Վերջերս աղմուկ հանած իմ հայտարարությունը Հայոց ցեղասպանության մասին, հենց դրա մասին է, որ այնուամենայնիվ մենք պետք է հասկանանք, որ ի վերջո կային ուժեր, որոնց առանցքային գործիքը մեզ կառավարելու հետևյալն է. անհնար դարձնել մեր ինքնուրույն ապրելը մեր միջավայրում, որպեսզի մենք լինենք կառավարելի: Այս մասին ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ընդ որում, ուզում եմ անկեղծ ասել ձեզ, ես այս հետևությունը կուզենայի, որ ես ինքս այնքան խելոք լինեի, որ այս հետևությունն արած լինեի տարբեր գրքերից, դասագրքերից և այլնից՝ իմ կարդացածից և սովորածից: Ցավոք սրտի, ես էդքան խելոք չեմ, որ այդ ինֆորմացիան գլխի ընկնեի ինքնուրույն: Ես դա գլխի եմ ընկել վարչապետ լինելու ընթացքում տարբեր հանդիպումների ընթացքում՝ ամենատարբեր գործնական խնդիրներ լուծելու և ամենատարբեր իրավիճակներ և խոսակցություններ և նախադասություններ լսելու ընթացքում, որոնք արտահայտում են մտածողության ձևեր։
Այդ նույն խոսակցությունն ունենում եմ ամենատրբեր ղեկավարների հետ, որոնց ասածը հետևյալն է, որ՝ գիտեք ինչ. այս աշխարհում ամեն մեկն իր դերն ունի, ձեր դերը նահատակն է: Ժողովուրդ, խի եք խառնվել իրար: Հասկանում ենք, որ մենք նահատակվել ենք, որ շատ դեպքերում դուք եք մեզ օգնել, որ մենք նահատակվենք, բայց մենք էլ չենք ուզում նահատակ լինել, մենք ուզում ենք լինել սովորական ապրող ժողովուրդ: Մենք ուզում ենք, որ ՀՀ-ում սովորական մարդն ապրի սովորական կյանքով, առավոտ արթնանա, սուրճբ խմի, նորմալ տրանսպորտով գնա գործի, տարին մեկ անգամ գնա հանգստանալու և իր դերը չլինի, որ ինքը պետք է նահատակ ժողովրդի ներկայացուցիչ լինի:
Ես կարծում եմ, որ սա շատ կարևոր հարց է, որը մենք համազգային մակարդակով պետք է քննարկենք, և ես չեմ ուզում՝ դա լինի մեր պատմական առաքելությունը, մեր դերը և տեղն այս աշխարհում: Ինչքան հնարավորություն ունենք, մենք նահատակ լինելու դերի դեմ պայքարելու ենք: Սա է այն հրապարակախոսական փոփոխությունը, որը տեղի է ունենում և այս հրապարակախոսությունն իրականությունը դարձնելը համարում եմ պատմական առաքելություն: Մենք պայքարելու ենք ՝ այս առաքելությունն իրականացնելու համար»,- ասել է Փաշինյանը: