Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 18:30 12-12-2024

Անուշադրության մատնված և արհամարհված․ Մանկական երկաթուղու պատմությունն ու տխուր վերջաբանը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ը նախօրեին այցելել էր Մանկական երկաթուղի, պարզել, որ գնացքները գրեթե ամբողջությամբ քանդված են, մասերը՝ այս ու այն կողմ ցրված, ու երևանցիների սիրելի այս վայրն այսօր փաստացի չի գործում։
Այսօր Երևանի քաղաքապետարանից, ինչպես նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից փորձեցինք հետաքրքրվել, թե ինչու է Մանկական երկաթուղին քանդվում և ով է պատասխանատու իրար վրա, սակայն երկու գերատեսչություններն էլ խուսափեցին մեր հարցից՝ պատասխանատվությունը բարդելով միմյանց վրա։ Երևանի քաղաքապետարանից հայտնեցին, որ երկաթուղին իրենց ենթակայության ներքո չէ, իսկ ՏԿԵ-ից հետ հասցեագրեցին հարցը՝ նշելով, որ նման ինֆորմացիա կարող է տալ միայն Երևանի քաղաքապետարանը։

Հերթական անգամ համոզվում ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վճարած հարկերից սնվող գերատեսչությունները իրենց պարտականությունները պատշաճ չեն կարողանում կատարել և պատասխանատվությունը բարդում են միմյանց վրա, ինչի հետևանքով տուժում է պատմամշակութային բացառիկ նշանակություն ունեցող այս կառույցը։

Հասկանանք նաև, թե Երևանում մանկական երկաթուղին ինչ պատմություն ունի և աշխարհի որ երկրներում են նման երկաթուղիներ գործել․

Երևանում մանկական երկաթուղի կառուցելու գաղափարը դեռևս 1935 թվականին առաջ են քաշել Հայաստանի երկաթուղային տրանսպորտի նախարար Բաբկեն Ամատունին և ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջյանը։ 1935 թվականին ԽՍՀՄ պետպլանի կողմից Երևանի մանկական երկաթգծի կառուցումը մտել է 1936 թվականի տարեկան ծրագրի մեջ։ 1936 թվականի ապրիլի 22-ին՝ համամիութենական շաբաթօրյակի ժամանակ, Աբովյանի անվան քաղաքային այգում Աղասի Խանջյանն ու Բաբկեն Ամատունին տեղադրել են այն հիմնաքարը, որի վրա կառուցվել է «Փարոս» կայարանը և որը հետագայում վերանվանվել է «Հայրենիք» կայարան։

Չնայած այն բանին, որ երկաթուղին նախատեսված էր շահագործման հանձնել 1937 թվականի նոյեմբերի 7-ին՝ Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակի օրը, սակայն այն պաշտոնապես բացվել է ավելի շուտ՝ 1937 թվականի հուլիսի 6-ին՝ Բաբկեն Ամատունու ջանքերի շնորհիվ։

Մանկական երկաթուղու նախաձեռնողը՝ Աղասի Խանջյանը չտեսավ իր մտահղացման իրագործումը. 1936թ. ապրիլին նա դրեց առաջին քարը «Փարոս» կայարանի հիմքում, իսկ հուլիսին սպանվեց (պաշտոնական վարկածով` ինքնասպանություն գործեց) Թիֆլիսում: 1937 թվականին Նորիլսկ աքսորվեց նաեւ Մանկական երկաթուղու այգու գլխավոր ճարտարապետ Միքայել Մազմանյանը…

Երկաթուղային կայարանի նախկին շենքը կառուցված է եղել փայտից` նույնպես Միքայել Մազմանյանի նախագծով։ 1940-ականների վերջին այն փոխարինվեց քարի շենքով, որի հեղինակն է ճարտարապետ Բաբկեն Հակոբյանը, իսկ վերջին կայարաբը նախագծել է ճարտարապետ Գոհար Գրիգորյանը։

1937 թվականին գործարկվեցին Պոդոլսկի շոգեքարշային գործարանի կողմից մանկական երկաթուղուն նվիրած 159-434 շոգեքարշն ու երեք մարդատար վագոնները։ 1937 թ. պատրաստված այդ շոգեքարշը այսօր չի գործում և համարվում է Հայաստանի ամենահին շոգեքարշը։ Այն գտնվում է «Հայրենիք» կայարանի տարածքում։

1959 թ. երկաթուղին ստացավ երկու PAFAWAG մետաղական մարդատար վագոններ, իսկ 1971 թ.՝ ТУ2-116 ջերմաքարշը։ Վերջին տարիներին Մանկական երկաթուղում շահագործվում էին Կալուգայի մեքենաշինական գործարանի կողմից 1957 թ. արտադրված ТУ2-096 շոգեքարշը և երկու մարդատար վագոնները։

«Ուրախություն» կայարանից դեպի «Պիոներական» կայարան տանող հատվածի թունելը կառուցվել է 1956 թվականին։ Թունելի երկարությունը 45 մ է։

Նախկինում կայարանի շենքում եղել է կայարանապետի և հերթապահի առանձնասենյակներ, հեռագրատուն, առողջապահական սենյակ ու դրամարկղ։ Խաղահրապարակում եղել են ջրի մեծ ավազաններ, շատրվաններ, ընթերցարան, պարերի եւ մարզախաղերի հրապարակ, խաղարան, ծիծաղի սենյակ, կիոսկներ, բուֆետ և այլն։ Խաղահրապարակից դեպի կայարան տանող բարձունքի վրա տեղադրված է եղել Ստալինի մեծ արձանը, որը ԽՍՀՄ-ի փլուզումից հետո հեռացվել է։

1937-ին նախատեսվում էր մանկական խաղահրապարակը ընդլայնել մինչև 7 հա։ Այն ունենալու էր ամառային կինոթատրոն, լողարաններ, շտապ օգնության կայան, մեծ գրադարան-ընթերցարան, ինչպես նաև առանձին հիդրոկայան։

Մանկական երկաթուղին քաղաքի կենտրոնի հետ կապում են երկու թունելները։ Ալեքսանդր Թամանյանը համարում էր, որ Հրազդանի կիրճն իր բնությամբ պետք է ծառայեր որպես հանգստի գոտի։

Նա նախատեսել էր երկու թունելներ, որոնք Երևանի Գլխավոր պողոտան պիտի կապեին Մանկական երկաթուղու հետ։ Այդ թունելներով Հրազդանի կիրճի մաքուր օդը պիտի հասներ քաղաքի կենտրոն։ 400 մ երկարությամբ երկու թունելները կառուցվեցին 1940-ականներին՝ ի սկզբանե ձևակերպված լինելով որպես պատերազմի ապաստարաններ։

Ներկայումս թունելները գտնվում են անմխիթար վիճակում։ Դրանցից մեկը խցանված է աղբով և չի գործում։ Թունելի երեսպատման երկաթները տեղ-տեղ դեֆորմացվել են, կան խոնավության հետքեր և փլուզման վտանգ։

Նախատեսվում էր նաև թունելները հետագայում օգտագործել մետրոպոլիտենի նոր գծի համար, որը Բարեկամություն կայարանով պիտի հասներ մինչև Երևանի լամպերի գործարան։

Թունելների դիմաց՝ այգու մուտքի մոտ տեղադրված են աղբյուրներ՝ ԽՍՀՄ-ի հերոսների անուններով։ Թունելի վերևում՝ ժայռերի մեջ տեղադրվել է քանդակագործ Վիլյամ Պետրոսյանի «Հովազ» քանդակը։

Վերջին տարիներին գնացքն անցնում էր այլևս չգործող «Ուրախություն» կայարանի կողքով և կանգնում «Պիոներական» կայարանում։ Քանի որ այն նույնպես չէր գործում, մարդիկ մնում էին իրենց տեղերում և գնացքը հետընթաց վերադառնում էր «Հայրենիք» կայարան։

Երևանի Մանկական երկաթուղին իր էությամբ բացառիկ կառույց էր։ Խորհրդային տարիներին առաջին մանկական երկաթուղին կառուցվել էր դեռևս 1932 թվականին՝ Մոսկվայի կոմսոմոլների կողմից, սակայն այն ավելի շատ օգտագործվում էր ավելի շատ ժամանցային, քան կրթական նպատակներով։ 1930-ականների վերջին այն փակվեց և հետագայում մոռացվեց։

1935 թվականի հունիսի 24-ին վրացի դպրոցականների նախաձեռնությամբ նմանատիպ երկաթուղի կառուցվեց Թբիլիսիում, որն այժմ պաշտոնապես համարվում է աշխարհում առաջինը։

ԽՍՀՄ-ի օրինակով մանկական երկաթուղիներ կառուցվեցին սոցիալիստական ճամբարի մյուս երկրներում՝ Բուլղարիայում, Հունգարիայում, Արևելյան Գերմանիայում, Չեխոսլովակիայում, Չինաստանում, Կուբայում և այլն։ Սակայն շատ դեպքերում պետական ​​աջակցության բացակայության պատճառով դրանք աշխատել են ոչ ավելի, քան 10-15 տարի։

ԽՍՀՄ փլուզումից հետո հետխորհրդային մի շարք երկրներում մանկական երկաթուղիները լուծարվեցին կամ վերածվեցին մեծահասակների կողմից շահագործվող զբոսայգիների:

Խորհրդային տարիներին մանկական երկաթուղիներ են կառուցվել Երևանում, Թբիլիսիում, Բաքվում, Մոսկվայում, Մինսկում, Լվովում, Խարկովում, Կիևում և մի շարք այլ քաղաքներում։ Արդեն 1980-ականների կեսերին ԽՍՀՄ-ում գործում էր առնվազն 52 մանկական երկաթուղի, և գրեթե բոլորը գտնվում էին երկաթուղու նախարարության ենթակայության տակ։

Ցավոք սրտի Երևանի պատմության կենդանի վկան՝ Մանկական երկաթուղին, վերջին տարիներին արհամարհված էր ու անուշադրության մատնված, ինչի պատճառով էլ նման տխուր վերջաբան ունեցավ։

Դավիթ Գույումջյան Դավիթ Գույումջյան