Գործընկերությա՞ն, թե՞ հանձնաժողովի կանոնադրություն. տարընթերցում՝ հայ-ամերիկյան փաստաթղթում
copy image url

Գործընկերությա՞ն, թե՞ հանձնաժողովի կանոնադրություն. տարընթերցում՝ հայ-ամերիկյան փաստաթղթում

Ներքին Արտաքին Միտք 3 ամիս առաջ - 19:00 21-01-2025

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Հունվարի 14-ին ստորագրված հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության շուրջ կրքերը դեռևս չեն հանդարտվում։ Իշխանական թևի ներկայացուցիչներն ու իրենց խոսափողները շարունակաբար պնդում են, որ այս կանոնադրությունը հայ-ամերիկյան հարաբերությունները որակական նոր փուլ կտեղափոխի և կմեծացնի Հայաստանի անվտանգությունը, մինչդեռ ընդդիմադիրները չեն կիսում այս լավատեսությունը, նշում՝ այն ՀՀ-ի համար նոր ռիսկեր է ստեղծելու։

Oragir.News-ը նախօրեին գրել էր որ Երևանի և Վաշինգտոնի միջև ստորագրված այս փաստաթուղթը շրջանցում է Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների անվտանգ և արժանապատիվ վերադարձի խնդիրը, նման հիշատակում դրանում չկար՝ չնայած այն բանին, որ 2009 թվականին ԱՄՆ-ի և Վրաստանի միջև ստորագրված նույնաբովանդակ հռչակագիրն անդրադառնում էր նաև այդ խնդրին։ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների խնդիրն այս փաստաթղթում հիշատակվել էր միայն 1 անգամ՝ ՀՀ-ին տրամադրվող աջակցության համատեքստում. «Հաշվի առնելով, որ Հայաստանը 2023 թ. սեպտեմբերից ի վեր բախվել է տեղահանման ճգնաժամի, Միացյալ Նահանգները նախատեսում է շարունակել աջակցել Հայաստանին Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և փախստականներին օգնություն տրամադրելու գործընթացում»։

Շարունակելով ուսումնասիրել հայ-ամերիկյան այս կանոնադրությունը, որի հետ հայ հանրության որոշ շերտեր մեծ հույսեր են կապում, այդ թվում՝ անվտանգության ամրապնդման համատեքստում, նկատեցինք, որ փաստաթղթի անվանումների հայերեն և անգլերեն տարբերակներում առկա է տարընթերցում. Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական կայքում այս փաստաթուղթը կոչվում է «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության կանոնադրություն», ԱՄՆ պետքարտուղարության կայքում՝ «Ամերիկայի Միացյալ Նահանգների և Հայաստանի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության հանձնաժողովի կանոնադրություն» (Strategic Partnership Commission Charter)։

Նկատենք նաև, որ Վաշինգտոնում փաստաթղթի ստորագրման արարողության ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարեց, որ ՀՀ-ն և ԱՄՆ-ն ձևավորում են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության հանձնաժողով, իսկ Արարատ Միրզոյանն իր ելույթում խուսափում էր փաստաթղթի անվանման մեջ կանոնադրություն բառը շեշտելուց։ Ընթերցողի ուշադրությունը ցանկանում ենք հրավիրել այն բանին, որ «հանձնաժողով» բառն այս համատեքստում անկյունաքարային նշանակություն ունի, կարող ենք պնդել, որ այն բանալի բառն է:

Նախևառաջ՝ առանց «հանձնաժողով» բառի հայ-ամերիկյան այս փաստաթղթի անվանման իմաստը լղոզվում է, քանի որ միջազգային հարաբերությունների մեջ «գործընկերության կանոնադրություն» գոյություն չունի. կանոնադրություն ունենում են բացառապես ինստիտուցիոնալ մարմինները, կարող են լինել գործընկերության մասին համաձայնագիր, խարտիա և այլն, բայց ոչ երբեք կանոնադրություն։ Բացի դրանից՝ հանձնաժողով բառի կիրառումը կարևոր է նաև այն առումով, որ հենց հանձնաժողովն է գնահատելու փաստաթղթում ամրագրված մտադրությունների իրականանալիության հանգամանքը։ Հատկանշական է նաև, որ փաստաթղթի դրույթները ոչ թե պարտադիր կատարման ենթակա պարտավորություններ են, այլ պարզապես մտադրություններ, որոնց իրագործման հեռանկարը մշուշոտ է։

Կարևորելով հայ-ամերիկյան համագործակցության խորացումը, ինչպես նաև չնսեմացնելով այս փաստաթղթի նշանակությունը՝ պետք է փաստենք, որ Հայաստանում որոշ շրջանակներ ուռճացնում են այն՝ հանրության շրջանում անիրատեսական ակնկալիքներ և հույսեր սերմանելով։ Ենթադրաբար վերջիններս դա անում են սեփական քաղաքական օրակարգերը սպասարկելու նպատակով, քանի որ հաջորդ համապետական ընտրությունները սարերի հետևում չեն, և անհրաժեշտ է հանրության մտահոգությունները կապիտալիզացնել ու վերածել պատգամավորական մանդատների, որոնք էլ հետագայում, ըստ անհրաժեշտության, կնպաստեն Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրությանը։

Բացի դրանից՝ հայ-ամերիկյան այս կանոնադրությունը ստորագրվեց ԱՄՆ հեռացող՝ դեմոկրատական վարչակազմի հետ, և մտահոգություններ կան, որ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի օրոք այն չի հաջողվի իմպլեմենտացնել։ Նշենք՝ չնայած վերոհիշյալ շրջանակները պնդում են, որ այս փաստաթուղթը դեմոկրատների և հանրապետականների միջև համաձայնեցված է, ու Թրամփի վարչակազմը հավատարիմ կմնա դրան, սակայն տեղին ենք համարում հիշեցնել, որ այս նույն գործիչները ամիսներ շարունակ վստահեցնում էին, որ Թրամփը ընտրություններում հաղթելու շանս չունի, և ողջ խնդիրն այն է, թե որքան խայտառակ կերպով է պարտվելու, սակայն ընտրությունների արդյունքները բոլորովին այլ բանի մասին էին …

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

16:30 Անգրագիտությո՞ւն, թե՞ միլիարդների մսխում․ 100 դրամով տրանսպորտից ավելի շատ գումար էր հավաքվում, քան 150-ով
11:46 Հանգստացի, արա, հլը հոպ. ԱԺ-ում իրար են ծեծում
12:37 Մետրոն եք բերե՞լ, որ էսի ուզում եք հանեք․ հարց եմ տալիս ներկայիս հանցավոր ռեժիմին․ քասախցի
23:56 Որպես սննդամթերք աշխարհում ամենավտանգավոր ձկնատեսակը՝ կրկին հայկական շուկայում
08:28 Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել․ Հրապարակ
12:02 Ձենդ կտրի՛ր, հլը, չընդհատես ինձ, եկել են այստեղ՝ վնգստում են․ Զարուհի Փոստանջյանը սաստեց ՔՊ-ականին
19:26 Լիլիթ Հովհաննիսյանը կնկարահանվի հոլիվուդյան ֆիլմի գլխավոր դերում
22:09 Արտագաղթ. Հայկավանում օր օրի ավելանում է փակ դռների թիվը. տեսանյութ
13:45 Ի՞նչ տարբերություն՝ Քասախ, թե Երևան․ ստեղից 2 քայլ վազելով մտնում ես Երևան․ քասախցի
23:32 Գյուղում 50 տղա ու էդքան էլ չամուսնացած աղջիկներ ունենք, մարդիկ վախենում են ընտանիք կազմել. Հայկավանի բնակիչ