Տրանսպորտային ծուղակ․ երթուղիները կկրճատվեն, ուղեվարձը կթանկանա
copy image url

Տրանսպորտային ծուղակ․ երթուղիները կկրճատվեն, ուղեվարձը կթանկանա

Ներքին 1 ամիս առաջ - 18:00 21-02-2025

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Երևանում արդեն 21-րդ օրն է, ինչ շարունակում է հանրային տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտը։ Քաղաքացիները և Երևանի ավագանիում ներկայացված ընդդիմադիր քաղաքական ուժերն անհիմն են համարում այս թանկացումը՝ երևանցիների միայն 9%-ի վստահության քվեն ստացած իշխանություններից պահանջելով վերականգնել 1 ուղևորության համար արդեն նախկին 100 դրամ ուղեվարձը։

Չնայած այն բանին, որ քաղաքացիների զգալի մասը տրանսպորտից օգտվելիս չի վճարում կամ վարորդին 100 դրամ է տալիս, եթե վերջինս չի հրաժարվում այն վերցնել, այնուամենայնիվ քաղաքացիների մի մասն էլ վճարում է թանկացված ուղվարձը։ Քաղաքացիների այս խմբի մի մասը ևս դեմ է թանկացմանը, պարզապես սոցիալական պատասխանատվությունից ու ամոթից ելնելով չի կարողանում իրեն մատուցված ծառայության դիմաց չվճարել, իսկ մյուս մասն այնուամենայնիվ գտնում է, որ թանկացումն արդարացված է, և նոր ավտոբուսներից օգտվելու համար 150 դրամ վճարելը ողջամիտ է։

Իհարկե բոյկոտին միանալ-չմիանալը յուրաքանչյուր մարդու սահմանադրական իրավունքն է, և որևէ մեկն իրավունք չունի դիմացինին իր տեսակետը պարտադրել, առավել ևս՝ այն չընդունելու դեպքում թիրախավորել վերջինիս, այնուամենայնիվ մեր քաղաքացիների ուշադրությունը ցանկանում ենք հրավիրել այն բանին, որ տրանսպորտի սակագնի թանկացումն այսքանով չի ավարտվել, ու քաղաքային իշխանությունները մտադիր չեն 150 դրամ սակագինը երկար ժամանակ պահպանել։ Հիշեցնենք՝ 150 դրամ ուղեվարձը սահմանվել է միայն 2025 թվականի համար, և այն յուրաքանչյուր տարի վերանայվելու է, ինչի մասին իր հունվարի 28-ի հայտնի ուղերձում հայտարարեց Տիգրան Ավինյանը, ով դրանից ընդամենը 1 օր առաջ էլ բացառում էր, որ ուղեվարձը 150 դրամ կսահմանվի։

Ցավոք սրտի 150 դրամ սակագնի հետ համակերպված մեր համաքաղաքացիներին պետք է տխրեցնենք, քանի որ ՔՊ-ն տրանսպորտային նոր ծուղակ է նախապատրաստել։

Կառավարությունն իր երեկվա նիստում հավանություն տվեց «Տրանսպորտի մասին» օրենքում փոփոխությունների նախագծին, որի հիմնավորման մեջ նշվում է, որ այս փոփոխությունը նպատակ ունի օրենքով օժտել Կառավարությանը լիազորությամբ՝ հաստատելու աջակցության ծրագրեր, այդ թվում նոր տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու, ինչպես նաև ծավալները ավելացնելու համար։ Նախատեսվում է ՀՀ-ում ներդնել միասնական երթուղային ցանց, որի շրջանակներում նախկինում 1 երթուղի – 1 սպասարկող օպերատոր սկզբունքից անցում է կատարվում մեկ տարածաշրջանի կամ մարզի երթուղիներ – 1 սպասարկող օպերատոր սկզբունքին։

Եթե ավելի պարզ ասենք, ապա միասնական երթուղային ցանցի ներդրումից հետո երթուղիների ներկայիս քանակը (այս պահին գործում է 64 ավտոբուսային, 11 միկրոավտոբուսային և 5 տրոլեյբուսային երթուղի), ապա նոր ցանցով երթուղիների թիվը հասնելու է 44-ի։ Այլ կերպ ասած՝ ներկայումս գործող երթուղային ցանցի պարագայում քաղաքացիների 94%-ը երթևեկում է առանց տեղփոխի, այսինքն՝ կամայական A կետում նստում է ավտոբուս և նույն ավտոբուսով հասնում իր վերջնակետ B կետ՝ օրինակ աշխատավայր և այլն, ու միայն 6%-ը մեկ տեղփոխով, այսինքն՝ A կետից B կետը գնալու համար օգտվում է 2 ավտոբուսից, ապա նոր ցանցով առանց տեղփոխի երթևեկելու երջանկություն է ունենալու քաղաքացիների միայն 44%-ը, 1 տեղփոխով՝ 36%-ը, 2 տեղփոխով (3 անգամ ավտոբուս նստելով)՝ 16%-ը, 3 տեղփոխով (4 անգամ ավտոբուս նստելով)՝ 4%-ը։ Այլ կերպ ասած՝ եթե այժմ երևանցիների 94%-ը հնարավորություն ունի 1 ավտոբուսով տանից աշխատանքի կամ այլ ուղղությամբ գնալ և դրա համար 150 դրամ վճարել, ապա նոր ցանցի դեպքում նման հնարավորություն է ունենալու միայն 44%-ը։

Այսպիսով՝ հանրային տրանսպորտի թանկացման գործընթացը չի ավարտվել, և քաղաքային իշխանությունները այժմ էլ մտադիր են երթուղիները կրճատելու միջոցով կրկնապատկել կամ եռապատկել հավաքվող գումարներն ու գերշահույթ ստանալ։ Նման կերպ փորձ է կատարվում քաղաքացիներին պարտադրել օգտվել ավելի երկրաժամկետ ու թանկ փաթեթներից, որոնց դեպքում 1 ուղևորության արժեքը որոշ չափով ավելի մատչելի կլինի, իսկ կարճաժամկետ տոմսերից օգտվեն միայն զբոսաշրջիկներն ու մայրաքաղաքի հյուրերը։

Ամենևին դեմ չլինելով երկարաժամկետ փաթեթներին, որոնք աշխարհի քաղաքակիրթ երկրներում բավականին տարածված են, կարծում ենք, որ հանրային ճնշման միջոցով քաղաքային իշխանություններին պետք է պարտադրել, որպեսզի վերջիններս այդ փաթեթներն ավելի մատչելի ու հասանելի դարձնեն։ Նույն քաղաքակիրթ երկրներում, որոնց օրինակին իշխանությունները հաճախ են սիրում հղում կատարել, երկարաժամկետ փաթեթները տեղացիների համար անհամեմատ ավելի մատչելի են, ու դրանից օգտվելը շատ ավելի նախընտրելի է, քան մեկանգամյա կամ ավելի կարճաժամկետ տոմսերից։

Infocom-ի մեր գործընկերները պատրաստել են քարտեզ, որի միջոցով կարող եք ստուգել, թե տրանսպորտային նոր ցանցի ներդրումից հետո քանի անգամ եք ստիպված լինելու տեղփոխ իրականացնել՝ օրինակ տանից աշխատավայր հասնելու համար։

Եթե ստուգեցիք, կարծում ենք՝ արդյունքները տխրեցրեցին ձեզ․․․

Դավիթ Գույումջյան


Ամենից շատ դիտված