Արտաքին 1 տարի առաջ - 18:00 27-02-2023

Ալիևը «Խոջալուի ցեղասպանության» թեզի համար միլիոններ ծախսելու կարիք չունի, քանի որ Փայլանը Խոջալուի և Սումգայիթի դեպքերը դնում է կշեռքի նույն նժարին

Հայ հասարակությունը, հատկապես Արցախյան 44-օրյա պատերազմում կրած ծանր պարտությունից հետո, պարբերաբար հերոսի կերպարներ է ստեղծում և տեղի-անտեղի փառաբանում նման կերպարներին։ Անշուշտ այդ կերպարների շարքում իր ուրույն տեղն ունի Թուրքիայի մեջլիսի քրդամետ «Ժողովուրդների ժողովրդավարական» կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը, որի կերպարի միֆականացումը երբեմն հասնում է անտրամաբանական մակարդակի։

Փայլանի շուրջ նման տրամադրությունների գեներացմանը նպաստում են նաև օրինակ Հայոց ցեղասպանության թեմայով Թուրքիայի մեջլիսում նրա ունեցած խրոխտ ելույթները, ինչպես նաև որոշ իշխանամերձ լրատվամիջոցների և կեղծ հարթակների հրապարակումները, որոնք միտված են նպաստել այսպես կոչված հայ-թուրքական թշնամանքի վերացմանը և հարաբերությունների կարգավորմանը։

Այս համատեքստում Փայլանը շատ հաճախ ներկայացվում է որպես Թուրքիայի խորհրդարանում Հայաստանի շահերը պաշտպանող, այդ երկրում բնակվող փոքրաթիվ հայկական համայնքի խնդիրներով, և այլ՝ հայնպաստ գործունեությամբ զբաղվող քաղաքական գործիչ, որը մեղմ ասած իրականությանը չի համապատասխանում։ Այս համատեքստում նույն լրատվականների և հարթակների կողմից միտումնավոր չեն լուսաբանվում Փայլանի այն գործողությունները, որոնք ուղղակիորեն հակասում են վերջինիս վերագրվող կերպարին։

Մասնավորապես նշենք, որ տարիներ շարունակ Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Գարո Փայլանի կողմից կշեռքի միևնույն նժարին են դրվում Բաքվում, Սումգայիթում հայ ժողովրդի նկատմամբ իրականացված անմարդկային կոտորածները, և այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանությունը»։ Ամեն տարի՝ այդ թվում նաև այս տարի, փետրվարի 26-27-ին, Փայլանը գրառում է կատարում, որով ոգեկոչում է Սումգայիթում կոտորված հարյուրավոր հայերի, և «Խոջալուում կոտորված հարյուրավոր ադրբեջանցիների հիշատակը»։

«Ես հարգանքով եմ հիշում 1992 թվականի փետրվարի 26-ին Ղարաբաղի Խոջալու բնակավայրում կոտորված հարյուրավոր ադրբեջանցիների և 1988 թվականի փետրվարի 27-ին Բաքվի Սումգայիթ քաղաքում կոտորված հարյուրավոր հայերի հիշատակը»,- նախօրեին իր ֆեյսբուքյան էջում գրել է Փայլանը։ Վերջինս միևնույն ժամանակ գրել էր, որ Հայաստանը և Ադրբեջանը պետք է առերեսվեն այս ջարդերին և ապահովեն, որ արդարություն հաստատվի։ Նրա համոզմամբ՝ առերեսումը երկու ժողովուրդների միջև կբացի խաղաղության դուռը:

Նկատենք՝ ցանկալի կլիներ, որ Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավորը նախքան ադրբեջանական քարոզչության թեզերը տարածելը ծանոթանար նույն երկրի առաջին նախագահ Այազ Մութալիբովի հայտարարությանը, որում նա ընդունել է Խոջալու բնակավայրում ադրբեջանցիների կոտորածն իրականացվել է Ադրբեջանի ժողովրդական ճակատի կողմից, որպեսզի իրեն հրաժարական պարտադրեն։ Մութալիբովը միևնույն ժամանակ ընդունել էր, որ հայերը Խոջալուն գրավելուց հետո խաղաղ բնակչության համար միջանցք բացել էին։

«Ինչ-որ ուժեր գործում էին Ադրբեջանի նախագահին վարկաբեկելու համար։ Չեմ կարծում, թե հայերը ֆաշիստական գործողություններում իրենց մեղադրելու հիմք տային ադրբեջանցիներին։ Կարելի է ենթադրել, որ ինչ-որ ուժեր շահագրգռված էին խորհրդարանի նիստում այդ կադրերի ցուցադրմամբ՝ ուշադրությունն իմ անձի վրա սևեռելու համար։

Եթե ես հայտարարեմ, թե դա ադրբեջանական ընդդիմության մեղքն է, նրանք կարող են հայտարարել, թե զրպարտում եմ։ Բայց միջանցք, որով մարդիկ կարող էին հեռանալ, հայերն, այնուամենայնիվ, թողել էին։ Այդ դեպքում ինչու պետք է նրանք կրակեին։ Հատկապես՝ Աղդամին մոտ գտնվող տարածքում, որտեղ այդ ժամանակ բավականաչափ զինուժ կար, որպեսզի դուրս գար մարդկանց օգնելու կամ պարզապես բանակցելու, որ խաղաղ բնակչությունը հեռանա։ Այդպիսի պրակտիկա կիրառվում էր»,- ռուսական «Независимая газета» պարբերականին ասել էր Ադրբեջանի առաջին նախագահը:


Այսպիսով կարող ենք փաստել, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակազմը Խոջալուի վերաբերյալ ադրբեջանական թեզերը միջազգային մակարդակով տարածելու համար միլիոնավոր դոլարներ վատնելու կարիք չունի, քանի որ Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Գարո Փայլանը տարիներ շարունակ հրապարակային հաստատում է ադրբեջանական քարոզչության թեզերը՝ փաստացի Խոջալուի և Սումգայիթի դեպքերը դնելով կշեռքի միևնույն նժարի վրա։

Միևնույն ժամանակ Փայլանի գործողությունների տրամաբանությունը հասկանալու համար պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ վերջինս ձախակողմյան գաղափարախոսություն ունեցող քաղաքական կուսակցության ներկայացուցիչ է, որոնց համար հայրենիք, ազգային արժեքներ, ազգային ազատագրական պայքար և նմանատիպ այլ հասկացությունները կարևոր չեն և վերջիններիս համար առաջնահերթ են մարդու իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավարությունը, ազգերի համերաշխությունը և նմանապիտ այլ լոզունգները։

Ասվածը լավագույնս ապացուցում է տարիներ առաջ տեղի ունեցած մի դեպք, երբ Փայլանը հյուրընկալվել էր Երևանի պետական համալսարանում։ Հանդիպման ժամանակ ուսանողներից մեկը նրան հարցրեց. «Ե՞րբ մեր դրոշը կծածանվի Մասիսի գագաթին», ինչին Փայլանը հետևյալ խուսափողական պատասխանը տվեց. «Արարատն անշուշտ մերն է, բայց այնտեղ հիմա թուրքեր կապրեն, հայեր կապրեն, քրդեր կապրեն… իմ երազն այն է, որ նոր ճանապարհ գտնենք, որ սահմաններն անկարևոր լինեն»։

Հենց այս մոտեցումով է պայմանավորված, որ Գարո Փայլանն ամեն կերպ աջակցում է Արցախի հարցն Ադրբեջանի օգտին լուծելու և հայ-թուրքական սահմանն ամեն գնով բացելու Հայաստանի իշխանությունների քաղքականությանը։ Այս համատեքստում հիշենք, որ վերջինս, երբ ամիսներ առաջ այցելել էր Հայաստան, հանրային հեռուստաընկերության եթերից հնչեցրեց արհեստածին և տխրահռչակ «Շուշա» ձևակերպումը։

Բացի այդ կարևոր է հաշվի առնել նաև այն, որ Փայլանը և իր գաղափարակիցները Թուրքիայում կազմում են բացարձակ փոքրամասնություն, որտեղ գերիշխում են ծայրահեղ աջակողմյան, պահպանողական և ազգայնական գաղափարախոսություն ունեցող քաղաքական ուժերը։

Հեղինակ՝ Դավիթ Գույումջյան