Ստյոպա Սաֆարյան. քաղաքագե՞տ, թե՞ շարքային պատեհապաշտ
copy image url

Ստյոպա Սաֆարյան. քաղաքագե՞տ, թե՞ շարքային պատեհապաշտ

Ներքին Միտք 3 ամիս առաջ - 18:00 09-01-2025

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Գաղտնիք չէ, որ քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը հիմնականում կիսում է Նիկոլ Փաշինյանի տեսակետները, պաշտպանում նրա քաղաքականությունը, ինչպես նաև տարբեր առիթներով ներկայացնում կառավարության ղեկավարի ձեռքբերումները։ Սաֆարյանը նախորդ ավելի քան 6 տարիներին խստորեն քննադատել ու առ այսօր քննադատում է Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսներին՝ նրանց անվանելով «5-րդ շարասյան ներկայացուցիչներ»։ Վերջինս եթե անգամ քննադատել է Փաշինյանին, ապա դա արել է բարեկամաբար, որպեսզի ոչ մի դեպքում նախկին իշխանությունները չօգտվեն նրա բացթողումներից ու իշխանության չգան։

Ստյոպա Սաֆարյանը շարունակեց աջակցել Նիկոլ Փաշինյանին անգամ Արցախյան 44-օրյա պատերազմում կրած աղետալի պարտությունից, ինչպես նաև 2023 թվականին Արցախի լիակատար հայաթափումից ու բռնազավթումից հետո։ Վերջինս հանրության շրջանում ակտիվորեն տարածում էր և շարունակում է տարածել այն թեզը, որ տեղի ունեցածն անխուսափելի էր ու դրանում մեղավոր են «նախկինները», Արցախի իշխանությունները, Ռուսաստանը և այլք, բայց ոչ երբեք Հայաստանը 2018 թվականից ղեկավարող, բանակցային գործընթացն իր սեփական կետից սկսած Նիկոլ Փաշինյանը։

Տարեվերջին Ստեփան Սաֆարյանը «Ալիք Մեդիային» տված հարցազրույցում սենսացիոն բացահայտում է արել՝ հայտարարելով, որ իրեն ու ևս 2 այլ հայ փորձագետների 2020 թվականին հրավիրել են Իրանի արտաքին գործերի նախարարություն ու տեղեկացրել, որ Արցախն արդեն վաճառվել է և պատերազմն անխուսափելի է լինելու. «Ես էն մարդն եմ, որին նաև ի թիվս 2 այլ հայ փորձագետի, Իրանի արտգործնախարարությունը հրավիրեց և նույնիսկ մեր միջոցով փոխանցեց, որ ձեզ ծախել են, և պատերազմ է լինելու և Ադրբեջանը վստահ է, որ ոչ միայն ռազմական բալանսը, այլ նաև ռազմավարական բալանսը, այսինքն՝ անգամ ձեր բարեկամները ձեր կողմից չեն, իր օգտին են»,- նշել է քաղաքագետը՝ հստակեցնելով, որ սա տեղի է ունեցել 2020 թվականին՝ նախքան Արցախյան 44-օրյա պատերազմի մեկնարկը։

Այս բացահայտումից հետո կրկին տպավորություն է ստեղծվում, որ Արցախի շուրջ տեղի ունեցածն անխուսափելի էր, ու ոչինչ հնարավոր չէր անել՝ այն կանխելու կամ իրավիճակից նվազագույն կորուստներով դուրս գալու համար։ Մյուս կողմից հարց է առաջանում, թե 2020 թվականին և հատկապես Արցախյան պատերազմի ողջ ընթացքում ինչո՞վ պետք է զբաղվեր քաղաքագետը, ում իրանական կողմը պաշտոնապես տեղեկացրել էր, որ պատերազմն անխուսափելի է և փաստացի Հայաստանն այդ պատերազմում հաղթելու հնարավորություն չի ունենալու։

Oragir.News-ն ուսումնասիրեց Սաֆարյանի ֆեյսբուքյան էջը՝ հասկանալու համար, թե վերջինս 2020 թվականի ընթացքում՝ Իրանի ԱԳՆ-ից նման զգուշացում ստանալուց հետո, ինչպիսի հրապարակումներ է կատարել և ինչ ուղերձներ փոխանցել հանրությանը։ Արդյունքում մեզ չհաջողվեց գտնել մի այնպիսի հրապարակում, որտեղ Սաֆարյանը գոնե տողատակով կզգուշացներ Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի մասին, ինչպես նաև կընդգծեր փոխզիջումներ կատարելու անհրաժեշտությունը։ Փոխարենը նախապատերազմյան ողջ շրջանում շարունակել է պաշտպանել Փաշինյանին և խստորեն քննադատել նրա ընդդիմախոսներին, այդ թվում այն գործիչներին, ովքեր նախազգուշացնում էին սպասվող արհավիրքի մասին։

Եթե նախապատերազմական շրջանում Սաֆարյանը թերահավատորեն մոտենալ Թեհրանից իրեն փոխանցված տեղեկությանը ու հենց այս իրողությամբ էլ պայմանավորված նման կերպ գործեր, ապա Արցախում ռազմական գործողությունների մեկնարկից հետո նրա մոտ պետք է այլևս կասկածներ չմնային։ Տրամաբանական է, որ այս իրավիճակում Սաֆարյանը Հայաստանի իշխանություններին պետք է հորդորեր ռազմական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ առարկայական քայլեր ձեռնարկել, հրադադարի դիմաց որոշակի տարածքներ հանձնել Ադրբեջանին, սակայն պատերազմական շրջանում ևս քաղաքագետի գործողություններն ու հրապարակումներն առանձնապես չէին տարբերվում նրա նախորդ քայլերից։

Ռազմական գործողությունների ողջ ընթացքում Ստյոպա Սաֆարյանը հանրության շրջանում բացառապես հաղթական տրամադրություններ էր տարածում՝ վստահեցնելով, որ իրավիճակը գտվում է հայկական կողմից վերահսկողության ներքո։ Ավելին՝ նա իր պարտքն էր համարում հերքել ռազմաճակտում տիրող իրական իրավիճակի վերաբերյալ տեղեկությունները, իսկ դրանք տարածողներին պիտակել որպես «դավաճաններ», «հինգերորդ շարասյան ներկայացուցիչներ» և այլն։

Օրինակ՝ սեպտեմբերի 28-ին Սաֆարյանը կիսվել էր ՀՀ ՊՆ-ի հաղորդագրությամբ՝ մեզ տեղեկացնելով, որ հակառակորդը հարավ-արևելյան ուղղությամբ հակառակորդը է տանկային գրոհ, սակայն, հանդիպելով ՊԲ տանկային ու հակատանկային ստորաբաժանումների համառ դիմադրությանը, ծավալված տանկային մարտում կորցրել է տաս միավոր զրահատեխնիկա: Նշվել էր նաև, որ մարտական գործողությունները շարունակվում են, իսկ օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո:




Արդեն հոկտեմբերի 1-ին, երբ ադրբեջանական կողմը հրթիռակոծել էր Վարդենիս–Սոթք ավտոճանապարհը, քաղաքագետը համոզմունք էր հայտնել, որ հակառակորդ փորձում է Հայաստանին համարժեք քայլեր պարտադրի, ինչից հետո իրավիճակին կմիջամտի Ռուսաստանը, որն էլ իր հերթին կլեգիմիտացնի Թուրքիայի միջամտությունը։ «Կարծում եմ, Ալիևի ու Էրդողանի վիճակն իրոք սարսափելի է․ Թուրքիայի քողարկված մասնակցությունը արդյունք չի տալիս, մնում է բաց խաղաքարտերով խաղալը․․․»,- պնդել էր Սաֆարյանը՝ կրկին հանրության շրջանում հաղթական տրամադրություններ տարածելով։



Եթե պատերազմի սկզբնական փուլում քաղաքագետի նման լավատեսական մոտեցումը հնարավոր էր հասկանալ, գուցե կարծում էր, որ հայկական բանակը կարող է բեկում մտցնել, ապա նույնը չենք կարող ասել է ռազմական գործողությունների հաջորդ փուլերի մասին, երբ ադբրեջանական զինուժը մեկը մյուսի հետևից գրավում էր Արցախի խոշոր բնակավայրերը՝ մոտենալով ընդհուպ մայրաքաղաք Ստեփանակերտին և Շուշիին։ Պատերազմի ավարտական փուլում նույնպես Սաֆարյանի գրառումները խիստ լավատեսական էին և նա շարունակում էր հերքել ռազմաճակատում առկա իրական իրավիճակի մասին բոլոր լուրերը.

Օրինակ հոկտեմբերի 26-ին, երբ ադրբեջանական զինուժը գրավել էր Թալիշը, Մատաղիսը, Ջրականը, Հադրութը, Վարանդան, Կովսականը և Որոտանը՝ Ստյոպա Սաֆարյանը պնդում էր, որ թշնամու բլիցկրիգը ձախողվել է, ինչն արձանագրում են բոլոր ռազմական փորձագետները։ «Այժմ դիրքային պատերազմ ու մարտեր են։ Իսկ հաղթանակները ոչ նախկինում, ու այժմ չեն կերտվել ու չեն կերտվելու ելույթներով, սոցիալական ցանցերում, այլ տեղում' հաղթող զինվորականության ու բանակով։ Ես իմ բանակին ու նրա հաղթանակին հավատում եմ»,- պնդել էր նա։



Արդեն նոյեմբերի 6-ին, երբ ադրբեջանական զորքերը գրավել էին Շուշին և վտանգված էր Արցախի մայրաքաղաքի գոյությունը, Ստեփան Սաֆարյանը նման գրառում էր կատարել. «Եթե ճիշտ եմ հասկանում, վաղը ունենալու ենք Գյոռբագյոռ օպերացիայի լիքը կադրեր։ Հաղթանակ մեր հզոր բանակին ու տղերքին»։


Հաջորդ օրը՝ նոյեմբերի 7-ին, Սաֆարյանը նշում էր, որ ցանկանում է անվանապես իմանալ, թե, որ դավաճանն է «հողերը հանձնելու» վերաբերյալ «խայտառակ» լուրեր տարածել։ «Եվ ես ուզում եմ անվանապես իմանալ, թե այդ ո՞ր մի դավաճանն էր այսօր խայտառակ լուրեր տարածել «հողերը տված լինելու», «վարչապետի հրաժարական տված լինելու» մասին, որոնք հասել են ընդհուպ առաջնագիծ ու մինչև հիմա անհատապես հերքում ենք։ Ո՞վ է այդ տականքին գնդակահարելու։ Եթե դուք դա չեք անելու, ասեք՝ ժողովուրդն իր հաշվեհարդարը կտեսնի։ Ու դա արվել է նաև Հադրութում ու այլ վայրերում, ինչի մասին շատերն են խոսում ու շատ անվանական։ Պատիժ լինելո՞ւ է, թե՞ ուղղակի մխիթարվելու ենք ուշացած հերքումներով»,- գրել նա՝ հաջորդիվ կիսվելով Արծրուն Հովհաննիսյանի այն գրառմամբ, որ անմիջապես Շուշիի մերձակայքում ծանր մարտերը շարունակվում են։



Արդեն նոյեմբերի 8-ին Ադրբեջանի զինված ուժերին հաջողվեց օկուպացնել Շուշին, ինչը հերքելը նույնպես Սաֆարյանն իր սուրբ պարտականությունն էր համարում, չնայած այն բանին, որ Արցախի նախագահի խոսնակը հաստտել էր այս տեղեկությունը։ Քաղաքագետին չհամոզեց անգամ օկուպացված բերդաքաղաքից Ադրբեջանի պաշտպանության նախարարության հրապարակած տեսանյութը։ «Զգուշացում. Ադրբեջանի ՊՆ արդեն տարածում է Շուշիի մասին «կարճ» տեսահոլովակ։ Տեսահոլովակի մեծ մասում կասկած հարուցող կադրեր են, ավելի ստույգ՝ առաջին ու հիմնավոր տպավորություն կա, որ լիքը այլ տեսանյութերից կադրեր են կպցվել։ Այո, կան նաև կադրեր Շուշիում «գտնվելուց», բայց անհայտ է, թե դրանք երբ արված «պատառիկներ» են։ Բայց հիշում ենք՝ թեժ մարտերը քաղաքում ու քաղաքի համար շարունակվում են, այո, թուրքը եղել է քաղաքում, բայց տեսանյութի «մերկությունը», անգամ «այնտեղ գտնվելու կադրերը» ինքնին հաստատում են, որ մեր քաղաքում ադրբեջանական վերահսկողության մասին խոսելը աբսուրդ է»,- ռազմական գործողությունների ավարտից և նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարության ստորագրումից ժամեր առաջ գրել էր նա։



Այսպիսով՝ եթե Սաֆարյանի վերջին պնդումը համապատասխանում է իրականությանը և Իրանի ԱԳՆ-ն իրեն նման զգուշացում է արել, ապա նա իր տեղեկությունները նախևառաջ պետք է փոխանցեր Հայաստանի իշխանություններին, որոնց հետ որոշակի կապեր այնուամենայնիվ ուներ, ինչպես նաև իր հրապարակային խոսքով հանրությանը նախապատրաստեր զիջումների, քանի որ միայն այդ ճանապարհով հնարավոր կլիներ խուսափել այն աղետալի տարածքային ու մարդկային կորուստներից, որոնք հայկական կողմը ունեցավ այս պատերազմի հետևանքով։ Ուսումնասիրելով, նախապատերազմական և բուն պատերազմական գործողությունների շրջանում Ստյոպա Սաֆարյանի գործունեությունը, մեզ չհաջողվեց գտնել գեթ 1 դրվագ, որտեղ վերջինս կնախազգուշացներ սպասվող արհավիրքի և դրա կանխորոշված լինելու մասին։

Դատելով այն հանգամանքից, որ քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը պատերազմի ողջ ընթացքում հանրության շրջանում հաղթական տրամադրություններ էր տարածում, ստացվում է, որ կա՛մ նա Իրանի ԱԳՆ-ից որևէ զգուշացում չի ստացել և այժմ մոլորեցնում է մարդկանց, կամ էլ ունենալով նման տեղեկություններ միտումնավոր կերպով մանիպուլացրել է հանրությանը՝ թույլ չտալով, որ վերջինս տեղեկանա ռազմաճակատում առկա իրական իրավիճակի մասին։ Կարծում ենք, որ երկու դեպքում էլ Սաֆարյանի հայտարարությունը պետք է իրավապահների կողմից քննության առարկա դառնա՝ պարզելու համար վերջինիս գործողությունների շարժառիթները։

Այս ամենի համադրության արդյունքում ընթերցողի շրջանում հարց կառաջանա՝ Ստյոպա Սաֆարյանը քաղաքագե՞տ է, թե պարզապես շարքային պատեհապաշտ, որի պատասխանը ընթերցողը կտա հաջորդ ընտրությունների ժամանակ, երբ հիշյալ գործիչը հերթական անգամ քաղաքական հայտ կներկայացնի ու կհայտնվի որևէ ուժի համամասնական ցուցակում՝ ԱԺ-ում հայտնվելու ակնկալիքով։






Ամենից շատ դիտված

16:30 Անգրագիտությո՞ւն, թե՞ միլիարդների մսխում․ 100 դրամով տրանսպորտից ավելի շատ գումար էր հավաքվում, քան 150-ով
11:46 Հանգստացի, արա, հլը հոպ. ԱԺ-ում իրար են ծեծում
12:37 Մետրոն եք բերե՞լ, որ էսի ուզում եք հանեք․ հարց եմ տալիս ներկայիս հանցավոր ռեժիմին․ քասախցի
23:56 Որպես սննդամթերք աշխարհում ամենավտանգավոր ձկնատեսակը՝ կրկին հայկական շուկայում
08:28 Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել․ Հրապարակ
12:02 Ձենդ կտրի՛ր, հլը, չընդհատես ինձ, եկել են այստեղ՝ վնգստում են․ Զարուհի Փոստանջյանը սաստեց ՔՊ-ականին
19:26 Լիլիթ Հովհաննիսյանը կնկարահանվի հոլիվուդյան ֆիլմի գլխավոր դերում
22:09 Արտագաղթ. Հայկավանում օր օրի ավելանում է փակ դռների թիվը. տեսանյութ
13:45 Ի՞նչ տարբերություն՝ Քասախ, թե Երևան․ ստեղից 2 քայլ վազելով մտնում ես Երևան․ քասախցի
23:32 Գյուղում 50 տղա ու էդքան էլ չամուսնացած աղջիկներ ունենք, մարդիկ վախենում են ընտանիք կազմել. Հայկավանի բնակիչ