Երևան +12°
copy image url
Մշակույթ 8 ամիս առաջ - 22:20 05-09-2023

Իմ սերը, իմ մե՜ծ սերը հետո է գալու․ Չարենցի սերերը

-Ես Աստծո ի՛նչն եմ ասել, աշխարհը թողած, Կարսը թողած, եկավ ի՞նձ տեսավ: Մարդավարի տեսք որ տար, հոգին դո՞ւրս կգար: Հիմա լա՞վ է, որ աղջիկներր ռեխիս չեն նայում,- սրտնեղում էր Եղիշե Չարենցը։

-Ա՛յ Եղիշ,- հուսադրում էր ընկերը,- կմեծանաս, կգեղեցկանաս: Եվ հետո, փորձ արե՞լ ես աղջկա մոտենալ: Ի՞նչ ես իմանում, գուցե գործերդ հաջող գնան: Այ տղա, խե՞նթ ես,- քմծիծաղում էր,- որ մեծանամ՝ բոյս երկարելո՞ւ է, ուսերս հավասարվելո՞ւ են, քիթս ուղղվելո՞ւ է:

Բանաստեղծի մտերիմ ընկերների վկայությամբ` Չարենցը աղջիկների ներկայությամբ գլուխը բարձր էր պահում, քիթը` ցից, կեպին` ավելի ծռած, իբր` տեսե՛ք ու իմացե՛ք, ինձ պես գեղեցիկ տղա աշխարհը ոչ ծնել է, ոչ էլ կծնի:

Չնայած Չարենցն իրեն պակաս գեղեցիկ էր համարում, սակայն մշտապես եղել է կանանց ուշադրության կենտրոնում։

Մի անգամ Եղիշե Չարենցը բռնացնում է ընկերոջը՝ Աղասի Ալայանին, թե.

- Ալայա՛ն, գնա Աստղիկ Ղոնդախչյանին ասա, որ սիրում եմ իրեն:



- Աղջկանը դու սիրես, սերդ ե՞ս բացատրեմ: Տղամարդուն վայել կլինի էդ,- կշտամբում է ընկերը:

- Չի՛ լինի, թող չլինի,- նեղանում է Չարենցը,- պետքս էլ չի: Բանաստեղծություն կնվիրեմ եւ՝ վերջ: Սերս թե կհասկանա՝ լա՛վ, չի՛ հասկանա, տերն իր հետ...

Սերը մնում է անպատասխան:

Օրեր են անցնում: Չարենցը նորից է բռնացնում ընկերոջը, թե.

-Ալայա՛ն, գնա Կարինե Քոթանջյանին ասա, որ իրեն սիրում եմ:

Ընկերն ունքերը իրար է տալիս.

Եղա՞վ, Եղիշ ջան,- նորից կշտամբում է Ալայանը, - աղջկանը դու սիրես, սերդ ե՞ս բացատրեմ: Տղամարդուն վայե՞լ կլինի էդ:

-Չի՛ լինի, թող չլինի,- նորից նեղանում է Չարենցը:- Պետքս էլ չի, բանաստեղծություն կնվիրեմ: Սերս կհասկանա՝ լավ, չի՛ հասկանա, տերն էլ իր հետ...

էս սերն էլ նախորդի նման մնում է անպատասխան:

-Էլի բան դուրս չեկավ,- դառնացած ասում է Չարենցը:- Ի՞նչ բանաստեղծ, որ աղջիկ չգերի, սեր չերգի: Երեւի իսկապես, իմ սերը, իմ մե՜ծ սերը հետո է գալու:

Իրոք, չի սխալվում... Եվ Չարենցի մեծ սերը գալիս է 1921 թ․։

1921 թվի հունվարյան մի օր Երեւանում դրամատիկական ստուդիայի սաների ելույթն էր:



Չարենցը, որպես արվեստի բաժնի վարիչ, հաճախ էր ներկա լինում փորձերին:

Հանդեսի օրն էլ բանաստեղծը պատվել էր իր ներկայությամբ: Ներկայացումից հետո սկսվում է գեղարվեստական մասը:

Եղիշե Չարենց. «Ամբոխները խելագարված», արտասանում է Արփենիկ Աստվածատրյանը:

Բեմ է բարձրանամ սիրուն, համեստ Արփենիկը՝ Արփիկ Աստվածատրյանը: Առաջ է գալիս, գլուխը բարձր պահած արտասանում ու գնում:

«Ծափերից էդպես դղրդացող դահլիճ օրումս տեսած չկայի: Մարդիկ ծափահարում էին, չգիտես՝ Եղիշե Չարենցի՞ն, թե Արփենիկ Աստվածատրյանին,- գրում է Աղասի Ալայանը:- Աչքս Չարենցի վրա էր, իսկ նա՝ յոթերորդ երկնքում: Թվում էր, ուր որ է իրեն բեմ կգցի»:

Դանդաղ իջնում է վարագույրը, երեկոն վերջապես ավարտվում է: Չարենցը բարձրանում է բեմ, շնորհավորում բոլորին: Հասնելով Արփենիկ Աստվածատրյանին՝ բռնում է նրա ձեռքը եւ ասում․

- Արփի՛կ ջան, էս ի՞նչ արիր, թամամ մեզ խելագարեցրիր:

Ուրախությունից բանաստեղծի աչքերը փայլում են, իսկ սիրտը, միայն Աստված զիտեր, թե սիրտն այդ պահին ինչ օրում էր, ինքն էլ՝ բռնել աղջկա ձեռքը ու բաց չի թողնում:

Թատրոնի դռների մոտ Չարենցը նորից բռնացնում է ընկերոջը, մտնում նրա թեւը ու տեղնուտեղը վրա բերում.

-Աղասի՛, հիմի եկել է իմ սերը, իմ մե՜ծ սերը: Կգնաս ու Արփիկին կասես, որ սիրում եմ իրեն:

Աղջկանը դու սիրես, սերդ ե՞ս բացատրեմ,- նորից սրտնեղում է ընկերը:

- Լավ, ե՛ս կբացատրեմ,- նկատելի դժգոհությամբ ասում է Չարենցը,- էն էլ էնպես, որ աչքերդ բաց մնան: Արփիկը ո՛չ Աստղիկ է, ո՛չ Կարինե, ո՛չ Լյուսի: Նրան ձեռքից բաց թողնողը չե՜մ...