Հակագիտական և ապաքաղաքական շեշտադրումներով առատ էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ փետրվարի 19-ին ներկայարած «Իրական Հայաստանի գաղափարախոսությունը»։ Այն այնքան հեռու էր գաղափարախոսություն կոչվելուց, որ կարելի է վատ զգալ աշխարհի մեծ գաղափարախոսների փոխարեն։
Ինչո՞ւ է Փաշինյանը աղավաղում պետության, աշխատանքի, հարստության, ազգի, ժողովրդի, տնտեսության, արժեքների մասին աշխարհում հայտնի սահմանումներն ու հանրային պատկերացումները։
Տևական ժամանակ Փաշինյանը խոսում էր Իրական Հայաստանի գաղափարախոսության մասին։ Ժողովուրդն ուզում էր հասկանալ, թե ի՞նչ է դա, որտեղ կարելի է կարդալ, հասկանալ։ Ի վերջո՝ Փաշինյանը փետրվարի 19-ին ներկայացրեց այդ գաղափարախոսության 14 դրույթները։ Դրանք նրա տարբեր ժամանակներում արատահայտած մտքերն են պետության, տնտեսության, երջանկության, անկախության, արժեքների, ապագայի մասին, բայց չունեն առանցք։ Հետևապես այն գաղափարախոսություն կոչելը սխալ է։ Դրանք սիրողական, մոտեցումներ են քաղաքական խոսույթում կիրառվող մի շարք հայտնի հասկացությունների, երևույթների վերաբերյալ։
Նկատենք, որ անցյալի հայտնի մտածողներ, գաղափարախոսներ, փիլիսոփաներ անդրադարձել են այն հարցերին, որոնք արժանացել են Փաշինյանի ուշադրությանը։ Հայերենից ավելի զարգացած լեզուներում սահմանված են քաղաքական խոսույթում կիրառվող պետություն, ազգ, ժողովուրդ, անկախություն եզրերի բացատրությունները։ Բազմաթիվ սահմանումներ ընդունված են ու կիրառվում են ամբողջ աշխարհում նաև այսօր։ Եթե Փաշինյանը կրկնել է ինչ-որ նոր տեսաբանի սահմանումը, ապա պարտավոր էր պատշաճ հղում անել, ինչպես պահանջվում է լուրջ տեքստ ներկայացնելիս։ Հակառակ պարագայում՝ շատ ռիսկային է մարդկության ամբարած գիտելիքն ու սահմանումներն արհամարհելով, նոր սահմանումներ բերել, որոնք կարող են աղավաղել ժողովրդի պատկերացումները աշխարհի, քաղաքական ռեալության մասին։
Առավել վտանգավորը անկախության և արժեքների մասին հետմոդեռնիստական մանիֆեստներից խմորված անհեթեթ ձևակերպումներն են։ Զարգացած ազգերն ունեն անկախության մասին պարզ սահմանումներ։ Արևմտյան քաղաքակրթության հիմքում 3 արժեք է՝ Ազատություն, Հավասարություն, Եղբայրություն։ Կարելի էր այդպիսի մի սահմանում ընդօրինակել։ Ազատության, Հավասարության, Եղբայրության կողքին էլ մեկ, երկու արժեք ավելացնել ու բավարարվել։ Շատերի համար պարզ, հասկանալի կլիներ։ Իսկ Փաշինյանի՝ «անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ» ձևակերպումը հակատրամաբանական է, անհեթեթ ու վտանգավոր։ Անկախությունն ու կախվածությունը հականիշներ են, ինչպես մաքուրն ու կեղտոտը, առողջն ու հիվանդը, խելացին ու հիմարը։ Եթե անկախությունը շատերից կախվածությունն է, ապա կարելի՞ է ասել՝ մաքուրը շատ կեղտոտն է, առողջը շատ հիվանդություն ունեցողն է, խելացին շատ հիմարություն դուրս տվողն է։
Հայ ժողովուրդը չբարեկամների ապապետական քարոզչության տակ է եղել տևական ժամանակ, անկախության ու արժեքների մասին պատկերացումները հետևողականորեն աղավաղվել են, որ Հայաստանը մնա գաղութ, ժողովուրդն էլ չմիավորվի քաղաքակրթական արժեքների շուրջ։ Հիմա չբարեկամների սև գործը շարունակում է Փաշինյանը, Իրական Հայաստանի գաղափարախոսության անվան տակ ավելի խճճելով մարդկանց պատկերացումներն ու ստեղծելով անվտանգային իրական ռիսկեր։
Կարճ ասած՝ փիլիսոփաները, քաղաքագետները, գաղափարախոսները խոսելու առատ նյութ ունեն։ Եվ եթե չեն արհամարհում Նիկոլ Փաշինյանին ու երես չեն թեքել ժողովրդից, ապա առաջիկայում կարող են մատնացույց անել Փաշինյանի գաղափարախոսության հակատրամաբանական, հակագիտական էությունը, որ զերծ պահեն պետությունն ու ժողովրդին նոր աղետներից ու կորուստներից։ Իսկ եթե այս ուղերձն արհամարհանքի արժանանա գիտակների կողմից, ապա հիմք կտա ասելու, որ Փաշինյանը մեծ գաղափարախոս է։
Թաթուլ Մկրտչյան