«Հայաստանում իշխանությունների համար խիստ պրոբլեմատիկ օրակարգեր են ձևավորվել՝ տրանսպորտի թանկացում, համընդհանուր հայտարարագրում, Հայոց ցեղասպանության փաստացի ուրացում, և բնականաբար այդ տեղեկատվական օրակարգը փոխելու, մեղավորության սլաքը դեպի երկրորդ նախագահն ուղղելու համար «Ազատություն» ռադիոկայանը վարչապետի PR կամպանիան իրականացրեց»,-
Oragir.News-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ ԱՄՆ պետդեպարտամենտը օրերս բանակցային գործընթացի վերաբերյալ փաստաթղթեր գաղտնազերծեց, և դա առավելապես ո՞ւմ շահերից էր բխում։
/Արմեն Բադալյան, քաղտեխնոլոգ/Քաղտեխնոլոգն ուշադրություն է հրավիրում այն բանին, որ GALLUP-ի վերջին հարցումներով՝ Նիկոլ Փաշինյանը 11% վարկանիշ ունի, մինչդեռ ԴՕԿ մականունով հայտնի Վարդան Ղուկասյանը և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ յուրաքանչյուրը 6.5%: Նա նկատում է՝ Վարդան Ղուկասյանի և Ռոբերտ Քոչարյանի վարկանիշի համագումարը գերազանցում է Նիկոլ Փաշինյանի վարկանիշը։
«Սա Փաշինյանի համար լուրջ խնդիր է, և նման իրավիճակում «Ազատություն» ռադիոկայանը, որն այս իշխանությունների խոսափողներից ու նրանց վարած քաղաքականությունը պաշտպանողներից մեկն է, փորձեց ընդամենը տեղեկատվական օրակարգը տանել իրենց համար ցանկալի ուղղությամբ, որը փաստացի չստացվեց։ Սոցցանցերում ու լրատվամիջոցներում ավելի շատ գրվում է Հայոց ցեղասպանությունը ուրանալու վարչապետի քաղաքականության մասին, ինչպես գրողներն են պատկերացնում, երկրորդը տրանսպորտի թանկացումն է, երրորդը՝ համընդհանուր հայտարարագրումը, չորրորդը՝ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած ադրբեջանցիների երգուպարը, իսկ Մեղրին հանձնելու հեքիաթային լուրերը ընդհանրապես թոփ հնգյակում են։ Այսինքն՝ դա իր գործառույթը չկատարեց, չնայած նպատակ ուներ դառնալու թիվ 1 նորությունը ու սլաքն ուղղել երկրորդ նախագահի ուղղությամբ, սակայն այդ PR կամպանիան չաշխատեց»,- կարծում է նա։
Արմեն Բադալյանի համոզմամբ՝ այս ամենի նպատակը ձևավորվող հակակառավարական, հակափաշինյանական օրակարգը կոտրելն էր ու քննարկումները Մեղրին հանձնելու ուղղությամբ տանելը. «Փաշինյանի վարկանիշի անկումը, տրանսպորտի թանկացումը, հայտարարագրի ներկայացումը, Հանրապետության հրապարակում ադրբեջանցիների կողմից Ղարաբաղ գոռալը։ Այսինքն՝ այս 4 խնդիրներից փորձեցին ուշադրությունը շեղել, ինչը չստացվեց։ Թեպետ չորրորդը՝ Ղարաբաղ գոռալը, ավելի ուշ հայտնվեց, բայց առաձին երեքը կային, երեքն էլ իշխանության դեմ էին։ Այս տեղեկատվական հոսքերն ուղղված էին վարչապետի դեմ, և բնականաբար փորձ կատարվեց մի նոր տեղեկատվություն մտցնելու դաշտ, սլաքներն ուղղելու երկրորդ նախագահի դեմ և փրկելու Փաշինյանին, որը սակայն չաշխատեց»։
Դիտարկմանը, որ ներկայումս նախապատրաստվում է Մեղրիի և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հանձնումը, ուստի այս արտահոսքը կազմակերպվել է՝ մեղավորությունը Ռոբերտ Քոչարյանի վրա բարդելու համար, մեր զրուցակիցը հակադարձեց՝ նշելով՝ քանի դեռ Իրանի Իսլամական Հանրապետությունն իր խոսքի տերն է, իսկ ՀՀ-ում Իրանի դեսպանն իր վերջին հարցազրույցում վերահաստատել է, որ «Զանգեզուրի» հարցն իրենց համար գոյաբանական նշանակություն ունի, որևիցե հանձնում չի կարող լինել։ Նա պնդում է, որ նման իրավիճակում իրանական զորքերը պարզապես կներխուժեն Սյունիք և այն կվերցնեն իրենց վերահսկողության տակ։
«Եթե Իրանի Իսլամական Հանրապետությունը չլիներ, Ադրբեջանը շատ հանգիստ կարող էր Սյունիքն էլ վերցնել, Վայոց ձորն էլ վերցնել, Սևանն էլ վերցնել՝ Սևանի ձախ ափը։ Ու դրանից հետո ամեն օր կարող էր վերցնել, իսկ միակ կանխիչ գործոնը Իրանն էր՝ Արաքսից հարավ գտնվող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն էր, որը թույլ չի տալիս Մեղրիի ուղղությամբ 1 սմ առաջ գալ։ Սա է խնդիրը»,- եզրափակեց նա։
Հիշեցնենք՝ նախօրեին ԱՄՆ պետդեպարտամենտը գաղտնազերծել է փաստաթղթեր, համաձայն որոնց՝ 1990-ականների վերջին Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Հեյդար Ալիևը տետ ա տետ՝ առանց միջնորդների, համաձայնության էին եկել լուծել Ղարաբաղյան խնդիրը տարածքների փոխանակմամբ` Մեղրին Ղարաբաղի դիմաց։ Ամերիկյան գաղտնի հեռագրերը ներկայացնում էին մի շարք մանրամասներ, որոնք մինչ այս երբեք չէին հրապարակվել։
Դավիթ Գույումջյան