Միտք Ներքին 1 տարի առաջ - 09:00 27-01-2025

Ժխտման հետքերով․ Փաշինյանն առերևույթ սպասարկում է ռուս-թուրքական շահեր

Ցեղասպանության վերաբերյալ անհարկի շահարկումները ցավոտ են ընկալվում հանրության, հատկապես Սփյուռքի կողմից։ Այսպիսի ցասման ալիք բարձրացավ օրեր առաջ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հանդես եկավ աղմկահարույց հարցադրումներով։

Կառավարության տարածած տեսանյութում շվեյցարահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ հանդիպմանը Փաշինյանը սկսեց ինքն իրեն հարցեր տալ, թե ինչու Հայաստանի օրակարգում հայտնվեց Հայոց ցեղասպանության թեման։

«Մենք Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, պետք է հասկանանք, լավ՝ ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել, և ինչպես ենք մենք դա ընկալել, ում միջոցով ենք ընկալել, ո՞նց է, որ 1939 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, և ո՞նց է, որ 1950-ին Հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է: Սա մենք պե՞տք է հասկանանք, թե՞ չպետք է հասկանանք»,- հայտարարել է վարչապետը։

Ինչո՞ւ է Փաշինյանն այսպիսի հարցեր բարձրացնում։ Դա անում է քաղաքական սակավակրթությա՞ն պատճառով, ձգտում է հանրային բանավեճ հրահրե՞լ այս թեմայով, թե՞ սպասարկում է թուրքական օրակարգը։

Քաղաքական սակավակրթությունը լուրջ բաց է ղեկավարի համար։ Եթե նա պատասխանատվության գիտակցում և ընկալելու ունակություն ունի, ապա կարող է լրացնել բացը և մշակել ողջամիտ, արդյունավետ, ազգանպաստ քաղաքական օրակարգ։ Եթե Փաշինյանը խճճվել է խորհրդային բռնազավթման տարիների քարոզչական կեղծիքների արանքում, իսկապես փորձում է հասկանալ 1939-ի ու 1959-ի տարբերությունը, ապա կարող էր իր ուսուցիչների հետ խորհրդակցել, անկախական գործիչների կողմից գրված հազարավոր էջերից մի քանի հարյուրը կարդալ և հասկանալ։ Այնուհետև կարող է խորհրդակցել սոցիալ հոգեբանների հետ, մշակել մեթոդ, ձև, համատեքստ, թե իր հասկացած «նորությունը» ինչպես մատուցի հանրությանը, այդ թվում շվեյցարիացի սփյուռքահայերին, որոնց ինքնագիտակցությունը ներծծված է Ցեղասպանության մասին պատկերներով։

Իսկ եթե ՔՊ ղեկավարը ձգտում է հանրային բանավեճ գրգռել Ցեղասպանության թեմայի շուրջ, ապա այստեղ էլ նա ճիշտ հասցեատեր չի ընտրել, որովհետև սփյուռքահայերը ՀՀ ներքաղաքական բանավեճին ակտիվ մասնակից չեն։

Քաղաքական համայնքում ևս Ցեղասպանության վերաբերյալ տարբեր դիրքորոշումեր չկան։ Նիկոլ Փաշինյանը միայն նախորդ 1-2 տարում է այսօրինակ հարցեր բարձրացնում, բայց բավարար խիզախություն չունի ասելիքը բացելու համար։ Հարցերն էլ այնքան անվստահ է բարձրացնում, որ թվում է, թե դրանք ինչ-որ տեղ լսել է ականջի ծայրով, կամ ինչ-որ մեկի կարդացած գրքից կես էջ է կարդացել ու իր մոտ հարցեր են առաջացել։ Օրինաչափ է, որ քաղաքական առաջնորդի՝ Ցեղասպանության թեմայի վերաբերյալ այսպիսի անպատասխանատու, մակերեսային մոտեցումը հանրային զայրույթ էր առաջացնելու։ Մասնավորապես՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ «ի՞նչ է տեղի ունեցել» հարցը տագնապ է առաջացնում, քանի որ այն հայկական խոսույթում միանշանակ ու բոլորին հասկանալի պատասխան ունի։

Պարզ ասած՝ Փաշինյանը կարող էր առանց հարցեր տալու, մեջբերել ու համադրել մի քանի փաստեր, ցույց տալով, թե ի՞նչ ծագում ու զարգացում է ապրել Ցեղասպանության ճանաչման համար պայքարը, միաժամանակ արտահայտելով ՀՀ վարչապետի դիրքորոշումը թեմայի վերաբերյալ։ Սակայն նա հերթական անգամ բավարար խիզախություն չունեցավ պարզ խոսելու։ Հետևաբար՝ ենթադրելի է, որ կա՛մ ինչ-որ արտաքին ուժեր շանտաժ են անում, իրական ճնշում գործադրում ՀՀ վարչապետի վրա, կա՛մ նա կեղտոտ գործարքների մեջ է թուրք-ռուս չբարեկամների հետ։ Երկու պարագայում էլ նա առեևույթ սպասարկում է ռուս-թուրքական շահեր, առաջ բերելով հանրային հիմնավոր ու արդարացի զայրույթ։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
15:49 Վստահիր ծրագրին. բաժանումից հետո Էլինա Պետրոսյանն անկեղծացել է կյանքի նոր փուլի մասին
22:16 ՇՊՀ ռեկտորի վրաերթից հետո՝ բազմաթիվ կոտրվածքներ, լրագրողի նկատմամբ ագրեսիա․ ինչ են փորձում թաքցնել
20:28 Դեբեդը 60 մետրով խորացել է ՀՀ տարածք, վարարումներից ՀՀ տարածքը փոքրացել է․ Ոսկան Սարգսյան
12:01 Ինչո՞ւ եք արցախցուն հարցնում՝ արդյոք ճանաչում է Արցախն Ադրբեջան կազմում. Արեգա Հովսեփյան
14:51 Դավիթ Ղազինյանին դուրս հրավիրեցին ԱԺ դահլիճից․ լարված իրավիճակ
18:00 Կարմիր գծերի թանկացում և ապօրինի ուղեփակոցներ. ինչու է կաթվածահար եղել Երևանը
22:00 ՆԳՆ-ն ձեռք է բերում 1,9 միլիարդ դրամի միջքաղաքային ավտոբուսներ. ու՞մ պետք է տեղափոխեն