«Պաշտպան հայրենյաց»․ արևմտահայության առաջին քաղաքական դատավարությունը
copy image url

«Պաշտպան հայրենյաց»․ արևմտահայության առաջին քաղաքական դատավարությունը

Ներքին 3 ամիս առաջ - 22:00 17-01-2025

Դավիթ Գույումջյան

Լրագրող

1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմներին հաջորդած Սան Ստեֆանոյի պայմանագրի և Բեռլինի վերաժողովից հետո, որոնց արդյունքներով հայկական հարցը հերթական անգամ արդարացի լուծում չստացավ, հուսախաբ հայության մեջ աստիճանաբար հասունանում էր այն գաղափարը, որ ապրելու և գոյատևելու իրավունքը ստանում են ոչ թե խնդրելով, այլ` նվաճում են պայքարով: Այդ գաղափարախոսներից առաջինը Մկրտիչ Խրիմյանն էր, որը դեռևս 1876 և 1877 թվերին գրված աշխատություններում ժողովրդին պատրաստում էր պայքարի:

Խրիմյան Հայրիկը գտնում էր, որ «ցանկալի ազատությունը» նվաճելու համար անհրաժեշտ է «արյուն թափել»: Բեռլինի վեհաժողովից հետո նա ավելի համոզվեց դրանում: Թողնելով Օսմանյան կայսրության մայրաքաղաքը՝ նա մեկնեց Արևմտյան Հայաստանի նշանավոր Վան քաղաքը, ուր ավելի ուժգին սկսեց քարոզել զինված պայքարի գաղափարը:

Պայքարի մտայնությունը նպաստեց ազատագրական նպատակներ հետապնդող խմբակների և կազմակերպությունների ձևավորմանը։ Դրանցից մեկն էլ «Պաշտպան հայրենյաց» ազատագրական-հեղափոխական կազմակերպություն, որը հիմնվել էր Կարինում (Էրզրում, Արևմտյան Հայաստան)` 1881 թվականի մայիսին՝ Խաչատուր Կերեքցյանի նախաձեռնությամբ: «Պաշտպան հայրենյաց»-ի մոտակա նպատակն էր հայ ժողովրդի ինքնապաշտպանության կազմակերպումը, վերջնական նպատակը՝ սեփական ուժերով Հայաստանի անկախության վերականգնումը։

Կազմակերպության ղեկավարությունն իրականացնում էր Գերագույն խորհուրդը, որի կազմում ընդգրկված էին Խաչատուր Կերեքցյանը, Ալեքսան Էթելեկյանը, Հովհաննես Ասատրյանը և ուրիշներ։ Անդամներն էին մտավորականներ, արհեստավորներ, երկրագործներ, կազմված էր տասնյակների համակարգով։ Կազմակերպությանը հովանավորում էր Կարինի հոգևոր առաջնորդ Մաղաքիա Օրմանյանը։

Կազմակերպությունը ղեկավարվում էր հինգ հոգուց բաղկացած հեղափոխական շտաբը՝ Գլխավոր կամ Գերագույն խորհուրդը, որը գործում էր առանց գրավոր կանոնադրության։ «Պաշտպան Հայրենյաց»-ը ուներ լավ մտածված կոնսպիրատիվ սիստեմ․ կազմակերպության նոր անդամը, Գերագույն խորհրդի ներկայացուցիչներից մեկին հավատարմության երդում տալուց հետո, հանձնարարություն էր ստանում հավաքագրել 10 վստահելի անձ և դառնալ նրանց հրամանատարը։ Տասնյակի անդամները ճանաչում էին միայն իրենց հրամանատարին, իսկ վերջինը գլխավոր խորհրդի միայն այն անդամին, որին երդում էր տվել։ Տասնյակի զինումը հրամանատարի պարտականությունն էր։

Սահմանված անդամավճարով, հանգանակություններով կամ նվիրատվություններով ձեռք բերված լրացուցիչ զենքը, անհրաժեշտության դեպքում, պետք է բաժանվեր բնակչությանը։ Կազմակերպության հիմնական ուժը քաղաքի արհեստավորական դասն էր և աշխատավոր գյուղացիությունը։ Պրոֆեսիոնալ գործիչները իրենց գաղտնի գործունեությունը քողարկում էին որևէ այլ զբաղմունքով։

«Պաշտպան հայրենյացն» իր մասնաճյուղերն ուներ Արևմտյան Հայաստանի մեծ մասում, որի շատ քաղաքներում ստեղծվել էին հեղափոխական խորհուրդներ։ Սերտ կապեր էին հաստատվել արևելահայերի հետ։ Կազմակերպությունը արևմտահայերի և արևելահայերի շրջանում թռուցիկներ էր տարածում՝ միասնական ուժերով թուրքական լուծը թոթափելու կոչերով։

Ազատագրական միակ ուղին համարելով զինված ապստամբությունը՝ կազմակերպության «արմատական» թևը կողմ էր անհապաղ ելույթին, իսկ «չափավոր» թևի կարծիքով զինված ելույթը կարելի էր սկսել միայն երկարատև և մանրակրկիտ նախապատաստությունից հետո։ Ժողովրդի ինքնապաշտպանության համար զենք հայթայթելու նպատակով «Պաշտպան հայրենյաց»-ը փորձել է նյութական միջոցներ գտնել, կապեր է հաստատել հայ քաղաքական և կրոնական գործիչների՝ Մ. Խրիմյանի, Գ. Արծրունու, Կ. Պոլսի պատրիարք Ն. Վարժապետյանի, հայկական համանման կազմակերպությունների հետ։

1882 թվականի նոյեմբերին կազմակերպությունը պատահականորեն բացահայտվեց, իսկ 1883 արդեն թվականի ապրիլի 7-ին սկսվեց ձերբակալված անդամների դատավարությունը։ Սա Օսմանյան կայսրությունում արևմտահայերի առաջին քաղաքական դատավարությունն էր, որի ժամանակ կազմակերպության 40 անդամներ տարբեր ժամկետներով՝ 5-15 տարի, դատապարտվեցին ազատազրկման։

1886 թվականին բանտից ազատված Խաչատուր Կերեքցյանը և Հ. Իշղալացյանը փորձեցին վերականգնել կազմակերպությունը, բայց Կարինի զինված ելույթի ճնշումից հետո անհաջողության մատնվեցին։

Այսպիսով՝ չնայած քաղաքական ասպարեզից հեռանալուն, «Պաշտպան հայրենյաց»-ը կարևոր նշանակություն ունեցավ արևմտահայ ազգային-ազատագրական շարժման համար և իր գործունեությամբ նշանավորեց օսմանյան բռնապետության դեմ հայ ժողովրդի պայքարի նոր շրջանի սկիզբը։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

16:30 Անգրագիտությո՞ւն, թե՞ միլիարդների մսխում․ 100 դրամով տրանսպորտից ավելի շատ գումար էր հավաքվում, քան 150-ով
11:46 Հանգստացի, արա, հլը հոպ. ԱԺ-ում իրար են ծեծում
12:37 Մետրոն եք բերե՞լ, որ էսի ուզում եք հանեք․ հարց եմ տալիս ներկայիս հանցավոր ռեժիմին․ քասախցի
23:56 Որպես սննդամթերք աշխարհում ամենավտանգավոր ձկնատեսակը՝ կրկին հայկական շուկայում
08:28 Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել․ Հրապարակ
12:02 Ձենդ կտրի՛ր, հլը, չընդհատես ինձ, եկել են այստեղ՝ վնգստում են․ Զարուհի Փոստանջյանը սաստեց ՔՊ-ականին
19:26 Լիլիթ Հովհաննիսյանը կնկարահանվի հոլիվուդյան ֆիլմի գլխավոր դերում
22:09 Արտագաղթ. Հայկավանում օր օրի ավելանում է փակ դռների թիվը. տեսանյութ
13:45 Ի՞նչ տարբերություն՝ Քասախ, թե Երևան․ ստեղից 2 քայլ վազելով մտնում ես Երևան․ քասախցի
23:32 Գյուղում 50 տղա ու էդքան էլ չամուսնացած աղջիկներ ունենք, մարդիկ վախենում են ընտանիք կազմել. Հայկավանի բնակիչ