Ադրբեջան՝ 981 ուսանող, Հայաստան՝ 0․ մեր պետությունը չունի աշխարհի լավագույն բուհերից կրթություն վերցնելու ռազմավարություն
copy image url

Ադրբեջան՝ 981 ուսանող, Հայաստան՝ 0․ մեր պետությունը չունի աշխարհի լավագույն բուհերից կրթություն վերցնելու ռազմավարություն

Ներքին 4 ամիս առաջ - 22:30 13-12-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Ադրբեջանական լրատվամիջոցները՝ այդ երկրի Կրթության և գիտության նախարարությանը հղումով, հայտնում են, որ «Օտարերկրյա պետությունների հեղինակավոր բարձրագույն ուսումնական հաստատություններում երիտասարդների կրթության 2022-2028 թվականների պետական ​​ծրագրի» շրջանակներում այս պահի դրությամբ սովորում է 981 ուսանող։ Ադրբեջանցի ուսանողները պետության աջակցությամբ սովորում են աշխարհի 21 երկրների 140 բուհերում, իսկ գործող ծրագիրն այս պահին ունի արդեն 156 շրջանավարտ։

Ադրբեջանական բաց աղբյուրներում առկա տեղեկություններն ուսումնասիրելով՝ Oragir.News-ը պարզեց, որ ծրագրի շահառուները պայմանագիր են կնքում Ադրբեջանի Կրթության և գիտության նախարարության հետ, որի շրջանակներում պարտավորվում են ուսումնառության ավարտից 2 ամիս անց վերադառնալ երկիր և 5 տարի աշխատել այնտեղ։ Տեղեկացանք նաև, որ պետական ծրագրի շրջանակներում հարցազրույցից դրական արդյունք գրանցած, բայց մրցութային փուլը չհաղթահարած անձանցից ձևավորվում է պահեստային ցուցակ, որոնք ներգրավվում են ծրագրում, երբ թափուր տեղեր են առաջանում։

Արձանագրենք, որ Ադրբեջանի իշխանությունները բավականին հավակնոտ ծրագիր են իրականացնում, որի արդյունքները տեսանելի կլինեն ավելի երկարաժամկետ հեռանկարում։ Ադրբեջանական աղբյուրները հայտնում են, որ պետական հովանավորությամբ աշխարհի լավագույն բուհերում ուսումնառություն ստացած և Ադրբեջան վերադարձած անձանց աշխատանքի տեղավորելիս առաջնահերթություն է տրվելու բռնազավթված Արցախին, ու այնտեղ աշխատանքի անցնողները պետության կողմից լայն արտոնություններ են ստանալու։

Ենթադրում ենք, որ հակահայկական քարոզչությունը լինելու է բռնազավթված Արցախում աշխատող ադրբեջանցիների գործունեության առանցքում, ինչը վերջիններս համադրելու են աշխարհի լավագույն բուհերում ստացած գիտելիքների հետ ու մատուցեն այնտեղ բնակվող շարքային ադրբեջանցիներին։ Կարճ ասած՝ Ադրբեջանում ոչ միայն չեն փորձում զսպել հայերի հանդեպ առկա ատելությունը, այլև այն ավելի են բորբոքում, այդ գործընթացում ներգրավվելով արտասահմանում կրթություն ստացած և հմտացած երիտասարդներին։

Oragir.News-ը Հայաստանի Կրթության, գիտության, մշակույթի և սպոտի նախարարությունից հետաքրքրվեց, թե մեր երկրում կա՞ն այնպիսի պետական ծրագրեր, որոնցով հայ ուսանողները նույնպես կարող են աշխարհի լավագույն բուհերում ուսումնառություն ստանալ, իսկ հետո վերադառնալ ու աշխատանքի անցնել։ ԿԳՄՍՆ-ից մեզ հայտնեցին, որ հարցը նախարարության իրավասության տիրույթում չէ՝ ուղղորդելով դիմել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե։

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի Հանրային կապերի և տեղեկատվության բաժնի գլխավոր մասնագետ Հասմիկ Ռաֆայելյանը Oragir.News-ի հետ զրույցում հայտնեց, որ այս պահին գործող նախագիծ ու որոշում չկա, որի շրջանակներում հայ ուսանողները կարող են արտասահմանյան բուհերում կրթություն ստանալ։ Նա մեզ տեղեկացրեց, որ ավելի վաղ նախագիծ էր դրված հանրային քննարկման, որի ընդունման դեպքում արդեն նման հնարավորություն կլինի․ «Որոշակի պայմաններում պետությունից աջակցություն ստանալով՝ ուսանողները կարող են գնալ, սովորել, հետո գալ այստեղ աշխատել, բայց այս պահին գործող չկա»։

Հարցին, թե ինչո՞ւ մինչև այժմ Հայաստանում նման ծրագիր չի եղել՝ Ռաֆայելյանը պատասխանեց, որ այն առնչվում է կոմիտեի քաղաքականությանը և խնդրեց հարցը գրավոր տարբերակով ուղարկել։

Oragir.News-ը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում ծանոթացավ նաև Հասմիկ Ռաֆայելյանի հիշատակած «Օտարերկրյա հեղինակավոր բարձրագույն ուսումնական հաստատություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող սովորողներին ուսման վարձի փոխհատուցման նպատակով կրթաթոշակի տրամադրման կարգը հաստատելու մասին» նախագիծը, որը դեռևս չի ընդունվել։ Նշենք, որ հանրային քննարկման ներկայացված նախագծում առկա են մի շարք թերություններ, որոնք մատնանշել են նաև քաղաքացիները, ու եթե նախագիծն այդ տեսքով ընդունվի, ապա այն կրելու է բացառապես իմիտացիոն բնույթ։

Մասնավորապես՝ սովորողի ուսման վարձի միայն մի մասն է տրամադրելու պետությունը, իսկ մյուս մասը պետք է տրամադրի նրա ներկայիս կամ ապագա գործատուն։ Այս պարագայում պետությունից տրվող կրթաթոշակը կտրամադրվի գործատուի կողմից տրամադրվող փոխհատուցումից հետո առավելագույնը ուսման վարձի մնացորդային գումարի չափով՝ յուրաքանչյուր ակադեմիական տարվա համար ոչ ավել, քան 10 մլն ՀՀ դրամը։

Իրատեսական չէ ակնկալել, որ որևէ ընկերություն ռիսկի կդիմի ու կհամաձայնի ֆինանսավորել իր ապագա աշխատակցի ուսման վարձը՝ ակնկալելով, որ տարիներ անց վերջինս կվերադառնա ու կփոխատուցի իր ուսման նպատակով ընկերության կատարած ներդրումը։ Բացի այդ, եթե գտնվեն ինչ-որ եզակի ընկերություններ, որոնք ինչ-որ հրաշքով նման պարտավորություն կստանձնեն, ապա վերջիններս ուսանողի չվերադառնալու դեպքում պետք է պետբյուջե հրաժարագին վճարեն՝ պետության կողմից տրամադրված ընդհանուր կրթաթոշակի կամ համաֆինանսավորման ընդհանուր գումարի եռապատիկը:

Եթե նախագիծը հիշյալ կարգավորմամբ ընդունվի, ապա դժվարանում ենք պատկերացնել, թե Հայաստանում քանի ընկերություն կգտնվի, որը նման պարտավորություն կստանձնի։ Ինչպես նախագծի մեկնաբանությունների բաժնում դիպուկ նկատել էր «V K» անունով օգտատերը, այս մեխանիզմը կգործի միան այն դեպքում, երբ ուսանողը նշված ձերնարկության սեփականատերերի զավակն է։ Նրա խոսքով՝ սա նախագիծ է մեծահարուստների համար՝ խոշոր ձեռնարկատերերին տարեկան 10 մլն դրամ աջակցելու տեսքով, իսկ մյուսների համար սա նախագիծ է՝ ուսման վարձի փոխհատուցում չտրամադրելու մասին։

Նույն օգտատերը նաև ուշադրություն էր հրավիրել այն բանին, որ այս ծրագրից չեն կարող օգտվել այն ուսանողները, որոնց մասնագիտություններով բիզնեսը Հայաստանում զարգացած չէ, ու կան ավելի քան 100 աշխատակից ունեցող ընկերություններ, որոնք պատրաստ կլինեն մի քանի հարյուր հազար դոլար ծախսել՝ 7 տարի անց իրենց հիփոտետիկ աշխատակցի համար։ «Ասենք արհեստական բանականության, բիոտեխնոլոգիաների, տվյալների մշակման և այդպես շարունակ քանի՞ ընկերություն կա Հայաստանում գործող, որոնք ունեն 100 աշխատող և կարող են ներդրողների գումարները քամուն տան»,- նկատել էր նա։



Այսպիսով՝ մինչև Ադրբեջանը պետական մակարդակով ֆինանսավորում է արտերկրի լավագույն բուհերում ուսումնառություն ստացող իր ուսանողներին, իսկ հետագայում նրանց աշխատանքով ապահովում և նրանց գիտելիքները կիրառում հատկապես հակահայկական քարոզչության մեջ, Հայաստանում նման ծրագրեր չկան ու հայ ուսանողները զրկված են այդ հնարավորությունից։ Կարճ ասած՝ մեր պետությունը չունի աշխարհի լավագույն բուհերից կրթություն վերցնելու ռազմավարություն, ինչի հետևանքներին բախվում ենք ամեն օր։

Ինչ վերաբերվում է հանրային քննարկման ներկայացված վերոհիշյալ նախագծին, որին e-draft.am հարթակում քաղաքացիների 91%-ը կողմ է արտահայտվել, ապա այն կրում է առավելապես իմիտացիոն բնույթ, ու եթե անգամ այն ընդունվի, ապա համարժեք չի լինելու Ադրբեջանում գործող նույնանման նախագծին, ինչպես նաև չի լուծելու սահմանված խնդիրները։

Լավատեսոերեն ակնկալում ենք, որ քաղաքացիների առաջ քաշած թերություններն ու ներկայացրած առաջարկները հաշվի կառնվեն, ու իսկապես բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները կկարողանան պետության հովանավորությամբ արտերկրում կրթություն ստանալ և կատարելագործվել, հետագայում էլ՝ իրենց կարողություններն օգտագործել ՝ ի շահ Հայաստանի Հանրապետության բարօրության և լուսավոր ապագայի։

Դավիթ Գույումջյան











Ամենից շատ դիտված

16:30 Անգրագիտությո՞ւն, թե՞ միլիարդների մսխում․ 100 դրամով տրանսպորտից ավելի շատ գումար էր հավաքվում, քան 150-ով
11:46 Հանգստացի, արա, հլը հոպ. ԱԺ-ում իրար են ծեծում
12:37 Մետրոն եք բերե՞լ, որ էսի ուզում եք հանեք․ հարց եմ տալիս ներկայիս հանցավոր ռեժիմին․ քասախցի
08:28 Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել․ Հրապարակ
23:56 Որպես սննդամթերք աշխարհում ամենավտանգավոր ձկնատեսակը՝ կրկին հայկական շուկայում
12:02 Ձենդ կտրի՛ր, հլը, չընդհատես ինձ, եկել են այստեղ՝ վնգստում են․ Զարուհի Փոստանջյանը սաստեց ՔՊ-ականին
19:26 Լիլիթ Հովհաննիսյանը կնկարահանվի հոլիվուդյան ֆիլմի գլխավոր դերում
22:09 Արտագաղթ. Հայկավանում օր օրի ավելանում է փակ դռների թիվը. տեսանյութ
13:45 Ի՞նչ տարբերություն՝ Քասախ, թե Երևան․ ստեղից 2 քայլ վազելով մտնում ես Երևան․ քասախցի
13:44 Գնացե՛ք, 7 դուռ մոմ վառեք, որ Փաշինյանի օրոք եք ընդդիմություն․ Քրիստինե Վարդանյան