Ներքին 1 տարի առաջ - 17:43 31-12-2024

Թող բազումողորմ Աստծո սերը, շնորհներն ու առաջնորդությունը լինեն ամենքիդ հետ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան

Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի շնորհավորական ուղերձն Ամանորի և Սուրբ Ծննդյան առթիվ․

«Սիրելի՛ բարեպաշտ եւ հավատավոր զավակներ.

Տարեմտի այս օրը մենք կրկին կանգնած ենք ժամանակի ու պատմության ճամփաբաժանին՝ հետեւում թողնելով 2024-ը եւ զգուշությամբ, աչալրջությամբ մեր հայացքն ուղղելով փրկչական նոր՝ 2025 թվականը:

Դարձյալ նոր տարի ենք մուտք գործում՝ մեր Տիրոջ Սուրբ Ծննդյան խորհրդով ու ավետիսով: Ժամացույցի ազդարարող զարկերի հետ հայոց բոլոր, նաեւ Շիրակ աշխարհի եկեղեցիներում աղոթք ենք բարձրացնելու առ Աստված, որ 2025-ը լինի երկնային օրհնությամբ ու շնորհներով լի տարի եւ աշխարհը մոտեցնի խաղաղության ու մարդկանց բարօրության այն օրհնյալ օրվան, երբ այլեւս չեն լսվի որդեկորույս մայրերի ողբ, վիրավոր մանկան ճիչ ու պատերազմի որոտ:

Այո՛, ծանր էր հայոց համար անցնող տարին, սակայն, Ամենակալ Տիրոջ կամքով, մեր հավատավոր զավակներին հույսի, վերընձյուղման նոր շողեր ընծայեց տարեվերջը՝ երկու նշանավոր ու անմոռաց իրադարձությամբ: Նախ հայ քրիստոնյայի առջեւ, երկար ընդմիջունից հետո, իր օրհնյալ դռները բացեց համայն հայության հոգեւոր օրրանը՝ Մայր Տաճարը, կրկին միմյանց ու Հայրենիքին կամրջելով բյուր-բյուրավոր սրտեր, ապա նաեւ Գյումրու եւ գյումրեցու մշտանորոգ աղոթքը հնչեց նորոգ վերաօծյալ Ս. Ամենափրկիչ եկեղեցու կամարների ներքո՝ ահեղ երկրաշարժից 36 տարի անց:

Սիրելինե՛ր, ցավոք հայ ժողովրդի առջեւ դեռ ծառացած են մնում երկրի խաղաղության, արդար իրավունքների պաշտպանության, պետականության ամրապնդման, ազգային ու հոգեւոր կյանքը շենացնելու՝ անհնարին թվացող, խնդիրները: Առաքյալի խոսքերով ասած՝ «մեծ վստահություն ունեմ ձեր հանդեպ, մեծապես հպարտ եմ ձեզնով...» (Բ Կորնթ. Է 4), քանի որ հավատավոր գյումրեցին անվեհեր դիմակայում է դժվարությունները, նեղությունները՝ վճռականությամբ ընտրելով առաջընթացի ուղին:

Ամանորն առավել տոնական տեսք կառնի Աստվածորդու՝ մեր հոգիները զորացնող Սուրբ Ծննդյան ավետիսով, հրեշտակների՝ «յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ հաճութիւն» օրհներգությամբ: Երկնաձայն հենց այս մաղթանքով էլ կսկսվի գալիք տարին, որ մեզ համար սկիզբն է հույսի, արարման, հաղթանակի ու խաղաղության:

Լուսաշող գալիքի ակնկալությամբ՝ մեր աղոթքն առաքենք առ Աստված՝ հայցելով, որ 2025 թվականը համայն մարդկությանն ընծայի խաղաղություն, վշտացյալներին` մխիթարություն, հիվանդներին` ապաքինում, նաեւ նորանոր ձեռքբերումներ մեր ժողովրդին: Դիմավորենք Ամանորը լավատեսությամբ, մեր իղձերն ու նվիրական երազանքներն իրագործելու հավատով:

Թող բազումողորմ Աստծո սերը, շնորհներն ու առաջնորդությունը լինեն ամենքիդ հետ այժմ եւ միշտ եւ հավիտյանս:

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ:

Օրհնությամբ՝

ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

ԱՌԱՋՆՈՐԴ ՇԻՐԱԿԻ ԹԵՄԻ»։

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
19:36 Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում