Աշխարհն անհանգստացած է Թրամփի և Պուտինի վարած քաղաքականությամբ։
BBC-ն գրել է զավեշտալի նյութ այս թեմայով։
Թարգմանությունը՝ ստորև․
1917 թվականի Ռուսական հեղափոխության իրադարձությունները ներկայացնելիս ամերիկացի լրագրող Ջոն Ռիդն իր վկայությունների գիրքն անվանեց «Տասը օր, որոնք ցնցեցին աշխարհը»: Սակայն Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի համար 10 օրն արդեն շատ երկար ժամանակ է. նրանք աշխարհը ցնցեցին մեկ շաբաթում։
Այս գործընթացը սկսվեց 2025 թվականի փետրվարի 12-ին, երբ Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց ունեցան և հայտարարեցին, որ պատրաստվում են վերականգնել ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները։ Այնուհետև Մյունխենի անվտանգության համաժողովը ցույց տվեց խորացող բևեռացումը Եվրոպայի և Ամերիկայի միջև։
Հաջորդ կանգառը՝ Սաուդյան Արաբիա, որտեղ կայացան ԱՄՆ-Ռուսաստան բարձր մակարդակի բանակցությունները։ Սա առաջին հանդիպումն էր երկու երկրների միջև այն պահից ի վեր, երբ Կրեմլը սկսեց լայնամասշտաբ ներխուժումն Ուկրաինա։
Այս շաբաթը ցնցել է ավանդական դաշինքները, Եվրոպան ու Ուկրաինան ստիպված են շտապ հակազդել, իսկ Եվրոպական անվտանգության հարցը դարձել է ավելի մտահոգիչ։ Միևնույն ժամանակ՝ Ռուսաստանը հասել է իր նպատակին, վերադառնալով միջազգային քաղաքականության առաջնային հարթակ՝ առանց որևէ զիջման։
Ռուսական թերթերի գլխավոր էջերին ԱՄՆ-ի և Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումն է Էր Ռիադում։ Կրեմլը ցանկանում է ցույց տալ, որ Արևմուտքի ջանքերը Ռուսաստանին մեկուսացնելու հարցում ձախողվել են։
Ռուսական մամուլը ողջունում է Վաշինգտոնի հետ կապերի ջերմացման հեռանկարը, միաժամանակ ծաղրելով եվրոպացի առաջնորդներին և Կիևին։
«Թրամփը գիտի, որ ստիպված կլինի զիջումների գնալ [Ռուսաստանի նկատմամբ], քանի որ բանակցում է այն կողմի հետ, որը հաղթում է Ուկրաինայում»,- գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը», հավելելով,- «Նա զիջումներ կանի ոչ թե Ամերիկայի, այլ Եվրոպայի և Ուկրաինայի հաշվին»։
Ռուսական լրատվամիջոցները նաև ծաղրում են Եվրոպային՝ պնդելով, որ այն երկար ժամանակ իրեն համարել է «քաղաքակրթության կենտրոն», սակայն այժմ հայտնվել է խոցելի վիճակում։
Չնայած ռուսական լրատվամիջոցների տարածած նյութերին, Մոսկվայի փողոցներում մարդիկ ավելի զուսպ են։
«Թրամփը գործարար է։ Նա միայն փող աշխատելու մասին է մտածում։ Չեմ կարծում, որ ինչ-որ բան կփոխվի»,- ասում է Մոսկվայի բնակիչ Նադեժդան։
«Միգուցե այս բանակցությունները օգնեն։ Ժամանակն է դադարեցնել թշնամանքը», – նշում է Գեորգին։
Մյուսներն ավելի զգուշավոր են։ «Թրամփը ակտիվ է, էներգիայով լի, բայց արդյոք ինչ-որ բան կանի՞»,- հարցնում է Իրինան։
Շատերն ակնկալում են, որ այս բանակցությունները կարող են նպաստել խաղաղության հաստատմանը և տնտեսական իրավիճակի բարելավմանը։ «Սննդամթերքի և ապրանքների գները անընդհատ աճում են։ Դա ոչ միայն հատուկ ռազմական գործողության (Ուկրաինայի պատերազմ) պատճառով է, այլև միջազգային իրավիճակի»,- նշում է ՌԴ մեկ այլ բնակիչ։
Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, նրանց թիմերը հանդիպել են Սաուդյան Արաբիայում, և այժմ սպասվում է երկու առաջնորդների ուղիղ հանդիպումը։
Ռուսական մամուլը նույնիսկ փորձում է կանխատեսել, թե ինչ կարող էր քննարկվել նրանք հեռախոսազրույցի ընթացքում։ «Մոսկովսկի կոմսոմոլեցը» պատկերացրել է այսպիսի երկխոսություն.
Թրամփը զանգահարեց Պուտինին.
-Վլադիմիր, դու սուպեր երկիր ունես, և ես էլ։ Ինչ կասես, եթե միասին աշխարհը բաժանենք։
-Բա գիտես ի՞նչ էի ասում միշտ։ Արի անենք դա։
Այս ամենը դեռ հորինվածք է, բայց որքանով դա իրականություն կդառնա՝ ցույց կտա ժամանակը։
Քնարիկ Սահակյան