Թուրքիայում վերջին շրջանում բավականին ակտիվ քննարկումներ են ծավալվում, որ «Քուրդիստանի բանվորական» կուսակցության Աբդուլլահ Օջալանին կարող է ներում շնորհվել, ինչի դիմաց նա քուրդ զինյալներին կոչ կանի զենքերը վայր դնել, ենթարկվել երկրի իշխանություններին և այսպիսով քրդական հարցը լուծում կստանա։ Նման մտադրության մասին դեռևս 2024 թվականի հոկտեմբերին խոսել էր Էրդողանի կոալիցիոն գործընկեր, գորշ գայլերի քաղաքական թև հանդիսացող «Ազգայնական շարժում կուսակցության» առաջնորդ Դևլեթ Բահչելին, ընդ որում Թուրքիայի մեջլիսի ամբիոնից։
Բահչելին շեշտել էր՝ եթե մեկուսացումը դադարեցվի, ապա Օջալանը կարող է գալ և ելույթ ունենալ քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և իրավահավասարություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում։ Ուշագրավ է, որ նույն Բահչելին՝ դեռևս 2012 թվականին, երբ դեռևս Էրդողանի հետ դաշինք չէր կազմել, առհասարակ կասկածի տակ էր դնում, որ Օջալանը կալանավորված է և գտնվում է Մարմար ծովի Իրմալը կղզում։
Նախորդ տարվա հոկտեմբերի 23-ին թուրքական օդատիեզերեկան TUSAŞ ընկերության վրա կատարված հարձակումը կազմակերպելու մեջ երկրի իշխանությունները մեղադրեցին ՔԲԿ-ին, իսկ հարձակման հաջորդ օրը Օջալանի եղբորորդին հրապարակեց վերջինիս ուղերձը, որում նա փաստացի համագործակցելու պատրաստակամություն հայտնեց։ «
Մեկուսացումը շարունակվում է: Եթե պայմաններ ստեղծվեն, ես ունեմ այնպիսի տեսական և գործնական ուժ, որով այս գործընթացը հակամարտության և բռնության դաշտից կարող եմ տեղափոխել իրավական ու քաղաքական դաշտ»,- նշել էր նա։
Մեկ ամիս անց՝ նոյեմբերի 26-ին, Բահչելին հայտարարեց, որ դեմ առ դեմ շփումներ են ակնկալում Օջալանի և քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և իրավահավասարություն» կուսակցության ներկայացուցիչների միջև, ինչից հետո կուսակցության համանախագահ Թունջեր Բաքըրհանը Օջալանին այցելելու պատրաստակամություն հայտնեց՝ Թուրքիայի խաղաղությանը նպաստելու համար։ Նույն օրը քրդամետ կուսակցությունը կուսակցությունը դիմեց Թուրքիայի Արդարադատության նախարարություն՝ թույլտվություն ստանալու համար, իսկ մեկ ամիս անց նախարարությունը դրական արձագանքեց դիմումին։ Արդեն դեկտեմբերի 28-ին քրդամետ կուսակցության համանախագահներ Փերվին Բուլդանն ու Սըրրը Սուրեյյա Օնդերը մեկնեցին Իմրալը կղզի, որտեղ հանդիպում ունեցան Օջալանի հետ։ Հանդիպումից հետո Բուլդանը և Օնդերը հրապարակեցին քրդական հարցի լուծման հետ կապված Օջալանի գնահատականները․ նա յոթ հոդվածից բաղկացած հռչակագիր էր ներկայացրել նրանց և գնահատականներ տվել քրդական խնդրի համար մշտական լուծում գտնելու շուրջ։
Հատկանշական է, որ քրդամետ կուսակցության հայտարարությունում նշվում է, որ Օջալանը պատրաստ է կոչ անել քուրդ զինյալներին զենքը վայր դնել: Հանդիպումից հետո քրդամետ կուսակցության համանախագահները և պատվիրակության կազմում ընդգրկված Մարդինի նախկին քաղաքապետ Ահմեդ Թյուրքը հանդիպումներ են ունեցել երկրի առանցքային կուսակցությունների ներկայացուցիչների, ինչպես նաև մեջլիսի նախագահ Նուման Քուրթուլմուշի հետ։
Այս հայտարարությունները Թուրքիայի քուրդ բնակչության շրջանում որոշակի հույսեր առաջացրեցին, սակայն քրդական քաղաքական շրջանակների վստահությունն առանձնապես մեծ չէր։ Մասնավորապես՝ ՔԲԿ-ի բարձրաստիճան ղեկավար Դուրան Քալքանը հայտարարեց, որ Թուրքիայում ընթացող հակամարտության կարգավորմանն ուղղված ցանկացած հնարավոր բանակցություն կապված է Աբդուլլահ Օջալանի ֆիզիկական ազատությունից։
Արդեն հունվարի 22-ին քրդամետ կուսակցությունը 2-րդ անգամ հանդիպում տեղի ունեցավ, որը տևեց շուրջ 4 ժամ, սակայն դրա արդյունքները դեռևս հայտնի չեն։ Սրան զուգահեռ՝ թուրքական լրատվամիջոցները գրում են, որ շա հավանական է, որ Օջալանը փետրվարի 15-ին հանդես գա պատմական կոչով՝ հայտարարելով ՔԲԿ-ի լուծարման, զենքերը վայր դնելու և Թուրքիայի իշխանություններին ենթարկվելու մասին։ Փետրվարի 15 ամսաթիվն իր մեջ յուրօրինակ սիմվոլիկա ունի․ 1999 թվականի հենց այդ օրն է Օջալանը ձերբակալվել և Քենիայից տեղափոխվել Թուրքիա։ Կարծիքներ կան նաև Օջալանը կարող է կոչով հանդես գալ մարտի 21-ին՝ կապված քրդական Նոր տարվա՝ Նովրուզի տոնակատարությունների հետ։ Անկնկալվում է, որ նախքան դա քրդամետ կուսակցության ներկայցուցիչները ևս մեկ անգամ Օջալանի հետ հանդիպում կունենան։
Չնայած Օջալանի կողմից նմանաբովանդակ ուղերձով հանդես գալն ամենևին չի բացառվում, սակայն գրեթե բացառվում է, որ Թուրքիայի իշխանությունները նրան թույլ կտան ելույթ ունենալ երկրի մեջլիսում։ Առավել հավանական է, որ նա իր աջակիցներին տեսաուղերձով դիմի։ Շատ է քննարկվում նաև հարցը, թե հնարավոր ուղերձից հետո Օջալանը կշարունակի՞ կալանքի տակ մնալ, թե՞ հնարավոր է նրան տնային կալանք տրվի։ Թեմային անդրադարձել է իշխանամետ Hürriyet պարբերականի սյունակագիր Աբդուլքադիր Սելվին՝ նշելով, որ Էրդողանն այս հարցում բավականին կոշտ դիրքորոշում ունի և համաներման մասին խոսք չի կարող լինել։ Էրդողանի խոսքով՝ «մանկասպանին» համաներում չի կարող շնորհվել, ինչից առավել հավանական է թվում, որ Օջալանին տնային կալանք կտրվի։
Բացի Օջալանի կալանքի ռեժիմը փոխելու հնարավորությունից, քննարկումներ կան, որ Թուրքիայում սպասվող առաջիկա սահմանադրական փոփոխությունների արդյունքում քրդերը լեզվական արտոնություններ, ինչպես նաև իրենց մայրենի լեզվով կրթություն ստանալու հնարավորություներ կստատանան, ինչպես նաև երկրի սահմանադրությունից կհանվի այն դրույթը, համաձայն որի՝ Թուրքիայում ծնվող յուրաքանչյուր քաղաքացի համարվում է թուրք։ Բավականին իրատեսական, որ Էրդողանը կարող է նման զիջման գնալ, որի արդյունքում Թուրքիայի քուրդ բնակչությունը կաջակցի սահմանադրական բարեփոխումներին, ինչը նրա համար կենսական նշանակություն ունի։ Գործող սահմանադրությունը Էրդողանին 2028 թվականին այլևս վերընտրվելու հնարավորություն չի տալիս, ուստի նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու նրան անհրաժեշտ է երկրի մայր օրենքում համապատասխան փոփոխություններ կատարել, իսկ առանց քուրդ բնակչության աջակցության նոր սահմանադրության ընդունումն իրատեսական չէ։
Այսպիսով՝ եթե կողմերին իրապես հաջողվի նման համաձայնության գալ, ապա դա նախևառաջ թույլ կտա Թուրքիայում քրդական հարցին համապարփակ լուծում տալ, իսկ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ վերարտադրել սեփական իշխանությունը։ Թուրքիայում գտնում են, որ սահմանների ներսում ժողովուրդների խաղաղ համագոյակցության ապահովումը և ներքին խնդիրների չեզոքացումը հնարավորություն կտան ողջ կարողություններն ու ռեսուրսներն օգտագործել սահմաններից դուրս գործողությունների մշակման և հեղինակության ընդլայնման համար։
Դավիթ Գույումջյան