Գաղտնիք չէ՝ քարոզչությունը Նիկոլ Փաշինյանի իշխանության գլխավոր հենարաններից է, եթե ոչ ամենագլխավորը։ Անվիճելի է նաև, որ 2018 թվականից ի վեր պրոիշխանական քարոզչությանը զանազան միջոցներով հաջողվել է սրբագրել Փաշինյանի մեկը մյուսին հաջորդող տապալումները, հանրության աչքում վերջինիս սրբադասել ու մշտապես բարձր պահել նրա վարկանիշը։
Իշխանական քարոզչամեքենան «առաջնագծում էր» հատկապես 2020 թվականի հետպատերազմական ու դրանից հետո տեղի ունեցած ժամանակաշրջանում՝ անսասան պահելով Նիկոլ Փաշինյանի «դիրքերը»։ Յուրաքանչյուր ընդդիմադիր, ով այդ օրերին քննադատում էր Փաշինյանին ու իշխանափոխության հայտ ներկայացնում, անմիջապես հայտնվում էր պրոիշխանական քարոզչության թիրախում, վերջինիս էին վերագրվում են աշխարհի բոլոր մեղքերը, իսկ թիրախավորող հրապարակումներում կարմիր թելով անցնում էր այն թեզը, որ «Նիկոլ Փաշինյանը չարյաց փոքրագույնն է» և «ով էլ գա իշխանության, միևնույնն է՝ ոչինչ չի փոխվելու»։
Իշխանամետ քարոզչությունն ու ֆեյքերի բանակը «նոր բնագծեր նվաճեցին» 2024-ի ապրիլ-մայիս ամիսներին՝ «Սրբազան» շարժման օրերին, երբ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու հարցի շուրջ հանրային ու քաղաքական լայն կոնսենսուս էր ձևավորվել։ Շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այդ օրերին մեղադրվեց «Կրեմլի գործակալ լինելու», «զավակներ ունենալու և նրանց բանակից ազատելու», «Ռոբերտ Քոչարյանին իշխանության բերելու մտադրություն ունենալու» ու այլ անհեթեթությունների հետ։ Նմանատիպ մանիպուլյատիվ հրապարակումների համար հաճախ նաև վճարովի գովազդեր էին միացվում, որպեսզի դրանք հանրության շրջանում հնարավորինս մեծ տարածում ունենան։
Եթե պրոիշխանական քարոզչության թիրախում հիմնականում ընդդիմադիր գործիչներն էին հայտնվում, ովքեր Նիկոլ Փաշինյանի իշխանության համար իրական վտանգ էին ստեղծում, ապա վերջին օրերին թիրախում ՔՊ-ական արդեն նախկին պատգամավոր Հովիկ Աղազարյանն է, ով ընդամենը 1 ամիս առաջ նշում էր, որ Փաշինյանին ճանաչելուց հետո է հասկացել, որ «Աստված գոյություն ունի»։ Աղազարյանի մեղքը բացապես Փաշինյանի «խնդրանքը» մերժելն էր․ ի տարբերություն Հայաստանի դատական իշխանության ղեկավարի ու SMS-ային հորդորներով հրաժարականների դիմում ներկայացրած մյուս պաշտոնյաների՝ նա համարձակվեց վայր չդնել իր պատգամավորական մանդատը, դառնալ անկախ պատգամավոր։
Ուրբաթ օրը Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի տեղակալ Տարոն Չախոյանին պատկանող կայքը Հովիկ Աղազարյանի վերաբերյալ «
սկանդալային բացահայտում» էր կատարել՝ նշելով, որ նախկին ՔՊ-ականը «միասեռական կապի մեջ է եղել մի քանի տղամարդու հետ»։ «Ըստ հրապարակումների Աղազարյանը վարել է ակտիվ սեռական կյանք՝ միաժամանակ սեռական կապի մեջ է եղել մի քանի տղամարդկանց ու կանանց հետ»,- ասվում էր հրապարակման մեջ։
Գրառումն այնքան զավեշտալի էր, որ չէր համոզել ոչ միայն ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիներին, այլև անգամ իշխանությունից աջակիցներին, և շատ կարճ ժամանակ անց այն արդեն հեռացվել էր։
Այսպիսով՝ փաստենք, որ «Գեյ Աղազարյան» օպերացիան տապալվեց, ու այն հերթական անգամ ի ցույց դրեց պրոիշխանական քարոզչության ողջ պերճանքն ու թշվառությունը։ Հանրությունը համոզվեց նաև, որ իշխանական քարոզչամեքենան այլևս իրավիճակին չի տիրապետում ու արդեն փրփուրներից է կախվում, իսկ լուրջ «ցնցումների» դեպքում՝ դժվար է ասել՝ արդյոք վերջինիս կհաջողվի՞ անսասան պահել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, թե՞ ոչ։
Բացի այդ, Աղազարյանին վերաբերող «սկանդալային բացահայտումը» փաստեց տարբեր քաղաքական գործիչների կողմից օրակարգ բերվող այն պնդման ճշմարտացիությունը, որ Փաշինյանն իր թիմակիցներից յուրաքանչյուրի նկատմամբ կոմպրոմատների մի մեծ տրցակ ունի, որի միջոցով էլ նրան հաջողվում է իր թիմը կուռ պահել։ Այդ կոմպրոմատները հանրության սեփականությունը կդառնան միայն այն դեպքում, եթե Հովիկ Աղազարյանի օրինակը վարակիչ լինի, ու ՔՊ-ականների շրջանում նոր «համարձակներ» գտնվեն, ովքեր Փաշինյանի խնդրանքը չեն կատարի կամ ճամբարափոխ կլինեն և կմիանան ընդդիմությունը։
Զարմանալի էր նաև, որ Աղազարյանին միասեռական լինելու մեջ մեղադրում էր Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի տեղակալը։
Հիշեցնենք, որ նույն Արայիկ Հարությունյանը դեռ 2018 թվականին՝ Կրթության և գիտության նախարարի պաշտոնում, իր աշխատասենյակում ընդունել էր ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչ Գարիկ Ամոլիկյանին, ով հայտնի տրանսգենդեր է՝ Կարաբինա անունով ․․․