող նավը։
Մասնագիտական շրջանակները չեն առարկում, որ Եղիշե Կիրակոսյանը պրոֆեսիոնալ իրավաբան է, ու հենց այս իրողությամբ էլ պայմանավորված՝ շատերը զարմանում էին, թե ինչպես է վերջինս մնում Նիկոլ Փաշինյանի թիմում։ Ինչևէ Եղիշե Կիրակոսյանի գործունեության գնահատականը ժամանակը կտա, սակայն կարծում ենք, որ նա հանրությանը պետք է հոդաբաշխ բացատրություն տա և ներկայացնի իր հեռանալու իրական պատճառները՝ նախևառաջ սեփական անունը մաքրելու և Նիկոլ Փաշինյանի հետ պատասխանատվություն չկիսելու համար։
Եղիշե Կիրակոսյանը ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության ներկայացուցչի պաշտոնը թողնելուց հետո պետք է թողնի նաև Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի քարտուղարի պաշտոնը, որում նա նշանակվել է կառավարության քվոտայով։ Հատկանշական է, որ Եղիշե Կիրակոսյանը դեռ 2021 թվականին ԵՊՀ-ում բուհական ինքնավարության սկզբունքի կոպտագույն ոտնահարմամբ ստեղծված «ժամանակավոր եռյակ»-ի անդամ էր, որի շրջանակներում նա Նիկոլ Փաշինյանին արջի ծառայություն մատուցեց՝ նպաստելով, որ նրա թիմակից, այն ժամանակվա ՔՊ-ական պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը կարգվի ԵՊՀ ռեկտոր։ Հովհաննիսյանն այս պաշտոնին հավակնում էր դեռևս 2018-2019 թվականներից ու համակարգում ԵՊՀ նախկին, այժմ լուսահոգի ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականի պահանջ ներկայացնող «ԵՊՀ Ռեստարտ» շարժման գործողությունները։
Բանն այն է, որ 2021-ի մայիսին ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդում արհեստական ճգնաժամ էր ստեղծվել, քանի որ խորհրդի 32 անդամներից 15-ը, ովքեր նշանակվել էին կառավարության և լիազոր մարմնի քվոտաներով հրաժարական էին ներկայացրել, ինչի արդյունքում խաթարվել էր կառույցի բնականոն աշխատանքը։
Հրաժարական չէր ներկայացրել միայն Ավետիք Քերոբյանը, ինչից հետո Կառավարությունը ստիպված եղավ ճնշում գործադրել ԵՊՀ դասախոսական կազմի վրա․ հրաժարական տվեց ԵՊՀ երկարամյա դասախոս Անահիտ Չուբարյանը։
Միևնույն ժամանակ դատարանը ապօրինի էր ճանաչել ԵՊՀ ռեկտորի այն ժամանակվա ԺՊ Գեղամ Գևորգյանի պաշտոնավորումը, և նա դատարանի վճռից հետո հրաժարական տվեց։
Հոգաբարձուների նոր խորհուրդ ձևավորելու փոխարեն, որն էլ իր հերթին արդեն նոր ռեկտոր կարող էր ընտրել, Արդարադատության նախարարի հրամանով ձևավորվեց 3–հոգանոց ժամանակավոր խորհուրդ, որի կազմում էին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԿԳՄՍ այն ժամանակվա նախարար Վահրամ Դումանյանը ու Եղիշե Կիրակոսյանը։ Չնայած այս խորհուրդը ստեղծվեց «Հիմնադրամների մասին» օրենքի տրամաբանությամբ, սակայն դա խախտում էր Սահմանադրությամբ ամրագրված «Բուհական ինքնավարության և ակադեմիական ազատությունների մասին» դրույթը, քանի որ 3 անդամներն էլ կառավարության ներկայացուցիչներ էին։
ԿԳՄՍ այն ժամանակվա նախարար Վահրամ Դումանյանը վստահեցնում էր, որ ինքը 20 տարի շարունակ եղել է Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան և խորհրդի անդամ է նշանակվել մայր բուհի քվոտայով, սակայն այդ ժամանակ նա արդեն համալսարանական չէր և հանդես էր գալիս որպես կառավարության ներկայացուցիչ։
Արդեն 2021-ի օգոստոսի 5-ին «ժամանակավոր եռյակ»-ը ՔՊ-ական պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանին նշանակեց ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար։ Հովհաննիսյանի նշանակումից հետո բուհում նրա ազդեցության ներքո հոգաբարձուների նոր խորհուրդ ձևավորվեց, որն էլ արդեն նույն թվականի դեկտեմբերին վերջինիս ընտրեց ռեկտոր։
Նոր խորհրդում Եղիշե Կիրակոսյանը ևս կար՝ որպես պետական պաշտոնյա, և ընտրվեց ՀԽ քարտուղար։ Այժմ, երբ նա ազատման դիմում է գրել իր պաշտոնից, պետք է ինքնաբերաբար ազատի նաև ԵՊՀ ՀԽ քարտուղարի աթոռը։
Համոզիչ չէր նաև Եղիշե Կիրակոսյանի ներկայացրած այն փաստարկը, որ վերջինս պաշտոնը թողնում է, քանի որ ցանկանում է կենտրոնանալ գիտական և ակադեմիական գործունեության վրա։ Եթե Կիրակոսյանն իսկապես ցանկանում է գիտամանկավարժական գործունեությամբ զբաղվել, ինչը միայն կարող ենք ողջունել, քանի որ նրա մասնագիտական կարողությունները կասկածի տակ չենք դնում, ապա տրամաբանական կլիներ, որ նա պաշտոնը թողներ ոչ թե հիմա՝ մարտ ամսին, այլ ամռանը՝ նոր ուսումնական տարվան ընդառաջ, երբ բուհում կազմում են դասախոսների ծանրաբեռնվածությունները, իսկ ուսումնական տարվա ընթացքում դրանք հիմնականում չեն փոխվում։
Oragir.News-ը Եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ Արտակ Ասատրյանից հետաքրքրվեց, թե այս պահին Եղիշե Կիրակոսյանը, ով նույն ամբիոնի ասիստենտ է, ի՞նչ ծանրաբեռնվածություն ունի։ Ի պատասխան՝ վերջինս հայտնեց, որ Կիրակոսյանն ունի 0․5 (կես) դրույք ծանրաբեռնվածություն` արտաքին համատեղությամբ։ Ասատրյանից նաև հետաքրքրվեցինք՝ այժմ ամբիոնում Եղիշե Կիրակոսյանի ծանրաբեռնվածությունը մեծացնելու որոշո՞ւմ կա, ինչին ի պատասխան՝ նա մեզ փոխանցեց, որ դասախոսների ծանրաբեռվածությունները կազմվում են ուսումնական տարվա սկզբին և միայն այդ ժամանակ դրանցում կարող են փոփոխություններ կատարվել։
Ինչպես ենթադրում էինք, այս փուլում Եղիշե Կիրակոսյանի ծանրաբեռնվածությունը չի մեծացել, ուստի ակադեմիական գործունեություն ծավալելու փաստարկն այնքան էլ համոզիչ չի։
Այսպիսով՝ համադրելով վերոհիշյալ իրողությունները, ինչպես նաև այն հանգամանքը, որ Կիրակոսյանի հրաժարականը հաջորդեց միջազգային հայցերից հրաժարվելու՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրապարակային պահանջին, կարծում ենք, որ Եղիշե Կիրակոսյանի հրաժարականի իրական պատճառն իսկապես հենց դա, որին վերջինս կտրականապես դեմ է։ Եղիշե Կիրակոսյանը չի ցանկանում Նիկոլ Փաշինյանի հետ պատասխանատվություն կիսել, սակայն դրա համար միայն պաշտոնը թողնելը բավարար չէ․ եթե նրա մղումներն իսկապես ազնիվ են, ապա նա պետք է մեր հանրությանը հոդաբաշխ բացատրություն ներկայացնի՝ մատնացույց անելով բոլոր այն սպառնալիքները, որոնց մեր երկիրը կարող է բախվել հայցերից հրաժարվելու դեպքում։
Կարճ ասած՝ մավրն իր գործը արեց, այժմ կարող է հեռանալ ․․․
Դավիթ Գույումջյան