Արցախի թեման գաղտնազերծման շեմին է։ Օրեր առաջ ՀՀ առաջին նախագահն էր Նիկոլ Փաշինյանին առաջարկել հրապարակել Արցախի վերաբերյալ բանակցային ամբողջ փաթեթը, այդ թվում Թավշյա հեղափոխությունից հետո միջնորդների բանակցված առաջարկները։ Իսկ հունվարի 7-ին Նիկոլ Փաշինյանն է արտգործնախարարին հանձնարարել գույքարել ԱԳՆ-ում առկա բանակցային թղթերը, քննարկել և գնահատել փաթեթի հնարավոր հրապարակումը Հայաստանի պետական անվտանգության շահերի դիտանկյունից։ Կհրապարակվե՞ն Արցախի բանակցային փաստաթղթերը։ Եվ ի՞նչ կփոխվի դրա արդյունքում։
Նախ հարկ է նկատել, որ դիվանագիտական, բանակցային փաստաթղթերն ունեն գաղտնիության երկար ժամկետ, անկախ այն բանից՝ թեման մասամբ փակվե՞լ է, թե՞ բաց է։ Իսկ Արցախի խնդիրը, որպես ազատության, ինքնորոշման համար պայքար, ունեցել է տարածաշրջանային, միջազգային, աշխարհաքաղաքական նշանակություն։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիան բազմիցս ակնարկել է Արցախի խնդրի վրա սևեռման մասին, ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը նախքան պաշտոնից հեռանակը թափանցիկ ակնարկել է Արցախի հարցի բաց լինելու մասին։ Այս ռեալությունը հիմք է տալիս ենթադրելու, որ Արևմուտքը Արցախի վերաբերյալ դեռ ասելիք ունի ու չի համաձայնվի, որ ժամանակից շուտ գաղտնազերծվեն բանակցային փաստաթղթերը։ Մոսկվան ևս թաքցնելու հետաքրքրություն ունի, քանի որ տևական ժամանակ խոչընդոտել է հարցի կարգավորմանը, իսկ 44-օրյա պատերազմի շրջանում բացահայտ աջակցել Ադրբեջանին։ Այս մասին հունվարի 6-ին հայտարարել է նաև Ֆրանսիայի նախագահ Մակրոնը։
Այսինքն՝ ԵԱՀԿ ՄԽ միջնորդները, ենթադրաբար՝ դեմ կլինեն, որ բանակցային փաստաթղթերի ամբողջ փաթեթն այսօր գաղտնազերծվի։
Բանակցային գործընթացի ցանկացած մակարդակի մասնակից կարող է վկայել, որ քննարկվող հիմնական հարցը եղել է այն, թե Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ փաստաթղթով ո՞ր երկիրն է խաղաղապահ տեղակայելու Արցախում։ Մոսկվան ձգտել է, որ ռուսական զորքեր մտնեն Արցախ, իսկ Արևմուտքը ցանկացել է, որ ՄԱԿ-ի մանդատ ունենան խաղաղապահները, և կարգավորումը լինի հռչակված միջազգային 3 սկզբունքները հարգելով։ Ենթադրելի է, որ այս թեմայով բազմաթիվ քննարկումներ են եղել և արձանագրություններ են կազմվել։ Փաշինյանը կխիզախի՞ հրապարակել դրանք։
Հաջորդ թեման առնչվում է քաղաքակրթական ընտրությանը։ Հայտնի է, որ Արցախի հարցի միջազգային ընկալման վրա էական նշանակություն է ունեցել ՀՀ-ում ռուսական ռազմակայանի տեղակայման մասին 1995-ի մարտի 16-ի պայմանագրի ստորագրումը։ Եթե ՀՀ իշխանությունն այդ անսպասելի սխալը չաներ, չերկարացներ ռուսական ռազմաքաղաքական ներկայությունը Հայաստանում, ապա միջազգային հանրությունը, հնարավոր է՝ 2008-ից շուտ կճանաչեր Արցախի ինքնորոշման իրավունքը, ինչպես ճանաչեց, օրինակ՝ Կոսովոն։ Այս դեպքում ռիսկ կար, որ եթե Արևմուտքն Արցախի անկախությունը ճանաչեր, ապա այնտեղ ևս կտեղակայվեին ռուսական զորքեր։ Սա է եղել Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչման հարցը ձգձգելու պատճառը։ Եվ այս մասին, ենթադրաբար՝ կան բանակցային արձանագրումներ։ ԱԳՆ-ն կարո՞ղ է դրանք հրապարակել։
Պարզ ասած՝ խաղաղապահների դրոշի և քաղաքակրթական ընտրության թեմաներն են Արցախի հարցի բանակցային գործընթացի էական էջերը։ Դրանց հրապարակումը հնարավորություն կտա հասկանալու Փաշինյանի սխալներն ու դասեր քաղել։ Հետևաբար՝ ենթադրելի է, որ ՔՊ-ական իշխանությունը դա հրապարակելու խիզախություն չի ունենա։
Առավելագույնը՝ կգաղտնազերծվեն հատվածաբար, միայն զգայացունց էջեր, որոնք ժամանակավորապես կշեղեն հանրության ուշադրությունը էականից, կփշրեն լավատեսությունը, թե հնարավոր էր Արցախը «դե յուրե» միավորել Հայաստանին, կամ աշխարհը կարող էր ճանաչել Արցախի անկախությունը, բայց քաղաքականապես սակավակիրթ իշխանությունների սխալների պատճառով ներկայում բռնազավթված է։
Թաթուլ Մկրտչյան