Իշխանությունների ապիկարությունը, անկարողությունը, անարդարությունն ու անպատասխանատու վերաբերմունքը ոչ միայն զայրույթի, այլև ամոթի զգացում է առաջացնում քաղաքացիների շրջանում։ Մարդիկ ամաչում են, որ իրենց ներկայացնում են այսպիսի մարդիկ։
Օրեր առաջ դատարանի որոշմամբ՝ Երևանի կայանատեղիների համար վճարվող 160 հազար դրամի թանկացումը չեղյալ հայտարարվեց։ 2024-ի հունվարի 1-ից Երևանի կենտրոնում կայանելը 13 անգամ թանկացրել էին՝ 12 հազարի փոխարեն դարձել էր 160 հազար դրամ։ Իսկ հիմա Վարչական դատարանն անվավեր ճանաչեց Երևանի ավագանու այս որոշումը։ Սակայն ՔՊ-ական իշխանությունը չի հանձնվում, դրսևորում է օրենքի հանդեպ անհարգալից վերաբերմունք և մտադիր է բողոքարկել վճիռը վերադաս ատյան։ Հետևաբար՝ քաղաքացիներից կշարունակեն գանձել 160 հազար դրամ Կենտրոնոմ կարմիր գծերին կայանելու համար։ Ամեն դեպքում, անկախ դատական ընթացքից ու ելքից, սա ՔՊ-ական իշխանության համար խայտառակ պարտություն է, վկայում է նրա ընդունած անարդար որոշման, սոցիալական անպատասխանատու վարքի մասին։
Չի բացառվում նաև, որ նույն խայտառակությունը կրկնվի տրանսպորտի թանկացման պարագայում, քանի որ այս հարցում նույն անարդար, անպատասխանատու վերբարմունքն է։ Իրապես հաշվի չեն առնում, որ մարդկանց մեծ մասի համար ծանր բեռ է տրանսպորտի թանկացումը։ Ավելին՝ քաղաքային իշխանությունն իսկական անկարողություն, ապիկարություն է ցուցադրում։ Թեև հայտարարել էին, որ հունվարի 1-ից թանկանում է Երևանի քաղաքային տրանսպորտը, սակայն նշված ժամկետից 10 օր առաջ պարզվեց, որ քաղաքային իշխանությունն անպատրաստ է, լուրջ բացթողումներ ունի։ Ենթադրելի է, որ պատրաստ չեն ուղեվարձի վճարման համար նախատեսված Myfare քարտերը, որով քաղաքացիները պետք է վճարեն թանկացված ուղեվարձը։ Չկան նաև արտոնյալ ուղետոմսերն ուսանողների, հաշմանդամների համար և այլն։ Այսինքն՝ եթե հունվարի 1-ից գործարկվեր միասնական համակարգը, ապա ժողովրդի մի մասը հնարավորություն չէր ունենալու օգտվել արտոնություններից, ինչը սոցիալական խնդիրներ ու դժգոհություն կառաջացներ։
Այսինքն՝ քաղաքապետարանը պատրաստ չէ թանկացումներին։ Եվ այս ձախողումը հաշվի առնելով, Երևանի ավագանու նիստի օրակարգ է մտել ու դեկտեմբերի 24-ի նիստում քննարկվելու է որոշման նախագիծ, որով առաջարկվում է Երևանի տրանսպորտի թանկացումը հետաձգել մինչև 2025-ի փետրվարի 1-ը։
Ենթադրելի է, որ քաղաքային իշխանությունները նաև վախենում են ժողովրդական հուզումներից, վստահ չեն, որ կարող են գլուխ բերել սարսափելի թանկացման ծրագիրը։ Այս պատճառով ավելորդ ծախսեր չեն արել, արտոնություններից օգտվողների համար վճարային հատուկ քարտեր չեն պատվիրել։ Հավանաբար՝ հիմա էլ դեռ կասկածում են, որ ժողովրուրդը հուժկու ցույցեր ու դիմադրություն կարող է կազմակերպել։ Նաև այդ պատճառով են 1 ամսով հետաձգում թանկացումը։ Այդպիսով՝ մի կողմից՝ կխառնեն թանկացման դեմ պայքարի ելածների պլանները, մյուս կողմից՝ կհասցնեն լրացնել կազմակերպչական բացերը և լիարժեք պատրաստվել սարսափելի թանկացումներին։
Այս պատկերը հիշեցնում է խորհրդային բռնազավթման շրջանի մի հայտնի անեկդոտ։
Երկրորդ աշխարհամարտից հետո հայրենադարձության ալիք է եղել։ Սփյուռքահային խաբում, ասում էին, թե Հայաստանում կյանքը լավ է, ամեն ինչ կա, հավերը պատերի տակ ձու են ածում։ Հայրենադարձները հիասթափություն են ապրել, քանի որ բախվել են համատարած աղքատության, սովի, ապաշնորհ, անմարդկային կառավարման հետ։ հետ։ Նրանց մեծ մասին հալածել են, հետապնդել, աքսորել Սիբիր, սպանել։
Անեկդոտն այս սարսափելի ժամանակների և խորհրդային ապիկար իշխանության մասին է։
Ուրեմն՝ մի հայրենադարձ դժգոհում է, որ սով է, աղքատություն, ոչինչ չկա, ոչինչ չունենք։ ԿԳԲ-ն նրան սաստում է, թե մի բողոքիր, սակայն նա ավելի կրքով է հայհոյում ապիկար իշխանություններին։ Նրան տանում են քաղմաս, վախեցնում, թե բանտ կնետեն, բայց արժանանում ավելի ծանր հայհոյանքների։ Որոշում են կեղծ գնդակահարություն կազմակերպել, որ սարսափեցնեն ու սաստեն հայրենադարձին։ Կանգնեցնում են գնդակահարության պատի տակ, խորհրդային սպան հրամայում է՝ «Կրա՜կ»: Ոչ մարտական փամփուշտների ճայթյունից հետո հայրենադարձը ժպտալով ասում է. «Փամփու՛շտ ալ չունի՞ք, ձեր ...»:
Հետագայում այս արտահայտությունը թևավոր խոսք դարձավ։ Այսպես ասում էին ապիկար, անկարող մարդկանց։ Հիմա ՔՊ-ական իշխանությունն է ապիկարություն դրսևորում։ Հետևաբար՝ նրանց էլ կարող են ասել՝ «Փամփու՛շտ ալ չունի՞ք»։
Պարզ ասած՝ եթե հեղափոխական իշխանությունը դաս քաղի այս ամոթալի իրավիճակից, ապա նախքան սարսափելի քայլեր անելը, լուրջ կնախապատրաստվի, որ նրան չասնեն՝ «Փամփու՛շտ ալ չունի՞ք»։ Կարող է նաև ենթադրյալ աղմկահարույց որոշումների նախագծերը, նախքան քվեարկության դնելը, ուղարկել դատարան և կարծիք խնդրել դրանց օրինականության վերաբերյալ, որ գոնե պաշտպանվելու իրավական հիմք ունենա հետագայում, դատարանի արդար վճիռներին բախվելուց հետո աշխարհով մեկ չխայտառակվի, ամաչեցնելով քաղաքացիներին։
Թաթուլ Մկրտչյան