Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Խոսք 2 ամիս առաջ - 20:00 07-12-2024

Քանի գինեկոլոգիական բռնությունը կոծկում ենք, խնդիրը երբեք չի լուծվի․ ծննդկանների պատմությունները

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կատարած ուսումնասիրությունների, բժշկական հաստատություններում ծննդաբերող կանայք հաճախակի և գլոբալ մակարդակով ենթարկվում են անհարգալից, նվաստ կամ արհամարհական վերաբերմունքի։

Վերջին շրջանում հայաստանյան մեդիադաշտում ևս հաճախ են հայտնվում բժշկական հաստատություններում ծննդկանների նկատմամբ դրսևորված վատ վերաբերմունքի մասին պատմող գրառումներ՝ հենց հղիների և ծննդկանների կողմից, որոնցում վերջիններս նկարագրում են տարատեսակ դեպքեր՝ բուժաշխատողներին մեղադրելով իրենց հետ կատարվածում։

ԱՀԿ-ն սակայն նշում է նաև, որ ծննդաբերության ընթացքում բռնությունը դեռևս պետք է վերջնականապես սահմանվի կամ չափվի գիտականորեն։ Այնուամենայնիվ այն ընդհանուր առմամբ սահմանվում է որպես անփույթ, ֆիզիկական բռնություն և/կամ անհարգալից վերաբերմունք՝ ծննդաբերող բուժառուների նկատմամբ բուժաշխատողների կողմից։ Նման սխալ վերաբերմունքը համարվում է կնոջ իրավունքների խախտում։

Ծննդաբերության ընթացքում բռնությունները կարող են դրսևորվել ոչ գաղտնի խնամքի, ոչ արժանապատիվ խնամքի, խտրականության, բացահայտ ֆիզիկական բռնության, չհամաձայնեցված խնամքի, խնամքից հրաժարվելու և/կամ կալանքի ձևերով։

Oragir.News-ը փորձել է բացահայտել ոլորտում տիրող իրավիճակը և հասկանալ, թե որքանով է Հայաստանում տարածված գինեկոլոգիական-մանկաբարձական բռնությունը, և ինչպես են այդ դեպքերը մեկնաբանում այդ իրավիճակում հայտնված կանայք, ինչպես նաև գինեկոլոգները։

Մեզ հետ զրույցում նման իրավիճակում հայտնված կանանցից մեկը պատմեց, որ իրեն սխալ բուժում են նշանակել, որը հոգեբանական խնդիրներ է առաջացրել իր մոտ։

«Ես արդեն 4 տարի է՝ հոգեբանական խնդիրներ ունեմ X ծննդատան պատճառով։ Ամուսնանալուց 3 ամիս անց հղիացա, բոլորի խորհրդով գնացի տվյալ բժշկական կենտրոն՝ կոնկրոտ բժշկի մոտ։ Ամեն ինչ կարծես նորմալ էր, մինչև 12 շաբաթական։

Ես ԵՊԲՀ-ի ուսանող էի ու քննական լարված, խառը շրջանից կամ գուցե այլ պատճառով մոտս արյունահոսություն սկսվեց ու անմիջապես գնացինք հիվանդանոց։ Մի բժշկուհի հենց ընդունարանում՝ առանց որևէ ստուգման, ասաց․ «Դե լավ, հիմա ինչ եղել, եղել ա, երիտսարդ ես, էլի կհիղիանաս», իսկ հետո ասաց, որ արյունս շատ է, հաստատ վիժում է եղել ու պետք է մաքրեն։ Ես ասում եմ, որ էխո անեն, ասում են՝ օրը կիրակի է, ժամը՝ 10-ը, հերթապահ էխոյի բժիշկ չկա և չեն կարող անել։

Այդ պահին եկավ մեկ այլ բժիշկ ու ասաց, որ հնարավոր է ուրիշ բանից է արնահոսությունը, և լավ կլինի, որ ամուսնուս ասեմ՝ գնա, էխոյի բժշկուհուն տանից բերի։ Եկավ էխոյի բժիշկը, ստուգեց և ասաց, որ վիժում չկա, ամեն ինչ նորմալ է, բայց պարկեցրեցին հիվանդանոց։

Մի քանի օր հետո պետք է դուրս գրվեի, բայց կրկին շատ ուժեղ արյունահոսություն սկսվեց․ ինձ ասացին՝ ընկերքի հեմատոմա է ու երկեղջյուր արգանդ։

Բժշկուհին ինձ 2 ամիս պարկացրեց ու միայն նշանակում էր մագնիի սիստեմա, բայց քանի որ ես բժշկականի ուսանող էի, հասկանում էի, որ դա չի օգնի, խնդրում էի, որ նորմալ բուժում նշանակեր։ Դրանից հետո իրենք սկսեցին ինձ վատ վերաբերվել, ասելով՝ ե՞ս եմ լավ հասկանում, թե՞ իրենք, հազար տարվա բժիշկ են, ես ով եմ, որ իրենց ասեմ ոնց բուժեն։ Բուժքույրերը ևս վերաբերմունքը փոխել էին իմ հանդեպ, երբ կանչում էի, չէին գալիս ինձ մոտ։

Ամուսնուս ու ընտանիքիս հավաստիացնում էին, որ ես գժվել եմ, երևի այս հղիությունը ինձ վրա ազդել է և այդպես երկուսկես ամիս տանջվում էի։

Ինձ խիստ դիետա էր նշանակել, ասում էր, որ ծանր սնունդն աղիներս կսեղմի ու կմեծանա հեմատոման․ անգամ երբ ինձ ուտելիք էին ուղարկում, թույլ չէր տալիս վերև բարձրացնեն, մայրապետին ասել էր, որ միանգամից աղբը գցեն։ Բացի այդ, երկու ամիս թույլ չէր տալիս լողանալ ու ամառ օրով ողջ-ողջ մահանում էի պալատում։

Հինգ ամսական հղիության ընթացքում 6 կգ քաշ էի կորցրել ու ասում էին, որ իմ համար է սա, ես պետք է բուժում անցնեմ, հետո՝ կհղիանամ։

Մի օր էլ ամուսնուս կանչել էր ու ասել, որ պտղին շտապ պետք է հեռացնել ու ինձ պետք վիրահատեն, քանի որ իմ արգանդը երկու խոռոչ ունի, հղիությունը պահել հնարավոր չէ և իմ կյանքին վտանգ է սպառնում։

Հարազատներիս արդեն համոզել էին, որ ինձ պետք է վիրահատեն հաջորդ առավոտյան, բայց վիրահատությունից մեկ օր առաջ տաքսի կանչեցի, փոխվեցի, իրերս թողեցի հիվանդանոցում ու բառիս բուն իմաստով փախա այնտեղից։

Տատիկիս ինձ տարավ այլ ծննդատուն, այնտեղ կրկին էխո արեցին ու ասեցին, որ եթե այսօր բուժում սկսվի, ամեն ինչ կանցնի, նույն պահին հոսպիտալացվեցի, նշանակեց բուժում, որ արյունը դադարի ու դիետան հանվեց։ Տասներկու օր անց ես դուրս գրվեցի ու 38 շաբաթականում կեսարյան հատման ճանապարհով ծնվեց որդիս՝ լիարժեք առողջ երեխա։

Հիմա 3 տարեկան է, ամեն օր օրհնում եմ բժշկիս, բայց այդ ապրումներն ինձ հանգիստ չեն տալիս․ անգամ այդ հիվանդանոցի մոտով վախենում եմ անցնել։ Ես այնպիսի ծանր ապրումներ եմ ունեցել, որ այսքան տարի անց, դեռ չեմ կարողանում հաղթահարել, անգամ հոգեբանի եմ դիմել, բայց ոչ մի փոփոխություն»,- պատմեց ծննդկանը։

Առողջական խնդիրներ ունեցող մի երեխայի մայրիկ էլ մեզ հետ զրույցում նշեց, որ երեխան նման իրավիճակում հայտնվել է բժիշկների ոչ բարեխիղճ աշխատանքի հետևանքով։ Նա ասում է՝ հիմա բալիկը 7 տարեկան է, ո՛չ կարողանում է քայլել, ո՛չ նստել և ո՛չ էլ խոսել։

«Հղիության ողջ ընթացքում անցել եմ անհրաժեշտ բոլոր հետազոտությունները․ո՛չ իմ, ո՛չ պտղի մոտ որևէ խնդիր չի հայտնաբերվել: Մինչև հղիությունը նույնպես հետազոտվել եմ, որ առողջ երեխա լույս աշխարհ բերեմ, ամեն ինչ նորմալ է եղել»,- ասում է նա:

«Ծննդաբերական ցավերը սկսվել են 2017 թվականի ապրիլի 18-ի առավոտյան, ժամը 08:00-ին զանգահարել եմ բժշկիս և անմիջապես գնացել հիվանդանոց: Այստեղ բժիշկը ժամը 11։00-ի սահմաններում ծննդաբերական կծկումներ առաջացնող հաբեր է տվել և հեռացել։ Ժամը 12։00-ի սահմաններում կատարվել է արհեստական ջրազատում և դրանից հետո ինձ մոտ ցավերը գնալով սաստկանում էին, սակայն այդ ընթացքում բժիշկները ոչ մի միջամտություն չեն արել, գնալով սաստկացող ցավերն էլ չէին առաջացնում ծննդաբերության համար նպաստավոր պայմաններ: Ավելի ուշ իմացա, որ իմ բժշկի աշխատանքային օրն ավարտվել է և նա ժամը 15։00-ին հիվանդանոցից հեռացել է։

Ժամը 15։00-ից հետո ինձ մոտեցել է այդ օրվա հերթապահ բժշկուհին, ավելի ուշ նաև հղիությունը վարող բժշկուհին, որը մեկ անգամ հետազոտելուց հետո հարազատներին վստահեցրել է՝ ամեն ինչ նորմալ է և հեռացել հիվանդանոցից: Ժամը 17։00-ից ցավերը դարձան անտանելի, մինչեւ 19։00-ն ինձ ոչ մի բժիշկ չմոտեցավ, ոչ մի բուժաշխատող իմ օգնության կանչերին չէր արձագանքում, ասում էին՝ «հիստերիկ», այն դեպքում, երբ ցավերն ուղղակի անտանելի էին դարձել եւ դիմանալ հնարավոր չէր: Ինձ կարծես կենդանու պես վերաբերվեին, ես այդ վիճակում ծննդաբերական սեղանին, իրենք քննարկում էին թե ով պետք է ինձ մետենա՝ ծննդալուծում անելու։

Ժամը 19։00-ին ինձ զննել է հերթապահ բժշկուհին և զեկուցել տնօրենին, որ ծննդաբերության համար ոչ մի դինամիկա չկա, պետք է անհապաղ կեսարյան հատում իրականացնել, բայց տնօրենը հետ է կանչում իմ հղիությունը վարող բժշկին, որն էլ հերթապահ բժշկուհու հետ հետազոտում է ինձ և ասում, որ ծննդաբերությունը պետք է լինի բնական ճանապարհով՝ այսպիսով խոչընդոտելով հերթապահ բժշկուհու պարտականությունների կատարմանը։ Ինձ կեսարյան հատում են իրականացնում միայն 22։00-ի սահմաններում, այն էլ միայն իմ պնդմամբ, և կեսարյան հատման համաձայնության փաստաթուղթն ստորագրել եմ գրեթե անգիտակից՝ 13 ժամ «անմարդկային ցավից» հետո։ Երեխայիս ճիչը չեմ լսել, կարծում եմ՝ ինձ հանգստացնող դեղ են տվել, որովհետև ոչինչ չեմ հիշում վիրահատությունից հետո: Հաջորդ օրն իմացա, որ երեխաս ծնվել է ծայրահեղ ծանր վիճակում, ծանր թթվածնային քաղցով, անշունչ, որից հետո մոտ 20 օր երեխաս գտնվել է ծայրահեղ ծանր վիճակում: Այդ ընթացքում հիվանդանոցի տնօրենը ինձ կանչել է իր մոտ և ասել, որ ցավում է, բայց երեխան բուժում չունի:

Մենք համապատասխան հետազոտություն ենք արել և պարզել, որ երեխան թթվածնային քաղցի պատճառով ստացել է ուղեղի լուրջ վնասվածք: Մասնագետները նշում են, որ երեխան բուժում չունի, նրան սպառնում է հաշմանդամություն, չի կարող քայլել, նստել և խոսել։ Ու այս ամենը այն պատճառով, որ 12 ժամ ջրազատում արված են թողել, երեխան խեղդվել է և ծնվել սրտի կանգով։ Իկարհե դրանից հետո փորձել են վերակենդանացնել, բայց ուղեղի որոշ բջիջներ արդեն մահացել էին»։

Մայրը վստահ է՝ իր երեխան առողջական այդպիսի ծանր վիճակում է հայտնվել այդ օրվա ծնունդ ընդունող բուժանձնակազմի և տնօրենի անտարբեր վերաբերմունքի հետևանքով։ «Նրանք իրենց պարտականությունները կատարել են ոչ բարեխիղճ, երեխայի ծնունդն ընդունել են ուշացումով, ինչը երեխայի առողջությանը հասցրել է ծանր, անդառնալի վնաս»,- նշում է երեխայի մայրը։

Ծնողներն իրավապահ մարմիններին են դիմել երեխայի ծնվելուց 20 օր անց, հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝ դրանց նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով, եթե բուժվող հիվանդի առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս:

Դեպքից անցել է 7 տարի, սակայն գործը դեռ քննվում է։ Ծնողների խոսքով, հիմա ամեն ինչ արվում է՝ գործը փակելու համար։

Մեզ հետ զրույցում մեկ այլ ծննդկան էլ նշեց, որ փոխել է իր անմիջական բժշկին, քանի որ վերջինս անընդհատ գումար է պահանջել իրենց՝ հորդորելով դրամարկղում մուծումներ չանել, այլ տալ իրեն, իսկ երբ հրաժարվել է գումար տալ՝ վերջինս իրեն վիրավորել է։

«2023 թվականի հոկտեմբեր ամիսն էր, երբ իմացա հղի եմ, գնացի ծննդատուն՝ մի բժշկի մոտ, ում մոտ մինչև այդ էլի եղել էի, և ունեցել չզարգացող հղիություն։ Երեք ամիս իր մոտ գնալով՝ անընդհատ գումարներ տվել եմ, բայց մի անգամ երբ չեմ տվել, շատ մունաթով, շատ իմիջիայլոց վերաբերվեց․ ասում էր, որ անշնորհակալ եմ, որ կարողանում եմ հիվանդանոց տաքսիով գնալ, տաքսիների վճարել, բայց բժշկին վճարելու համար գումար չունեմ։ Հետո՝ այցերից մեկի ժամանակ, ասաց, որ եթե պետական մուծում անեմ (75.000 դրամ) ինքը դրանից օգուտ չի ունենա և առաջարկեց՝ արի քեզ էն 15 «լևի» հղիների հետ գրանցեմ, ներքևում մուծում մի արա։ Հետո մտածեցի, որ ավելի լավ է բժշկին փոխեմ, բայց ինքն անընդհատ ինձ զանգում, կանչում էր իր մոտ։ Զանգերից մեկի ժամանակ էլ ասացի, որ գումար չունեմ գալու համար, ասաց՝ հարևան-բարեկամից պարտքով վերցրու արի։ Ու դա եղավ մեր վերջին խոսակցությունը»,- նշում է նա։

Զրուցեցինք նաև մի մանկաբարձ-գինեկոլոգի հետ, ով նախընտրեց անանուն մնալ։ Նրա խոսքով՝ պետք չէ միայն բուժառուի խոսքերի հիման վրա կարծիք կազմել բժիշկների մասին, քանի որ դեպքերի մեծամասնությունը չափազանցված են, կամ չեն ներկայացվնում բժիշկի տեսանկյունից։

«Բժշկից բողոքելը շատ սուբյեկտիվ է․ամեն դեպքում բժիշկը հազարավոր կյանքեր է փրկում, օրական տասնյակ հղիների ընդունում ու ապահովում իրենց հղիության հարթ ընթացքը, ու մի անգամ՝ ինչ-որ բարդացած դեպքում, որի ժամանակ էսպես թե էնպես տվյալ դեպքը պետք է տեղի ունենար՝ իր հետևանքներով, դա վերագրել մանկաբարձական բռնությանն ու մեղադրել բժշկին, առնվազն արդար չէ։ Էլ չեմ խոսում մասնագետի անունը, բարի համբավը արատավորելու մասին։ Բժիշկը մարդ է, ով իր կյանքը դրել է հիվանդներին աջակցելու, կյանքեր փրկելու գործին, այս դեպքում մենք գինեկոլոգներս՝ հղիների։

Մասնավոր դեպքեր լինում են, բայց հարցին բազմակողմանի պետք է նայել․ սա լուրջ բժշկական թեմա է, ու պատմելով չի կարելի կարծիք կազմել. մասնագիտական հետազոտություն է անհրաժեշտ՝ իմանալու, թե որ դեպքը ինչի հետևանք է, և արդյոք կա՞ բժշկական բռնություն կամ դեպքը անուշադրության հետևա՞նք է, թե՞ ոչ։

Ես ինձ հետ տեղի ունեցածի օրինակը բերեմ․ իմ հղիներից մեկին բացատրում էի, որ ծննդաբերելուց առաջ ուշադիր պետք է լինել, որոշ բաներ կան, որոնց ուշադրություն պետք է դարձնել, օրինակ՝ հնարավոր է արյունային արտադրություն, որի դեպքում շտապ պետք է գալ հիվանդանոց, քանի որ վտանգավոր է՝ և՛ իր, և՛ երեխայի կյանքի համար, պտղի խաղին պետք է հետևել, պտղաջրերի արտահոսքին, որի դեպքում ևս պետք է շտապ գալ հիվանդանոց։ Հղին կարծես հասկացավ, բայց երեկոյան զանգում է ինձ իր մայրիկը և սկսում բղավել՝ ասելով, որ ես իր աղջկան վախեցրել եմ, ես ինչ բժիշկ եմ, որ չեմ հասկանում՝ հղիին ինչ կարելի է ասել, ինչ չէ, ոնց կարելի է 22 տարեկան աղջկան նման բան ասել և այլն։ Հիմա բժշկական տեսակետից ես ճիշտ եմ արել, հղիին պետք է իրազեկել, թե որ պարագայում ինչ անի, զգուշացնել, որ հղին նման իրավիճակում չնստի տանը ու սպասի երբ կանցնի կամ չիմանա ինչ անել։ Իսկ իրենց տեսակետից եթե նայենք, կասեն՝ ես հղիին հոգեբանական բռնության եմ ենթարկել, իրենց տեսանկյունից գուցե ասենք՝ իրոք, այդ ով է եղել, որ էդպիսի վիճակի է հասցրել աղջկան։

Փայտը երկու ծայր ունի, հետևաբար ամեն մեկն իր կողմից է եղելությունը ներկայացնում, որտեղ կարող են լինել շատ չափազանցություններ։ Չի կարելի մեկի պատմածով եզարակցություններ անել բժշկի կամ բուժհաստատության մասին։ Բայց ևս այնպես պետք է ասեմ, որ այո, լինում են բժշկական թերացումներ, կարող են լինել նաև միմիանց չհասկանալու, վերաբերմունքի փոփոխության հարցեր։ Ես դրանք չեմ ժխտում, ոչ էլ կարող եմ բոլորի փոխարեն պատասխանել, բայց 1,2 կամ 10 դեպքով հասարակությունում բոլոր գինեկոլոգների մասին վատ կարծիք ձևավորելը սխալ է։ Բա հետո՞, ի վերջո այսպես վատ լույսի ներքո ներկայացնելը կարող է հղիի մոտ արդեն իսկ վախ ներշնչել ու տրամադրել բժշկի դեմ»,- եզրափակեց գինեկոլոգը։

Հայաստանում վերջերս նաև լայն տարածում է գտել ծննդաբերությանը ծննդօգնության աջակից անձի՝ դուլլա ներկայությունը, ով այդ ընթացքում աջակցում է հղի կնոջը։ Թեմայի վերաբերյալ զրուցել ենք նաև ծննդօգնության աջակից դուլլա՝ Իվետա Քոսյան-Սուվորովայի հետ․

«Նախ ուզում եմ ասել, որ մինչև ինչ-որ երևույթ գինեկոլոգիական բռնություն դիտարկելը, պետք է հասկանալ, թե որն է գինեկոլոգիական բռնության սահմանումը միջազգայինորեն, քանի որ ԱՀԿ-ն շատ հստակ սահմանում ունի այդ թեմայի վերաբերյալ։ ԱՀԿ-ն գինեկոլոգիական բռնությունը հստակ բաժանում է երեք մեծ կատեգորիաների՝ ֆիզիկական բռնություն, հոգեբանական բռնություն և տնտեսական բռնություն, որոնց տակ կան նաև այլ մանրամասներ։

Հայաստանում նոր է սկսել գործածվել այս արտահայտությունն ու գաղափարը, որի շուրջ բավականին խմորումներ կան, կարծես թե մենք ցանկանում ենք աշխարհին ասել, որ գիտեք մեզ մոտ այդպիսի երևյութներ չկան։ Բայց մի բան հստակ է․ մանկաբարձական բռնություն կա, և այն ամեն տեղ էլ եղել է, պարզապես մենք դրա մասին երբեք չենք խոսել, և անգամ հստակ չգիտենք թե որն է մանկաբարձական բռնությունը։

Շատ հաճախ կանայք տեղի ունեցած որոշ դեպքեր չեն դետարկում որպես բռնություն կամ ագրեսիա, քանի որ ընդհանուր առմամբ ընդունված է, որ դա նորմալ է, կամ ձևն այդպես է։ Եվ սա մեծ հաշվով կախված է նրանից, թե հղին ինչքանով է տեղեկացված։ Հաճախ հանդիպող դեպքեր են նաև ծննդաբերող կնոջ վրա գոռալը, դրանով փորձելը նրան այսպես ասած «կարգի հրավիրել»։ Սա հստակ խոսում է ցածր, անորակ բուժօգնության մասին, քանի որ ծննդաբերող կինը առանց այն էլ խոցելի վիճակում է, և նրան պետք է միայն աջակցել, տարատեսակ միջամտությունների կարիք է լինում, որոնցից կինը ուժասպառ է լինում և ասում են՝ «լաչառ էր» ու բարկանում են վրան։ Իրականում հանգիստ խոսքը հղիին ավելի շատ կօգնի, քան «սթափեցնող» բղավոցը։

Կինը պետք է ունենա արժանապատիվ բուժծառայության մատուցում, իսկ մի կնոջ, որի վրա գոռում են, բարկանում են կամ առավել ևս խփում, ինչը որ ես լսել եմ, ոչ մի կերպ չի կարող համարվել արժանապատիվ՝ անկախ նրանից, թե երևույթը ինչպես է ընկալում տվյալ կինը։

Բազմաթիվ դեպքեր կան, երբ հղին գնում է ծննդաբերության, որի ժամանակ կատարվում են մանիպուլյացիաներ, բժշկական միջամտություններ, որոնք կատարվում են առանց կնոջը տեղեկացնելու, ինչն, ըստ ԱՀԿ-ի, ևս բռնություն է։ Լինում են նաև դեպքեր, երբ անձնակազմում լինում են անհատներ, դա կլինի բուժքույր, մաքրուհի, ովքեր «ռեպլիկներ» են անում կնոջ արտաքինի մասին․ «վայ, դու շատ ես չաղացել», «վայ թմբլիկ ջան, «պոնչիկ ջան» և այլն, կամ կինը դաջվածքներ է ունենում ու մեկը որոշում է ասել․«Դաջվածքներն արել է, բայց հիմա տեսեք-տեսեք ծննդաբերության ժամանակ գոռում է, չի դիմանում, բա էդ ո՞նց ես դիմացել», և այլն։ Կամ կնոջը կոպտում են ու չեն թողնում ինքը որոշակի ձայն հանի։ Եվ զավեշտալին այն է, որ սա մեր հասարակությունում նորմալ է ընդունվում, և կանայք չեն խոսում սրա մասին՝ խուսափելով կոնֆլիկտներից։

Ես՝ որպես ծննդաբերության աջակից անձ, պետք է ասեմ, որ քանի դեռ մենք կոծկում ու չենք բարձրաձայնում, չենք ընդունում, որ կա նման խնդիր, այդ խնդիրը երբեք էլ չի լուծվի։ Այսօր մենք փաստացի չունենք որևէ տվյալ, թե Հայաստանում ինչ տոկոսի է հասնում մանկաբարձական բռնությունը։

Ինձ համար բռնության տեսակ է նաև այն, որ բժշկական հաստատությունում արգելում են կնոջը ունենալ աջակից անձ, սա իրավունքների խախտում է, քանի որ, ըստ մեր օրենքի, կինը ունի իրավունք՝ ունենալ աջակից անձ՝ ըստ իր ընտրության։ Սակայն մենք դեռ ունենք կլինիկաներ, որոնք փակ են աջակից անձանց համար առահասարակ, և նաև այնպիսինները, որոնք բաց են, բայց որոշ բժիշկներ իրենց պացիենտներին կրկին արգելում են»,- ասաց Իվետան։

Առհասարակ ծննդաբերության ընթացքում կանայք շատ խոցելի են դառնում և հաճախ չեն կարողանում պաշտպանել իրենց այլոց վատ վերաբերմունքից, ուստի բռնության հետևանքները կարող են լուրջ լինել ինչպես մոր, այնպես էլ երեխայի համար։

Իսկ կնոջ և բուժաշխատողների միջև բռնության հետևանքով առաջացած հարաբերությունները հաճախ հանգեցնում են նրան, որ կինը անվստահություն է տածում առողջապահական ծառայությունների նկատմամբ։

Մելքոնյան Մանուշակ

Ամենից շատ դիտված

18:43 Երևանյան լճից դուրս են բերվել 2 աշխատակիցները. մեկին փրկել են, մյուսը ջրահեղձ է եղել. shamshyan.com
21:35 Ողբերգական ու առեղծվածային դեպք՝ Երևանում․ 26-ամյա տղայի կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել․ shamshyan.com
00:19 Անհայտ կրթությամբ մի կին «թարս սիլլա է քաշում» մի ողջ համայնքի վրա. Սողոմոնյան
16:45 Կրեմլն արձագանքել է Ալեն Սիմոնյանի հայտարարությանը
12:46 Արագածոտնի մարզում «Opel»-ով վթարի է ենթարկվել գյուղերից մեկի դպրոցի զինղեկը. shamshyan.com
21:58 2 տարի առաջ կրակել են վրան, հիմա ծեծել. Արեն Մկրտչյանի տեռորը Ալավերդիում
19:46 Քանյե Ուեսթը 17 պոռնո տեսանյութ է հրապարակել X-ում
16:38 Աշխարհում կա 2 կամ 3 պետություն և ժողովուրդ, որոնց մասին խոսելիս մեր դիվանագետները չեն ասում «սրանք». Աննա Հակոբյան
12:05 Շքեղ ավտոմեքենաների գողություն և վերավաճառքի սխեմա՝ Մայամի Բիչում․ ձերբակալվածների թվում երկու հայ կա
23:08 Ցմռան ցրտին կտրել են լույսը, գազն ու ջուրը. Դիլիջանում պատսպարված արցախցիներին վտարում են