24 տարվա կառավարումից և ավելի քան 13 տարվա քաղաքացիական պատերազմից հետո Սիրիայում նախօրեին Բաշար ալ-Ասադի իշխանությունը տապալվեց։ Թուրքիայի աջակցությունը վայելող զինյալ-ահաբեկիչները ընդամենը ընդամենը 12 օրում մեկը մյուսի հետևից գրավեցին երկրի խոշորագույն քաղաքները, այդ թվում մայրաքաղաք Դամասկոսը, ինչը չէր հաջողվում անել քաղաքացիական պատերազմի 13 տարիներին։
Դամասկոսի անկումից ժամեր անց հայտնի դարձավ, որ Ասադը հեռացել է երկրից, իսկ արդեն երեկ երեկոյան Մոսկվան տեղեկացրեց, որ Սիրիայի արդեն նախկին նախագահին ու նրա ընտանիքի անդամներին քաղաքական ապաստան է տրամադրել՝ նշելով, որ դժվար պահերին իր ընկերներին «միայնակ չի թողնում»։ Մյուս կողմից՝ Ասադի վարչակարգի տապալումը փորձագետները և վերլուծաբանները նախևառաջ համարում են Ռուսաստանի պարտությունը, քանի որ հենց ՌԴ-ի ու Իրանի ցուցաբերած աջակցության շնորհիվ Ասադին հաջողվեց 13 տարի շարունակ մնալ իշխանության ղեկին՝ ի տարբերություն արաբական մի շարք այլ երկրների, որտեղ գործող վարչակարգերը շատ արագ տապալվեցին։
Բաշար ալ Ասադը Ռուսաստանի հավատարիմ դաշնակիցն էր։ Ռազմական միջամտությամբ Ասադի վարչակարգի պահպանումը Մոսկվան ներկայացնում էր ուժի վերադարձ, պնդում՝ միջազգային հանրությունը պետք է հաշվի նստի այդ իրողության հետ։ Մոսկվան այդ կերպարն օգտագործում էր Մերձավոր Արևելքում և դրա սահմաններից դուրս իր ազդեցությունն ընդլայնելու համար՝ որպես հակակշիռ Արևմուտքին: Այժմ՝ Ասադի տապալումը լուրջ հարված է հասցնելու Ռուսաստանի հավակնություններին, ինչը ոչ միայն լուրջ հարված կհասցնի ՌԴ-ի հեղինակությանը, այլև կհանգեցնի լրջագույն ռազմավարական հետընթացի։
Խոսքը վերաբերում է Սիրիայի տարածքում տեղակայված ռուսաստանյան երկու խոշոր ռազմական օբյեկտներին՝ Հմեյմիմում գտնվող ավիաբազային և Տարտուսի ռազմածովայն բազային, որն, իդեպ Ռուսաստանի միակ ռազմածովային բազան է տաք ջրային տարածաշրջանում և Մոսկվային դեպի Միջերկրական ծով ելք է ապահովում: Հենց այս ներկայության շնորհիվ Ռուսաստանը կարողացավ փոխել սիրիական պատերազմի ընթացքը և պահպանել Ասադի իշխանությունը, քանի որ ռուսական կողմը նախորդ տասնամյակում ապստամբների դիրքերին ավերիչ հարվածներ էր հասցնում։ Այս հարվածների շնորհիվ Ասադի բանակին հաջողվեց վերադարձնել նաև պատերազմի սկզբնական ժամանակաշրջանում կորցրած տարածքների մի մասը։
Ներկայումս թեպետ զինյալ-ահաբեկիչները ռուսական ռազմաբազաների անվտանգությունը երաշխավորել են, մեծ հավանականությամբ դրանք առաջիկայում դուրս կբերվեն Սիրիայից, իսկ եթե Մոսկվային հաջողվի դրանք պահպանել, ապա Պուտինը դա պետք է համաձայնեցնի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, քանի որ հենց վերջինս է զինյալների շռնդալից հաջողությունների ու Ասադի վարչակարգի տապալման ճարտարապետը։ Եթե անգամ Պուտին-Էրդողան պայմանավորվածությունների արդյունքում ՌԴ-ին հաջողվի իր ռազմաբազաները պահպանել, ապա դրա դիմաց Թուրքիան մեծ գին է պահանջելու, որը կարող է լինել Հարավային Կովկասը, մասնավորապես այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ը։
Հետաքրքրական է նաև, թե ինչու այս անգամ Ռուսաստանին չհաջողվեց իր հավատարիմ դաշնակից Ասադի վարչակարգը պահպանել․ Մոսկվան բավարար աջակցություն չցուցաբերե՞ց, թե չկարողացա՞վ։ Թեպետ ռուսամետ քարոզիչները հանրության շրջանում արդեն սկսել են տարածել այն թեզը, թե իբր Ասադն իրակական դաշնակից չէր ու Ռուսաստանի հետ բացառապես բարեկամության իմիտացիա էր անում, սակայն նման պնդումները լուրջ փորձագետների շրջանում պարզապես ծիծաղ են առաջացնում։ Իրականում հարցի պատասխանը պետք է փնտրել նախևառաջ ուկրաինական ճակատում, որտեղ ՌԴ-ն վերջին ամիսներին զգալի հաջողություններ է արձանագրում, սակայն դրա համար ներդրել է իր ողջ ռեսուրսները, ինչը զգալիորեն բարդացնում ու գրեթե անհնար է դարձնում մյուս տարածաշրջաններում իր դաշնակիցների պաշտպանությունը՝ անգամ ցանկության դեպքում։
Ասադի մյուս դաշնակիցը՝ Իրանը, Իսրայելի հետ շարունակական բախումների հետևանքով զգալիորեն թուլացել է, ինչը նրան թույլ չտվեց նախկին դեպ աջակցել Սիրիայի տապալված նախագահին։ Ասադի առանցքային դաշնակիցն էր նաև պրոիրանական Հեզբոլլահ շարժումը, որը քաղաքացիական պատերազմի հենց սկզբից ներգրավվել էր պատերազմի մեջ և ուղղակիորեն աջակցում էր Սիրիայի կառավարական բանակին, սակայն այժմ Իսրայելը փաստացի գլխատել ու ջախջախել է վերջինիս, ու այն նույնպես պարզապես ի զորու չէր ներգրավվել վերսկսված ռազմական գործողություններում՝ հանուն Ասադի վարչակարգի պաշտպանության։
Այսպիսով՝ Ասադի իշխանության տապալումը նախևառաջ Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության ռազմավարական պարտությունն էր, սակայն ոչ թե այն պատճառով, որ վերջիններս չցանկացան Ասադին աջակցել, այլ պարզապես դրա հնարավորությունը չունեցան։ Սա միևնույն ժամանակ Մեծ Մերձավոր Արևելքի վերաձևման, տարածաշրջանային ու համաշխարհային իրողությունների փոփոխության փուլերից մեկն էր, որին ականատես եղանք Սիրիայում։ Միևնույն ժամանակ Ասադի տապալումը Թուրքիայի և անձամբ այդ երկրի նախագահ Էրդողանի հաղթանակն էր ու վերջինիս ազդեցության աճը՝ ի հաշվիվ Ռուսաստանի և Իրանի ազդեցության։
Իրականում Ռուսաստանի ռազմավարական պարտությունը սկսվել էր Արցախից՝ դեռ 2020 թվականից, երբ վերջինիս ակնհայտ թողտվությամբ Ադրբեջանը օկուպացրեց Արցախի ¾-ը, իսկ հետո, երբ հայկական երկրորդ հանրապետության տարածքում ռուս խաղաղապահներ տեղակայվեցին, վերջիններս շարունակաբար աչք էին փակում հրադադարի ռեժիմի ու եռակողմ հայտարարությամբ ամրագրված պարտավորությունների կոպտագույն խախտումների վրա։ 2023-ի սեպտեմբերի 19-20-ին, երբ ադրբեջանական զինուժը հարձակում գործեց ու հայաթափեց Արցախը, ռուսական կողմը կրկին դիտորդի դերում էր, ու ռուս խաղաղապահները սահմանափակվեցին որոշ վտանգավոր շրջաններից խաղաղ բնակչության տարհանմամբ։ Չնայած Արցախի անկումից հետո շատերը ՌԴ-ի մեղքը փորձում էին չնկատել, դրանում մեղադրել բացառապես Նիկոլ Փաշինյանին, սակայն ակնհայտ էր, որ դա Մոսկվայի հերթական ֆիասկոն էր ու լրջորեն հարվածելու էր այդ երկրի հեղինակությանն ամբողջ աշխարհում։
Կարճ ասած՝ հայկական Արցախի գոյությունը, ապահովում էր ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի անվտանգությունը, իսկ ներկայիս զարգացումների, այդ թվում Սիրիայում Ասադի վարչակարգի տապալման բանալին անհրաժեշտ է փնտրել նախևառաջ Արցախում։
Դավիթ Գույումջյան