Արտաքին Խոսք Միտք 1 տարի առաջ - 18:30 26-02-2025

Հազվագյուտ մետաղներ՝ Ուկրաինայի տարածքների դիմաց․ Պուտինի յուրօրինակ առաջարկը Թրամփին

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ուկրաինայի հազվագյուտ մետաղների հարցում Կիևի և Վաշինգտոնի միջև տարաձայնությունների ֆոնին ակտիվություն է ցուցաբերում Մոսկվան՝ հայտարարելով, որ ամերիկյան կողմի հետ կարող է համագործակցել այս հարցում։

Նախօրեին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադմիր Պուտինն է հայտարարել, որ իր երկիրը պատրաստ է ԱՄՆ-ին համատեղ աշխատանք առաջարկել Ռուսաստանի տարածքում հազվագյուտ մետաղների արդյունահանման ոլորտում՝ խոստովանելով, որ այսօր իր երկիրը բավականաչափ ջանքեր չի գործադրում դրանց զարգացման համար։ Պուտինին երկրորդել է Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ ՌԴ-ն ունի շատ հազվագյուտ հողային մետաղների հանքավայրեր, և որ պատրաստ է գործարքներ կնքել դրանք զարգացնելու համար։ «Ամերիկացիներին անհրաժեշտ են հազվագյուտ հողային մետաղներ, մենք դրանցից շատ ունենք»,- ասել է նա։

Մոսկվայից հնչող այս հայտարարությունների ֆոնին կարծիքներ են հնչում, որ ռուսական կողմը ձգտում է այս ճանապարհով հասնել նրան, որ ԱՄՆ-ն Ուկրաինայի օկուպացված տարածքները ճանաչի որպես ռուսական։ Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող ուկրաինական տարածքներում ևս նման մետաղների հանքավայրեր կան, և եթե Թրամփի վարչկազմը համաձայնի համագործակցել, ապա կստացվի, որ վերջինս ճանաչում է դրանց պատկանելիությունը Ռուսաստանին՝ առնվազն անուղղակի։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը նշեց՝ ընդհանուր առմամբ գլոբալ առևտուր է տեղի ունենում, և այդ առևտրի շրջանակներում յուրաքանչյուր կողմ իր առաջարկն է ներկայացնում։ Նրա խոսքով՝ ռուսական կողմն այս առաջարկով փորձում է բավարարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բիզնես հետաքրքրությունները․


/Ռոբերտ Ղևոնդյան, քաղաքագետ/

«Ռուսական կողմը Թրամփի բիզնես հետաքրքրություններն է փորձում բավարարել, տարբեր առաջարկներ է ներկայացնում նաև Եվրոպան, նույն Ուկրաինան է առաջարկներ անում։ Այնպես որ՝ գլոբալ առևտուր է տեղի ունենում, տեսնենք, թե ով կկարողանա ավելի մեծ գնով վաճառել իր ունեցածը»։

Oragir.News-ի հարցին՝ արդյոք ռուսական կողմն այս առաջարկով ձգտո՞ւմ է հասնել նրան, որ ԱՄՆ-ն Ուկրաինայի օկուպացված տարածքները ճանաչի որպես ռուսական՝ քաղաքագետը դրական պատասխանեց՝ նշելով, որ Ռուսաստանի կողմից նման առաջարկ կարող է լինել։ Նա նկատում է՝ շատ հնարավոր է, որ Ռուսաստանում նման տեսակետ ունենան, բայց ամեն ինչ կախված կլինի նրանից, թե Ուկրաինան ինչ կառաջարկի, և այդ առաջարկը կբավարարի՞ ամերիկյան կողմին, թե՞ ոչ։

«Արդեն կա տեղեկություն, որ Զելենսկին մեկնելու է Միացյալ Նահանգներ, և հանդիպում է տեղի ունենալու Թրամփի հետ։ Սա նշանակում է, որ ամեն ինչ կարող է փոխվել՝ ուղղակի ժամերի ընթացքում»,- ասաց նա։

Քաղաքագետն իրատեսական չի համարում, որ ԱՄՆ-ն Ուկրաինայի օկուպացված տարածքները կճանաչի որպես ռուսական՝ նշելով՝ դժվար թե նման բան տեղի ունենա, սակայն Թրամփի վարչակազմը կարող է այդ տարածքները ժամանակավորապես թողնել ռուսական վերահսկողության տակ։

Oragir.News-ի հարցին՝ Մոսկվայից և Վաշինգոտնից հնչող դրական հայտարարություններից կարո՞ղ ենք եզրակացնել, որ կողմերը մոտ են համաձայնության գալուն՝ քաղաքագետը հետևյալ կերպ պատասխանեց․ «Դա կախված է նրանից, թե համաձայնության գալ ասելով ինչ ենք հասկանում․ եթե համաձայնության գան պատերազմը դադարեցնելու վերաբերյալ, դա չհամապատասխանի Ուկրաինայի և Եվրոպայի գոնե նվազագույն շահերին, ապա այդ համաձայնությունը կյանքի չի կոչվի։ Նորից նշեմ՝ ամեն ինչ կախված է այդ գլոբալ առևտրից, թե արդյոք այդ առևտրում յուրաքանչյուր կողմ իր նվազգույն պահանջները կկարողանա՞ բավարարել, թե՞ ոչ»։

Ռոբերտ Ղևոնդյանը հավելեց՝ շատ հնարավոր է, որ Եվրոպան և Ուկրաինան դիմադրեն ռուս-ամերիկյան պայմանավորվածությունների իրագործմանը, եթե դրանք չբավարարեն իրենց նվազագույն պահանջները։ Ըստ նրա՝ Եվրոպայի աջակցությամբ Ուկրաինան կարող է որոշ ժամանակ դիմադրել, և այդ ժամանակը գուցե բավարար լինի Միացյալ Նահանգների կարծիքը փոխելու կամ ԱՄՆ-ի ներսում որոշ գործընթացներ տեղի ունենալու համար։

Դավիթ Գույումջյան
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո