Վարդան Ղուկասյանի կալանքը, Փաշինյանի հոդվածը, պատերազմի վտանգը,Նազելին Սարիկի կողքին է․ Ամփոփ լուրեր

Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 20:30 04-03-2025
Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է մարտի 4-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ․

ԴՕԿ կուսակցության հիմնադիր նախագահ Վարդան Ղուկասյանը ԱՄՆ մաքսային և միգրացիոն ծառայության աշխատակիցների կողմից ձերբակալվել է և կալանքի տակ է գտնվում Նևադա նահանգի Լաս Վեգաս քաղաքում. նրան սպառնում է արտաքսում։ Այս մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան հայտնել է ԱՄՆ մաքսային և միգրացիայի վարչության Հյուսիս-արևմտյան տարածաշրջանի հաղորդակցության տնօրեն Ալաթեա Սմոքը։ Ըստ ԱՄՆ մաքսային և միգրացիայի ծառայության՝ 47-ամյա Ղուկասյանը 2022 թվականի փետրվարի 19-ին մուտք է գործել ԱՄՆ, սակայն մուտքի պայմաններով նախատեսված ժամկետում չի լքել երկիրը, ինչի հետևանքով ենթարկվել է միգրացիոն ընթացակարգի։ Նշվում է, որ Ղուկասյանը ձերբակալվել է փետրվարի 20-ին։

Նիկոլ Փաշինյանն այսօր հոդված է հրապարակել «Արմենպրես»-ում, ընդգծել՝ Հայաստանը ոչ մի միակողմանի պարտավորություն չունի Ադրբեջանի հանդեպ։ «Երկու կողմերն են պարտավորվել միմյանց համար բացել բոլոր տրանսպորտային եւ տնտեսական հաղորդակցությունները: Այսօր Ադրբեջանի ոչ մի տրանսպորտային կամ տնտեսական կոմունիկացիա բաց չէ Հայաստանի կամ Հայաստանով անցնողների համար, ո՛չ ճանապարհ, ո՛չ երկաթուղի, ո՛չ խողովակաշար, ո՛չ էլեկտրահաղորդակցության գիծ, ո՛չ մալուխ»,- նշել է նա՝ ուշադրություն հրավիրելով այն բանին, որ Հայաստանի բոլոր ճանապարհները բաց են Ադրբեջանի համար: Նահ հիշեցրել է, որ դեռ 2022 թվականին իր կառավարությունը շրջանառության մեջ է դրել Հայաստան-Ադրբեջան սահմանին սահմանային երեք կետ բացելու մասին որոշման նախագիծը, որն Ադրբեջանի բեռնատար եւ մարդատար ավտոմեքենաներին ՀՀ տարածք մուտք գործելու եւ դեպի Նախիջեւան եւ Թուրքիա երթեւեկելու հնարավորություն տալու մասին է:

Նիկոլ Փաշինյանն այսօր հերթական անգամ աշխատանքի է գնացել մետրոյով։ Այս մասին տեղեկանում ենք կառավարության ղեկավարի ֆեյսբուքյան պաշտոնական էջից։ Հրապարակմանը կից Փաշինյանը նաև տեսանյութ է հրապարակել՝ գրելով. «Այսօր էլ մետրոյով եկա աշխատավայր»։ Հիշեցնենք, որ հանրային տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտի ֆոնին Փաշինյանը վերջին շրջանում հաճախ է տրանսպորտից օգտվում, երբեմն՝ մի տրանսպորտ նստում, մյուսից իջնում։ Երեկ նույնպես Նիկոլ Փաշինյանը կրկին տրանսպորտով էր երթևեկել։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նույնպես կարծում է, որ այժմ էսկալացիայի վտանգ կա, բայց էսկալացիայի առիթ ու պատճառ չկա։ «Էսկալացիայի պատճառներ ստեղծելու հետ կապված՝ մենք միշտ պետք է ամեն ինչ անենք, որ նման առիթ և պատճառ չլինի»,- ասաց Սիմոնյանն՝ ընդգծելով՝ Հայաստանի Հանրապետությունը որևիցե տարածքային պահանջ չունի և իր ստանձնած պարտավորությունների և համաձայնագրերին շատ ուժեղ հետևում է ու հետևողական շարունակելու է աշխատանքները՝ բոլոր խնդրահարուց հարցերը լուծելու ուղղությամբ։ «Եվ էսկալացիայի վտանգ կա, բայց էսկալացիայի առիթ և պատճառ, կարծում եմ, չկա և պետք է չլինի»,- ասել խորհրդարանի խոսնակը։

Մանրամասները՝ տեսանյութում: