Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 17:30 03-03-2025

Ամուլսարի շահագործումը գործարք է՝ ընդդեմ պետության և հարկատուների․ բնապահպան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

«Բնապահպանական ռիսկերի մասին շատ ենք խոսել, 20 տարի է՝ դրա մասին ենք խոսում, դրանց ավելացել են անվտանգային ռիսկերը, հիմա էլ ավելացավ նաև տնտեսական ռիսկը։ Եթե մինչ այդ ասում էին, որ կարող ենք տնտեսական օգուտներ ստանալ, հիմա փաստորեն մեր երկիրը, մեր երկրի տնտեսությունը դրել ենք վտանգի տակ»,- Oragir.News-ի հետ զրույցում այս մասին նշեց բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանը՝ անդրադառնալով ՀՀ կառավարության որոշմանը, որով «Լիդիան-Արմենիա» ընկերությանը թույլատրվել է շահագործել Ամուլսարը։

Վարդանյանը նկատում է՝ Հայաստանում անկախության տարիներին քիչ թե շատ կայացած համակարգը բանկային համակարգն էր, որն այժմ վտանգի տակ է դրվել։ Նա նշեց, որ կառավարությունը ամբողջ բեռը՝ «Լիդիան-Արմենիա»-ի պարտքերը, բաժնետերերի պարտավորությունները և այլն, վերցրել է իր վրա, որին ավելացել է նաև 150 մլն դոլար պետական պարտքը, որովհետև բյուջետային երաշխիքը համարվում է պետական պարտք՝ Պետական պարտքի մասին ՀՀ օրենքի համաձայն։

«Արդյունքում մեր պետական պարտքը դարձավ 13 մլրդ դոլար։ Սա լուրջ վտանգ է, որովհետև «Լիդիան»-ը սնանկացման գործընթացում գտնվող կազմակերպություն է․ 2020 թվականին Օնտարիոյի դատարանի կողմից ճանաչվել է սնանկ և այժմ վերակառուցման փուլում է գտնվում, բոլոր ակտիվները՝ անշարժ գույքը, թույլտվությունները, լիցենզիաները, մեկ այլ պայմանագրով հումքը, արտադրանքն ու ակնկալվող եկամուտները պատկանում են ֆինանսական կորպոռացիաներին, որոնք իրենց պարտք են տվել և որոնց հայցի շնորհիվ իրենք դառել են սնանկ։ Փաստորեն այսօր «Լիդիան»-ը ոչ մի բան չունի՝ ո՛չ նվեր տալու, ո՛չ գումար փակելու, ոչ մի բան։ Այս երաշխիքն է ու այս գումարները, որոնք որպես բեռ դրվում են մեր ժողովրդի վրա, որովհետև բյուջեի գումարներները մեր յուրաքանչյուրիս գումարներն են»,- նշում է մասնագետը։

Oragir.News-ի հարցին՝ ինչո՞ւ կառավարությունը նման որոշում կայացրեց՝ Նազելի Վարդանյանը պատասխանեց, որ ճիշտ կլինի հարցը հենց կառավարությանն ուղղել, ապա շարունակեց, որ դա իրեն էլ է հետաքրքրում։ Ըստ նրա՝ նորմալ տնտեսվարողը նման բան չէր կարող անել՝ թե՛ իրավական, թե՛ տնտեսական տեսանկյունից․ «Ոչ մի օրենքով սենց բան չէր կարելի անել։ Սա պետության դեմ գործարք է և յուրաքանչյուր հարկատուի դեմ գործարք, որովհետև մեր հարկերն ամեն օր բարձրանում են, գնաճը հասել է կուլմինացիայի, բայց մենք փաստորեն ինչ-որ երաշխիքներ ենք տալիս։ Մյուս կողմից՝ ասում են, որ սա մեծ ներդրում է, խոշորագույն ծրագիր է այլն։ Ում էլ պետբյուջեից 150 մլն դոլար տան, օլիգարխ կդառնա․ ինչ ներդրում, եթե ինքն իմ երկրում իմ գումարով պիտի ավերի բնությունը, դա ինչ ներդրում է, ներդրումը դրսից բերված գումարն է, ում են խաբում»։

Նազելի Վարդանյանից նաև հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ այժմ այս որոշման դեմ պայքար չկա, բնապահպանը պատասխանեց, որ այժմ էլ պայքար կա։ Նրա խոսքով՝ պայքարելու ձևերը տարբեր են, և պայքարելու համար պարտադիր չէ պաստառներ վերցնել ու փողոց դուրս գալ։ «Մինչև հիմա պայքար կար, որ Եվրասիական բանկը գումար չտվեց, հետո իբր իրենք հրաժարվեցին, որովհետև ստեղ պայմանավորվեցին։ 20 տարի, որ չեն աշխատում, այդ պայքարի արդյունքն է։ Պայքարը միշտ կա, հիմա էլ կա, շարունակվում է»,- շեշտեց նա։

Վարդանյանը հավելեց՝ եթե 5 բանկերը Ամուլսարը շահագործելու համար «Լիդիան»-ին վարկեր տրամադրեն, ապա նրանց վիճակը ողբերգական է լինելու։ Բնապահպանը վերջիններիս կոչ արեց իրենց խելքը գլուխները հավաքեն։ «Պետք է գոնե խոհեմություն ունենալ, դիմադրել ու այդ վարկը չտալ, որովհետև դա և՛ իրենց վերջն է լինելու, և՛ բանկային համակարգում կոլապս է առաջացնելու»,- եզրափակեց նա։

Հիշեցնենք՝ կառավարության վերջին նիստում «Լիդիան-Արմենիա» ընկերությանը թուլատրվեց շահագործել Ամուլսարը։ Կառավարությունը որոշեց հարկատուների վճարած հարկերից մինչև 150 մլն դոլարի բյուջետային երաշխիք տրամադրել՝ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման համար Հայաստանի բանկերից ոսկի ներգրավելու նպատակով։ Այս որոշումը շտապել էր ողջունել Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը՝ համոզմունք հայտնելով, որ այն աշխատատեղեր և բարգավաճում կստեղծի Միացյալ Նահանգների և Հայաստանի համար։

Դավիթ Գույումջյան
Դավիթ Գույումջյան