Ուղիղ եթեր

ՀՀ փոխարտգործնախարը ՄԱԿ-ում Գարեգին Նժդեհին ֆաշիստ է համարել

Ներքին Արտաքին 4 ամիս առաջ - 14:00 04-12-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Դեկտեմբերի 2-ին տեղի ունեցած ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեի 114-րդ նստաշրջանի ժամանակ Հայաստանի հարցով զեկուցող Յունգ Քամ Ջոնը հայտարարել է, որ կոմիտեն տեղեկատվություն է ստացել՝ Հայաստանում այնպիսի անձանց հուշարձանների տեղադրման մասին, ինչպիսին Գարեգին Նժդեհն է, ով «համագործակցել է ֆաշիստական ​​ռեժիմի հետ և հանցագործություններ է կատարել մարդկության դեմ»։

Նա հայկական պատվիրականության ղեկավար, Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանին խնդրել է պարզաբանել, թե Հայաստանում գործող դպրոցական ծրագրերն ինչպես են հաշվի առնում պատմության բոլոր ասպեկտները, նպաստում հանդուրժողական միջավայրի ստեղծմանը` առանց խտրականության:

Վահան Կոստանյանը ոչ միայն չի կարողացել պատշաճ կերպով արձագանքել Նժդեհին ուղղված մեղադրանքներին, այլև փաստացի համաձայնել է, որ վերջինս ֆաշիստ է։ Նա իր ելույթում նշել է, որ Հայաստանը նույնպես զգացել է այս հարցի բարդությունը, ուստի այժմ վերանայում է իր դպրոցական ծրագրերը։

Հատկանշական է, որ Հայաստանի արտաքին գործերի փոխնախարարն իր խոսքում չի համարձակվել անգամ Գարեգին Նժդեհի անունը հիշատակել։ Նա միայն հայտարարել է, որ Նժդեհը Հայաստանի և հայ ժողովրդի համար կարևոր պատմական դեմք է եղել միայն 20-րդ դարի սկզբին, սակայն ոչ ավելի ուշ (նկատի ունի Երկրորդ համաշխարհային պատերազմի շրջանում-խմբ․)։

Կոստանյանի պատասխանը սակայն չբավարարեց Հայաստանի հարցով զեկուցողին։ Յունգ Քամ Ջոնը նկատեց, որ Նժդեհի արձանի շուրջ վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումները վկայում են այն մասին, որ նա հայ հասարակության համար դեռևս արդիական է մնում։

Այսպիսով՝ Հայաստանի արտաքին գործերի փոխնախարարի շուրջ ծավալված այս սկանդալը հերթական անգամ փաստում է, որ գործող իշխանությունները կոմպետենտ չեն և ի զորու չեն դիմագրավել պետության առջև ծառացած մարտահրավերներին։ Ավելին՝ վերջիններս իրենց գործուենությամբ դրանք էլ ավելի են խորացնում, ինչով հաջորդ իշխանություններին կամա թե ակամա չափազանց ծանր ժառանգություն են թողնելու։

Դատելով Կոստանյանի խոսքից՝ ենթադրում ենք, որ Գարեգին Նժդեհի գործունեությունն այս պահին ՀՀ իշխանությունների կողմից վերախմբագրվում է, ինչն արդեն կարտացոլվի Հայոց պատմության 9-րդ դասարանի նոր դասագրքերում, որոնք լույս կտեսնեն հաջորդ տարի։ Խաղաղության դարաշրջանի համատեքստում չենք բացառում, որ պատմության դասագրքերում Գարեգին Նժդեհն անգամ «ֆաշիտ» կորակվի, ով իր գործունեությամբ անդառնալի վնաս է հասցրել «հայ-թուրքական և հայ-ադրբեջանական դարավոր բարեկամությանը»։

Հավելենք նաև, որ սա ամենևին էլ վատատեսական ենթադրություն չէ։ Ընթերցողներին ցանկանում ենք հիշեցնել, որ Հայաստանի կրթական գերատեսչության ներկայիս ղեկավարը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեսյանը տարիներ առաջ հայտարարել էր, որ «նժդեհյան գաղափարախոսությունը ֆաշիստական գաղափարախոսություն է»։ «Այդ նժդեհյան գաղափարախոսությունը, ըստ էության, ֆաշիստական գաղափարախոսություն է․․․ իրականում շատ վտանգավոր մեզ համար՝ որպես հասարակություն, 21-րդ դարում, որովհետև հիմնված է աշխարհի հանդեպ ագրեսիվ կոնցեպցիայի, աշխարհից փակվելու և սեփական գերազանցությունը մյուս հասարակությունների նկատմամբ սահմանելու մոլուցքով։ Եթե հանենք բոլոր սիրուն բառերն ու թողնենք իր կմախքը, իրականում կմախքը սա է։ Դա շատ վտանգավոր է»,- ասել էր նա։






Ամենից շատ դիտված

23:00  Ոչ մի օր՝ առանց Արցախի. կա մեկ Բաքու, մեկ Զավոկզալնի և մեկ Վաչկոս
16:25 Սարսափ, ապոկալիպսիս, Ահեղ դատաստան․ ի՞նչ է ասում «Պապերի մարգարեությունը»` Հռոմի 112-րդ պապի մահվան մասին
16:47 Ես ոչ ստալինապաշտ եմ, ոչ էլ տերտեր․ Աջապահյանի պատասխանը՝ Վահագն Ալեքսանյանին
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
12:01 Մահացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը
20:10 Ջենիֆեր Լոպեսը ելույթ կունենա Հայաստանում. հայտնի են համերգի օրը և տոմսերի գները
22:48 Գյումրիի քաղաքապետարանում Վարդան Ղուկասյանը կադրային «շաբաթօրյակ» է անում
10:57 Այս գիշեր ահավոր ա եղել, ավելի շատ են կրակել, հայհոյանքներ են հնչեցրել հովիվների հասցեին․ Խնածախի բնակիչ
23:17 Ովքեր են պապական գահի գլխավոր հավակնորդները. Bild
21:25 Հայկական պատմամշակութային ժառանգության բռնայուրացման նոր փորձ․ Բաքվում «Արևմտյան Ադրբեջան» հեռուստատեսություն է բացվել