Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը որոշել է ամբողջությամբ և ինքնուրույն փոխհատուցել ԱՄՆ մեկնելու ինքնաթիռի տոմսի ծախսերը, որը կազմում է 20․000 դոլար։
«Սա վերջին շրջանի ամենաքննադատված և ասեմ ավելին` տեղին քննադատված թեմաներից մեկն է։ Վերջերս մեր կատարած ԱՄՆ այցից հետո եմ տեղեկացել, թե անձամբ ինձ համար ինչ գներով են ձեռք բերվել տոմսերը։ Անկեղծ ասած՝ ինքս էլ մի փոքր ապշած էի այդ թվերից, բայց հետո հասկացա, որ ընդհանուր անպատասխանատվության և անտարբերության որոշակի խնդիր կա։ Որոշում եմ կայացրել այդ ծախսն ամբողջությամբ փոխհատուցել, ինքնուրույն»,- գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց Ավինյանը։
Oragir.News-ն այսօր շրջել է Երևանի փողոցներում և քաղաքացիներից հետաքրքրվել, թե իրենց կարծիքով ինչի հետևանք է, որ Ավինյանը որոշել է փոխհատուցել ԱՄՆ գնալու տոմսի գումարը։
Քաղաքացիների մի մասը նշեց, որ չեն կարող հստակ ասել, թե որն է Երևանի քաղաքապետի նման որոշման պատճառը, սակայն, ըստ քաղաքացիների՝ շատ լավ կլինի, եթե իսկապես փոխհատուցի։
«Հասարակական ճնշման հետևանք է»,-պատասխանեց հարցվածներից մեկը։
Անցորդներից մեկն էլ նշեց՝ չի հավատում, որ Տիգրան Ավինյանը կփոխհատուցի այդ գումարը։
«Նա ոչ մի բան էլ չի փոխհատուցելու։ Ինչ լինում է մեր ժողովրդին է լինում, թե չէ պաշտոնյաները ոչ մի բան չեն անում մեր ժողովրդի համար»,- ասաց նա։
Քաղաքացիներից մեկն էլ նշեց, որ իրեն չի հետաքրքրում այդ հարցը։ «Ինձ ո՛չ ԱՄՆ-ն է հետաքրքրում, ո՛չ էլ ձեր քաղաքապետը»,- ասաց նա։
Հարցվածներից մեկն էլ ասաց, որ անիմաստ հարցեր են, քանի որ Ավինյանը լավ քաղաքապետ է։
«Ամերիկա գնալը պետք էր։ Լիքը լավ բան ա անում, կանգառներն են սարքում»,- նշեց նա։
Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ այս իշխանություններին հետաքրքիր չէ, եթե մարդիկ ինչպես են ապրում։ «Փող են աշխատում»,- նշեց նա։
Մի կին էլ նշեց, որ մարդիկ անկախատեսելի են։ «Ում էր պետք ԱՄՆ մեկնելը, թող այստեղ կարգի բերեն»,- պատասխանեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։