Երևան +10°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 14:18 05-11-2022

Այս սեզոնին իշխանության նախաձեռնած ծառատունկի 70%-ը չի «կպչելու»․ դրա համար այդքան գումա՞ր են ծախսելու․ բնապահպան

«Ծառատունկն ընդհանրապես ցանկալի է անել գարնանը։ Առավել ևս այնպիսի երկրներում, որտեղ կլիման խիստ փոփոխական է։ Մեզ մոտ կարող է 25-30 աստիճան ջերմություն լինել, այնուհետև կտրուկ հասնել 0-ի»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց բնապահպան Սիլվա Ադամյանը՝ անդրադառնալով ՀՀ իշխանությունների կողմից այսօր՝ նոյեմբերի 5-ին, հայտարարված ծառատունկին։

«Ջերմաստիճանի այդ կտրուկ անկման հետևանքով տնկիները կարող են ուղղակի շարքից դուրս գալ։ Նամանավանդ, դա շատ հնարավոր է Սիսիանում և Արագածոտնում։ Սիսիանի գոտիներն, ընդհանրապես, Սյունիքի կլիմայական պայմաններից խիստ տարբերվում են։ Էնտեղ օդի ջերմությունը մի քանի աստիճանով ցածր է, քան Կապանում, Գորիսում ու այլ բնակավայրերում։ Այսինքն, այս տարածքներում աշնանը՝ առավել ևս հիմա, նպատակահարմար չէ ծառատունկ իրականացնել։ Հիմա թեև համեմատաբար լավ եղանակ է, բայց ոչ ոք չի կարող ասել՝ 10 օր հետո ինչպես կարող է փոխվել կլիման»,- ասաց նա։

Ըստ փորձագետի՝ իշխանությունների կողմից ծառատունկը հենց նոյեմբերի 5-ին անցկացնելու որոշման հիմքում այլ պատճառ կա։

«Չեմ կարող չասել։ Որովհետև հանրահավաք է, ակնհայտ է, չէ՞։ Դե, այդ հանրահավաքի հետ կապված, երևի ուզում են, որ քիչ մարդ գնա։ Ամբողջ պետական համակարգը, բոոր կամավորական ավտոբուսներով, բնականաբար կմեկնի հատուկ ծառատունկի վայրեր։ Ծառեր կտնկեն, թե ոչ՝ արդեն ուրիշ հարց է։ Ես ինքս, այդ քաղաքական ուժի կողմնակիցը չեմ։ Բայց, ակնհայտ է, որ իրենք դա անում են միտումնավոր և այդ մասին գիտեն բոլորը, դա գաղտնիք չէ, հասկանո՞ւմ եք։ Ես այդ ամենն անգամ որոշ պաշտոնական անձանց աչքերին նայելով եմ ասել դա»,- ասաց նա։

Սիլվա Ադամյանը նաև ասաց, որ ինքը տեղյակ չէ, թե ինչի հիման վրա են ընտրվել հատկապես այդ շրջանները։ «Ինձ համար, որպես բնապահպան անընդունելի է դա։ Նույնիսկ Երևանում։ Մենք չունենք նորմալ ջրային համակարգ, կլիման մեզ մոտ միանգամից փոխվում է»,- ասաց նա։

Բնապահպանը ևս մեկ կարևոր հարց բարձրացրեց։ Իր խոսքով՝ ծառատունկի մասին որոշում կայացնելուց առաջ պետք էր ուսումնասիրել, թե արդյո՞ք այդ տարածքներում առկա է ջրային համակարգ, որով հնարավոր կլինի հետագայում ջրել նորատունկերը։

«Այսինքն, մենք տնկում ենք պարզապես տնկելու համա՞ր՝ հաշվի չառնելով կլիմայական պայմանները, հաշվի չառնելով ջրային համակարգը, թե՞ տնկում ենք մտածված, պրոֆեսիոնալների միջոցով, որոնց փորձագիտական տեսակետի հիմքով է իրականացվում այդ ծառատունկը»,-ասաց նա։

Փորձագետը հստակ թիվ նշել չկարողացավ, բայց հայտարարեց, որ այդպիսի ծառատունկի գործընթացը կազմակերպելու համար բավականին մեծ գումարներ են անհրաժեշտ։

«Ախր դա մենակ տնկի գնելը չէ։ Այդքան տնկիներ, այդքան մարդկանց տանել-բերելը, այնտեղ կազմակերպելը․․․ Ես ծառատունկի եղել եմ ու գիտեմ՝ դա ինչպես է լինում։ Դա միլիոնավոր դրամների ծախս է, որն արվում է պետական բյուջեի հաշվին։ Ինչպես ես հասկացա, էդպիսի կազմակերպություն էդտեղ մասնակցություն չի ունենում։ Այդ միլիոնները գնում են մեր գրպանից։ Չասեմ՝ լրիվ զրոյական, բայց 70-30 հաջողություն կարող է լինել։ Այսինքն, ծառերի 70 %-ը հաստատ չի կպչելու, միայն 30 %-ն է հավանական, որ կկպչի։ Ու մենք այդքան հավանականության համար, այս ծանր իրավիճակում պետությունից այդքան գումա՞ր ենք ծախսում։ Մի մասն էլ (գումարի-խմբ․), երևի «կլվացվի»։ Իրենք անընդհատ խոսում են այն մասին, որ կոռումպացված չեն, որ իրենք շատ ազնիվ են։ Ուրմեն, պետք է ստեղծել մի համակարգ, որն իրենց աշխատանքը կստուգի։ Այս ամբողջ խնդիրները թողած ընկել են 10-20 տարի առաջ կոռումպացված անձանց հետևից։ Այ մարդիկ, դուք նախ ձեր բյուջեն խնայեք ու լցրեք»,- ասաց նա։

Բնապահպանն ասաց, որ ինքն այս առումով տեղեկություններ ունի, որոնց մասին, չի կարող բարձրաձայնել։

«Ցավալի է, բայց չեմ կարող ասել, թե ինչ է կատարվում։ Բնապահպանության նախարարության մասին չէ խոսքը, բայց այդ գերատեսչությունն էլ՝ տեսնում եմ, թե ինչպիսի գումարներ է ստանում։ Դրանք շատ մեծ գումարներ են, միլիոնավոր դոլարներ ու եվրոներ են, որոնք գալիս են այստեղ, ու չկա մի «զսպաշապիկ», որ դրանց զսպի ու ասի՝ այս ինչ եք անում։ Ուր են գնում այդ գումարները»,- ասաց Ադամյանը։

Փորձագետի խոսքով՝ իրենք մի քանի անգամ դիմել են նախարարություն՝ առաջարկով՝ կազմել փորձագիտական խումբ։ Սա, ըստ նրա, հնարավոր կդարձնի գորատեսչություն-փորձագիտական հանրության կապի պահպանմանն ու որոշումները կայացնել մասնագիտական եզրահանգման արդյունքում։

«Ոչ թե մի քանի հոգի՝ ասենք 2 լրագրող, 2 ՀԿ ու էնպիսի մարդիկ, որոնց մենք պարզապես չենք ճանաչում։ Այդ դիալոգն իրենց հետ բացարձակ չի ստացվում, բոլորովին։ Կամ իրենք կոշտ ու կոպիտ պատասխան են տալիս․․․ կոնկրետ ինձ հետ իրենք էդպես են վարվում»,- պատմեց բնապահպանը։

Բնապահպանի բնորոշմամբ՝ եթե գերատեսչությունները չեն աշխատում փորձագետների հետ՝ ճիշտ ժամանակահատվածում ծառատունկ կազմակերպելու համար, ուրեմն գործակցում են պոպուլիստների հետ։

«Այսինքն, ենթարենք նախատեսնվում էր ծառատունկն անցկացնել, օրինակ, նոյեմբերի 1-ին, բայց քանի որ հանրահավաք կա՝ տեղափոխվում է նոյեմբերի 5-ին՝ առանց հաշվի առնելու այլ կարևոր հանգամանքները»,- ասաց նա։

Ըստ բնապահպանի՝ թեև նախկինում էլ ամեն բան գերազանց չի արվել, գերատեսչություններն առնվազն որոշակի աշխատանք տանում էին փորձագետների հետ կապը պահելու և գումարներն առավել արդյունավետ ծախսելու ուղղությամբ։

«Նախկիններ իրավիճակից մի բան է փոխվել այս երկրում, որ նախկիններն Արցախն ատամներով պահում էին։ Միայն դա է փոխվել։ Սրանք հանձնեցին հայկական հողերը, փորձում են Սեփանակերտն ու Արցախն ամբողջությամբ հանձնել։ Այդ ամեն ինչն այս պատերազմների միջոցով իրենք արեցին, բայց ամբողջ համակարգը կոռուպցիայի մեջ խեղդված է։ Երբ որ հանրությունն ասում է՝ թանկարժեք մեքենա մի գնեք․․․ լավ, վարչապետ է՝ պետք է, բա մնացածնե՞րը։ Օրական 4-5 հատ մեքենա են գնում։ Դա ինչի՞ հաշվին է, ո՞ւմ հաշվին է, և սա որքա՞ն պետք է շարունակվի»,- ասաց նա։

Սիլվա Ադամյանի խոսքով՝ ինքն անձամբ գիտի մարդկանց, որոնք նախկինում մեծ գումարներ են «լվացել», այժմ էլ ղեկավար պաշտոններ են զբաղեցնում։

«Նույն «լվացքը» դնում ու նույն մարդկանցով նորից պտտում են։ Եթե ուզում են կոռուպցիան վերացնել՝ պետք է սկսեն հենց իրենցից»,- եզրափակեց Սիլվա Ադամյանը։