Քաղաքական տհաս, դու ո՞վ ես, որ կարողանաս նախկին նախագահների հետ բանավիճես․ ԳԽ պատգամավոր
copy image url

Քաղաքական տհաս, դու ո՞վ ես, որ կարողանաս նախկին նախագահների հետ բանավիճես․ ԳԽ պատգամավոր

Ներքին 3 ամիս առաջ - 13:30 24-12-2024
«Փաշինյանի այդ գրառումը համարում եմ քաղաքական տհասություն, անգրագիտություն»։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 24-ին, Oragir.News-ի հետ զրույցում ասաց ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր Մեխակ Մխիթարյանը՝ անդրադառնալով վարչապետի նախօրեին կատարած գրառմանը։

Նիկոլ Փաշինյանը գրել է, թե 1994 թվականից ի վեր, այսինքն հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին:

ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավորն այսպես պատասխանեց Փաշինյանին․

«Եթե դա այդպես էր՝ այդ բանակցությունները 30 տարվա ընթացքում, այդ համանախագահ երկրների ղեկավարները՝ ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիա, ամեն մեկը տարբեր առիթներով ասել են, որ Ղարաբաղի խնդիրը չի կարող լուծվել ուժի կիրառման միջոցով։ Այս բոլոր տարիների ընթացքում մեր արտգործնախարարների ջանքերը, 1-ին, 2-րդ, 3-րդ նախագահների ջանքերը ինչի՞ն են ուղղված եղել։

Բա, եթե այդպես էր, ինչո՞ւ է առաջացել «Լավրովի պլանը»։ Եթե մենք հանձնում էինք մեր գրաված 5 շրջանները, 30 տարի հետո պետք է տեղի ունենար հանրաքվե, որպեսզի որոշվեր Ղարաբաղի կարգավիճակի հարցը։

Այն ժամանակ Ադրբեջանը համաձայնվում էր դրան, խնդրում էր, որ գոնե այդ 7 շրջաններից 2-3-ը տվեք, որ ես կարողանամ իմ ժողովրդի պահանջները բավարարեմ, ամեն օր ինձ խնդրում են, պահանջում են։ Ասում էր՝ փակ դռների հետևում միշտ ճնշում են, ես համաձայն եմ Ղարաբաղի անկախությանը և այլն։

Եթե չկար այդ բանակցային գործընթացը՝ չկայի՞ն այդպիսի հարցեր դրված, որ Ղարաբաղը պետք է մնար, 5 շրջանները վերադարձվում էին, Լաչինն էլ էր պահպանվում, Շուշին էլ էր պահպանվում, Հադրութի մասին էլ չեմ խոսում։ Ղարաբաղը մնում էր իր այդ կարգավիճակով 30 տարի հետո պետք է տեղի ունենար հանրաքվե, որտեղ դրված լիներ փախստականների վերադարձի խնդիր, հետո տեղի ունենար հանրաքվե և որոշվեր Ղարաբաղի կարգավիճակի հարցը»։

Դիտարկմանը, որ Փաշինյանն ասում է՝ որևէ բովանդակություն բանակցային գործընթացը չի ունեցել, և ուրիշ բովանդակության մասին խոսույթները Հայաստանի Հանրապետությունում ներդրվել են բացառապես ներքաղաքական խնդիրներ լուծելու համար, Մեխակ Մխիթարյանն այսպես արձագանքեց․

«Ի՞նչ ներքաղաքական խնդիր, կարո՞ղ ենք իմանալ, ի՞նչ ներքաղաքկան խնդիր է եղել, որ ներքաղաքական խնդիր լուծվեր։ Հիմա՛ են իրենք ներքաղաքական խնդիր լուծում, դրել են «խաղաղության խաչմերուկ» կոչվածը, «խաղաղության փաստաթուղթ» կոչվածը դարձրել են դրոշակ, ընկել են ժողովրդի մեջ, խաբում են՝ հեսա խաղաղություն ենք բերելու, որպեսզի մյուս տարվա համար ձայներ հավաքեն։ Նախընտրական տարի է, իմիջն է փոխում, սափրվում է և այլն։ 6-7 տարի իշխանության ես եկել, նո՞ր ես խելքի եկել, որ այդ բանակցությունների գործընթացը այսպես ասած՝ քո ասած տրամաբանությամբ է ընթացել։ Դա տգիտություն է, քաղաքական տհասություն է դա»։

Փաշինյանը գրառման վերջում նշել է, որ այս համատեքստում ինքը գործել է մի մեծ սխալ. «2018-ին բանակցային բովանդակությանը ծանոթանալով, վերը նշվածը չեմ խոստովանել ինքս ինձ (Ձեզ հայտնի մոդելի հայրենասիրությունս թույլ չի տվել դա անել) եւ հետեւաբար այդ ամենը չեմ պարզաբանել ժողովրդին:

«Բա հիմա ումի՞ց է ինչ պահանջում, դե խոստովանեի՛ր, ո՞վ էր քո ձեռքը բռնել։ Կարող է այն ժամանակ խոստովանեիր՝ այսպես է, ժողովուրդն էլ կողմնորոշվեր, որոշեր՝ ինչ աներ, քեզ ընտրե՞ր, թե՞ ոչ, վստահե՞ր, թե՞ չվստահեր, թող ասեիր, եթե այդքան դուխով տղա էիր։ Ղարաբաղում կոկորդդ պատռում էիր՝ «Արցախը Հայաստան է և վե՛րջ», այդ ժամանակ նման բաներ մտքովդ չէ՞ր անցնում, չէի՞ր պատկերացնում նման բաները»,- ասաց Մխիթարյանը։

ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավորն անդրադարձավ նաև նախկին նախագահներին բանավեճի հրավիրելու Փաշինյանի առաջարկին․

«Այ քաղաքական տհա՛ս, դու ո՞վ ես, որ կարողանաս Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի հետ բանավիճես։ Այ քաղաքական բոբի՛կ, դու քաղաքականության մեջ, առավել ևս դիվանագիտության մեջ անգամ տարրական գիտելիքներ չունես, քեզ ձեռք են առնում քո հետ բանակցողները, քո վրա ծիծաղում են․․․»։

Ամփոփելով զրուցը Մեխակ Մխիթարյանն ընդգծեց՝ Փաշինյանը ամեն քայլի դիմում է, որպեսզի վերականգի երբեմնի հեղինակությունը, որն այսօր գետնին է հավասարեցված․

«Սա Նիկոլ Փաշինյանի քաղաքական կարիերայի հոգեվարքի վերջին ճիչերն են։ Ինքը փորձում է, ինչ-որ մի ձև վերականգնել իր խաթարված, գետնին հավասարեցված, ցեխի մեջ ընկած հեղինակությունը»։

Նշենք, որ ՀՀ նախկին նախագահները՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը մերժել են Փաշինյանի հետ բանավիճելու առաջարկը։

Ամենից շատ դիտված