Ուղիղ եթեր
Միտք Ներքին 1 տարի առաջ - 09:00 09-01-2025

Խաղաղության խաչմերուկն անցա՞նք, ինչո՞ւ է սպառնալիք հնչում  

Մտահոգիչ հայտարարություններ են հնչում չբարեկամ Ադրբեջանից։ Սուրբ Ծննդյան օրը՝ հունվարի 6-ին, Ադրբեջանի ՊՆ-ն երկու անգամ ապատեղեկատվություն տարածեց սահմանային կրակոցների մասին։ Իսկ հունվարի 7-ին նախագահ Իլհամ Ալիևը կրկին «Զանգեզուրի միջանցքի» թեման բարձրացրեց ու պնդեց, թե այն պետք է բացվի։

Բաքվի բռնապետը նաև տեղեկացրեց է, որ հունվարին կարող է տեղի ունենալ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման և սահմանգծման շուրջ բանակցությունների հերթական փուլը։ Այս առումով՝ հանրային մտավախություն առաջացավ, թե Փաշինյանն առաջիկայում նոր զիջումներ կարող է անել։

Իսկ ամենասպառնալին այն է, որ Ալիևը ՀՀ-ն ֆաշիստական է որակել։ «Հայկական անկախ պետությունն, ըստ էության, ֆաշիստական պետություն է, քանի որ այս երկիրը մոտ 30 տարի ղեկավարել են ֆաշիստական գաղափարախոսության կրողները, նրանք այս երկիրը կերտել են իրենց կերպարով։ Մեր երկիրը հարևան է ֆաշիստական պետությանը, և ֆաշիզմի վտանգը չի վերացել։ Ուստի ֆաշիզմը պետք է ոչնչացվի։ Այն կկործանի կա՛մ Հայաստանի ղեկավարությունը, կա՛մ մենք։ Մենք այլ ելք չունենք»,- սպառնացել է թշնամին:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն «Արմենպրեսի» խնդրանքով արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ հունվարի 7-ին հնչեցրած սպառնաիքներին։

«Թերևս Բաքուն փորձում է տարածաշրջանում էսկալացիայի «լեգիտիմություն» ձևավորել: Արվում են ագրեսիվ հայտարարություններ՝ հաշվարկով, թե Երևանից կհնչեն ագրեսիվ պատասխաններ, ինչը Բաքվին հնարավորություն կտա ավելի ագրեսիվացնել սեփական հայտարարությունները՝ սա զուգորդելով Հայաստանի բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին կեղծ տեղեկությունների տարածմամբ՝ տարածաշրջանում նոր էսկալացիայի «հիմնավորում» ձևավորելու համար: Մենք չենք գնալու այս ճանապարհով, հավատարիմ ենք մնալու խաղաղության ռազմավարությանը և հետևողականորեն շարունակելու ենք խաղաղության օրակարգի իրագործումը: Սա նշանակում է՝ կիրառելու ենք ոչ թե ագրեսիվության, այլ երկխոսության լեզու: Մենք շարունակելու ենք կենտրոնացած մնալ սահմանազատման, խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման, «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրագործման, հումանիտար հարցերի, այդ թվում՝ անհետ կորածների ճակատագրի պարզաբանման խնդիրների վրա»,- ասել է Փաշինյանը:

Համադրելով երկու երկրների ղեկավարների հայտարարություններն, ակնհայտ է, որ Փաշինյանի պատասխանը համարժեք չէ։ Ենթադրելի է, որ կա՛մ խաղաղության խաչմերուկի քաղաքականությունը միջազգային ընկալում չի ստանում, կա՛մ Ալիևը ոգևորվել է Թրամփի վերադարձով և կարծում է, թե ՀՀ-ի դեմ ագրեսիա ձեռնարկելու միջազգային տվչություն կարող է ստանալ, ինչպես 2020-ին։

Մյուս կողմից ենթադրելի է, որ ադրբեջանական սպառնալիքները վկայում են ՀՀ իշխանությունների վարած սխալ քաղաքականության, խաղաղության օրակարգի անկատարության, անհաշվենկատության մասին։ Արդյո՞ք խաղաղության օրակարգը փակուղի է մտել։ Եվ ի՞նչ կարող է անել ՀՀ իշխանությունը թվարկված սպառնալիքները չեզոքանելու ուղղությամբ։

Առաջին հերթին ՀՀ իշխանությունները կարող են համարժեք արձագանքել Բաքվի սպառնալիքներին և հանիրավի մեղադրանքներին, ինչպես նաև՝ միջազգային հանրությանն ու իրական դաշնակիցներին տեղեկացնել դրանց մասին։ Երկրորդը՝ ՀՀ-ն կարող է վերանայել և փոփոխել արտաքին և պաշտպանական հայեցակարգերը, ձեռք բերել դաշնակցային նոր պայմանավորվածություններ, որ ռուս-թուրք-ադրբեջանական չբարեկամները չկարողանան նոր ագրեսիայի լեգիտիմություն ստանալ, ինչպես 2020-ին։ Երորրդը՝ տարածաշրջանային հաղորդակցության ուղիների բացման հարցում անհրաժեշտ է դրանք ներդաշնակեցնել միջազգային մեծ հաղորդակցային նախագծերի հետ, նպատակային և հնարավորինս արագ իրացնել միջազգային ֆինանսական հատկացումները ճանապարհների կառուցման ուղղությամբ։ Ի վերջո՝ ենթադրյալ ագրեսիայի ժամանակ ռուսական գոծոնը չեզոքացնելու համար անհրաժեշտ է ոչ թե սառեցնել, այլ պարզապես հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց սկսելու մասին։ Այս քայլերը կարող են իրապես չեզոքացնել ադրբեջանական սպառնալիքները։

Ցավոք՝ ՔՊ-ական իշխանությունները այս ուղղություններով շարժվելու նշաններ ցույց չեն տալիս։ Ոչ էլ հույս կա, որ կարող են ընդունել և ուղղել իրենց սխալները։ Չկա որևէ նախանշան, որ իշխանության ներսում կարող են գտնվել մարդիկ, որոնք կփորձեն փոխել Փաշինյանի վարած ռիսկային ու վտանգավոր կուրսը, որպեսզի ոչ ոք այսուհետև չհամարձակվի սպառնալիքներ հնչեցնել ժողովրդավարական Հայաստանի, քաղաքական համայնքի հասցեին, խոսքով ոտնահարել ՀՀ տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխան իրավունքները։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան
17:42 Երևանում հրկիզել են հայտնի ԱՁ-ի տնօրենի Mercedes-ը՝ պատճառվել է խոշոր չափի վնաս